Պատմությունը յուրահատկություն ունի կրկնվելու՝ իր վատթարագույն դրվագներով, եւ այդ կրկնության մեջ դեռեւս չմոռացված ու չմարսված հինը կարող է ներկայանալ ու հրամցվել որպես «լավագույն նոր»։
Երբ հեղափոխության ոգեշնչող ռոմանտիզմը վերածվում է պարզունակ շահախնդրության, կարիք է լինում վերադառնալու ճնշումների ավանդական «հին ու բարի» մեթոդներին, որոնց միջոցով հնարավոր է դառնում հասարակության մեծ մասին մանիպուլացնել ու ուղղորդել ցանկալի ճանապարհով։ Եվ քանի որ Հայաստանն այլեւս ժողովրդավար երկիր է (դեռ)՝ լեգիտիմ վարչապետով ու լեգիտիմ օրենսդիր մարմնով, հետեւաբար, ուղղակի ճնշումները՝ գոնե այժմ եւ գոնե մեծ մասով, բացառվում են, եւ փոխարինելու են գալիս անուղղակի ճնշումները։
Ստեղծվել է մի անհեթեթ մթնոլորտ, երբ տիրող իրավիճակի ու մտայնությունների մասին հասկանալի է դառնում համացանցային գրառումների, «լայվերի» եւ դրանց «լայքերի» ու հայհոյախառն «քոմենթների» միջոցով։ Ինչքան շատ են իշխանամետ գրառումների հավանումները, այնքան բարձր է իշխանության վարկանիշը։ Գրառումների տակ ինչքան շատ են քննադատողներին ուղղված սպառնալիքներն ու հայհոյանքները, այնքան բարձր է իշխանության լեգիտիմությունը։ Որովհետեւ, ըստ այդ տրամաբանության, օրվա իշխանություններին քննադատողներն ուղղորդված են եւ կեղծ, իսկ նրանց սպառնացողներն ու հայհոյողները ՀՀ հպարտ քաղաքացիներն են՝ ժողովուրդը, ահա նոր իրավիճակի տրամաբանությունը՝ իր ողջ պերճանքով ու թշվառությամբ։ Եվ քանի որ իրավիճակն այսպիսին է, եւ ժամանակն է այդպես պարտադրվում՝ այս կամ այն ուժերի կողմից ստեղծվում եւ ուղղորդվում են կեղծ օգտատերերի բազմաթիվ խմբեր։
Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում