ՀՀԿ-ՔՊ զուգահեռների թեման այս օրերին բարձր է հնչում հասարակական հարթակներում: Նախ՝ համեստ ապրելակերպի, ճոխությունների, ծառայողական մեքենաների, վերանորոգված աշխատասենյակների եւ այլնի մասին: Ոչ միայն իշխանավորները, այլեւ բոլոր մարդիկ պետք է գտնեն ծայրահեղ ժուժկալության եւ անիմաստ ճոխության միջեւ նուրբ բալանսը, ոսկե միջինը: Թե ինչու է ագահությունն ու չտեսությունը վատ՝ պարզ է: Բայց, իմ կարծիքով, մերժելի է նաեւ մյուս ծայրահեղությունը, որովհետեւ դա էլ է, ի վերջո, մեծամտության, ինքնագովեստի մի ձեւ՝ «տեսեք, թե ինչ լավն եմ ես, ինձ ամեն ինչից զրկում եմ»:
Եթե հնարավորություն ունես ավտոմեքենա գնելու, բայց ցուցադրաբար երթեւեկում ես տրոլեյբուսով, դա, ինձ թվում է, փարիսեցիություն է: Մյուս կողմից՝ եթե կառուցում ես մի քանի միլիոն դոլարանոց պալատներ, որոնց սենյակների տեղն անգամ չգիտես, եթե օգտվում ես ոսկե զուգարանակոնքից կամ երթեւեկում ես 4-5 մեքենաներից բաղկացած շարասյունով, դա արդեն, թույլ տվեք ասել, «գյոռմամիշություն» է (իրավական կողմը, կոռուպցիան եւ այլ բաները մի կողմ թողած): Կոլեկտիվով խաշի գնալը նորմալ է, բանակից արձակուրդ եկած որդու հետ սրճարանում նստելը՝ նույնպես: Մոնումենտում դղյակներ կառուցելն ինձ համար ընդունելի չէ՝ մանավանդ հաշվի առնելով հայաստանցիների միջին կենսամակարդակը: Այդ առումով ներկա իշխանությունների «միջուկը» կազմող մարդիկ, վստահ եմ, չափը չեն անցնի, եւ զուգահեռներն այստեղ իսկապես տեղին չեն: Ավելացնեմ նաեւ, որ պաշտոնյաները պետք է ունենան իրենց գործունեությունն իրականացնելու համար պատշաճ պայմաններ, որոնք նախատեսված են օրենքով:
Բայց այս խնդիրը միակ հարթությունը չէ, որտեղ կարելի է զուգահեռներ անցկացնել ներկա եւ նախկին իշխանավորների միջեւ: Կա մի ոլորտ, որտեղ իսկապես կա նմանություն՝ դա վերաբերմունքն է քննադատությանը: Օրինակ՝ ԱԺ-ում իշխանության կուսակցությունը ներկայացնող երիտասարդ պատգամավորները երբեմն այնպիսի բաներ են խոսում, որ մարդ, մեղմ ասած, մնում է զարմացած: Եթե որեւէ մեկն արձագանքում է այդ փաստը, դա դեռ չի նշանակում, որ նա պատվեր է կատարում, ծախվել է հանրապետականներին եւ այլն: Ցանկացած քննադատական բառի կապակցությամբ չարժե զայրանալ, վրդովվել, սպառնալ: Եթե քննադատությունն արդար է, պետք է համապատասխան եզրակացություններ անել: Եթե անարդար է՝ ինչ արած, թող քննադատողը մնա իր մոլորության մեջ:
1990-ականների սկզբին ՀՀՇ-ականները պնդում էին, որ իրենց հետ բոլոր չհամաձայնողները թաքնված դաշնակցականներ են, 1998-ից հետո քոչարյանականները կարծում էին, որ իրենց թերությունները նշողները ծպտյալ ՀՀՇ-ականներ են: Հիմա ՔՊ-ականներն ամեն մի քննադատության հետեւում ուզում են տեսնել հանրապետականների ականջները: Քանի իրավիճակները կրկնվում են, հակված եմ մտածել, որ խնդիրը ոչ այնքան իշխանությունների մտածելակերպի, որքան մեր քաղաքական մշակույթի մակարդակի մեջ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հիմա ոչ միայն երիտասարդ իշխանավորները,այլև բոլոր երիտասարդները տարեցների ոչ մի խորհուրդ կամ քննադատություն չեն ընդունում,նույնիսկ իրենց ուսուցիչների….,որոնց շնորհիվ ձեռք են բերել գիտելիքները,որոնցով հպարտանում են:Կարծում եմ սա ազգային սովորություն է դարցել՝անցյալը ջնջել,նորը չկառուցել….
նախնիները ծաղրել ու արհամարհել, ժխտել անոնց նուազագոյն իսկ վաստակը, համարել թէ անոնք միայն վատ ու վնասակար բաներ են ասել ու արել… մինչ իրենք ինչ որ անեն, կամ նոյնիսկ որ չանեն, մեզ կը մնայ միայն հիանալ, քանի բոլորը ի ծնէ հանճարներ են…
եւ մանաւանդ, վայ, չպէ՛տք է որ որեւէ բան իսկ սովորեն նախնիներից. քանի դա կարող է միայն զիրենք փճացնել.
brave new world…
Հարգելի Արամ Աբրահամյան,
մեզանից յուրաքանչուրը, իր տեղում կարող է ինչ-որ բան փոխել։ Ուզում են Ձեր ուշադրությունը բեվևռել վերջին ժամանակների լրագրողական դաշտի մակարդակի վրա։ Հասկանալի է, որ այս բարդագույն և հակասական ժամանակահատվածը, երբ չկա մի ոլորտ, որը լրջագույն փոփոխությունների կարիք չունենա, շատ բարենպաստ և պարարտ հող է լրագրողական ախորժակի և ֆանտազիաների համար։ Սակայն գոյություն ունեն արհեստավարժություն և պատասխանատվություն ասված հասկացությունները։ Եթե չեմ սխալվում, լրագրողը պարտավոր է իրազեկել, ընդորում ճշտված տեղեկատվությունը, առանց սեփական մեկնաբանությունների և ընդամենը։ Մի հետազոտություն, հետևություններ, լուրջ փաստարկների փոխարեն ամբողջ դաշտը լցված է լրատվական աղբով, որոնք ավելի շուտ հիշեցնում են “ռազբոռկա” ասվածը՝ Նիկոլի կինը Փարիզում խանութ էր գնացել, ծնունդ են արել, խաշ են կերել․․․ Հասկանալի է, որ մենք այժմ անծայրածիր խոսքի ազատության ներքո ենք ապրում, բայց դա չի նշանակում, որ լրատվությունը ընթերցողին իրավունք ունի հրամցնել նման օպուսներ։ Որպես քաղաքացի փաստում եմ, որ լրագրողական դաշտի մակարդակը շատ ցածր է և լրագրողական հանրությունը լուրջ անելիքներ ունի այս ուղղությամբ, նախքան էլ ավելի իրավունքներ պահանջելը։ Որպես օրինակ ներկայացնեմ այս նյութը, որը տպագրվել է ևս “Հրապարակ” թերթում։ https://www.aravot.am/2019/01/16/1009713/#comment-1187877
Խնդիրը այն է թէ, ինչպէս որ մի այլ թերթի խմբագիրը վերջերս գրեց, Հայաստանի մէջ Մամուլը այժմ, ստիպուած ու հարկադրաբար, միակ Ընդդիմութիւնը կը հանդիսանայ՝ խակ, անփորձ, անճարակ, յաճախ շուարած, մինչ բացարձակապէս միաձոյլ ու մենատէր իշխանութեան մի դիմաց, որ շատ աւելի զբաղած է երեւոյթներով եւ ձեւերով, քան թէ խորքային նիւթերով: Մինչ երկրին առջեւ՝ ռիսկերն ու վտանգները սարսափելի են:
Այս պատճառով է որ երբեմն կարգ մը ԶԼՄ-ներու խստութեան աստիճանը չափազանցուած կրնայ թուիլ, երբ որ քննադատութեան թիրախը աննշան երեւոյթ մըն է:
Նախընտրելի է սակայն որ այդպէս լինի, քան թէ բոլորն ալ դառնան բարեացակամ, կամ ել աւելի վատ՝ ենթարկուին:
Պատկերացնենք թէ ինչ է լինելու կացութիւնը, եթէ Մամուլն ալ զանգուածային կերպով միայն փառաբանէ նոր իշխանութիւնը, հիացմունք, սիրահարութիւն եւ կոյր վստահութիւն յայտնէ անոր, ծափահարէ ու տեւաբար «ներէ» անոր երբեմն սոսկալի սխալներն ու թերութիւնները, եւայլն.
Իսկ պատահաբար անարդար քննադատութիւններն ալ նորելուկները թող համարեն նոյնպէս դաստիարակչական, քանզի կարիքը ունին նաեւ իրենց մորթը կարծրացնելու, տոկուն դառնալու: Սկսեալ իրենց Վեհագոյն Պետից: Որու պարագային դա մանաւանդ օգտակար կը լինի իրեն ու մեր բոլորին, արտաքին ճակատի վրայ:
Երբ որ վերեւի գրառումս կատարեցի, տակաւին չէի կարդացած այսօրուայ լուրերը – այստեղ ժամը ձեզանից ինը ժամ ետ է – :
Հիմա որ կարդացի, կարծեմ թէ Միակ Ընդդիմութիւն-Մամուլը բաւարար չափով խիստ չէ, նոր իշխանութեան ուղղուած քննադատութիւններով:
Լուր որ ասում եմ, ակնարկում եմ միայն իշխանութեան անդամների տառացի խօսքերին, չակերտներով մէջբերումներին, ոչ թէ լրագրողի կարծիքների կամ վերլուծական յօդուածների… Զարհուրելի է… Այս մարդոց համար բացարձակ անկարելիութիւն է դիմագրաւելը թէ իրենք երբեւիցէ որեւէ սխալ կարող են անել…
Կարծես որոշ լրագրողներ դիտմամբ են անում, հիմնականօրէն հրապարակելով միայն իշխանաւորների այդ յայտարարութիւնները… քանզի դա արդէն բաւարար է, որ ողջամիտ ընթերցողը խորապէս մտահոգուի…
Ինը ամիս, փորձելէ ետք պետական բարձր պաշտօններու վրայ այդ ժամանակամիջոցին տեղաւորուած անձերու կարողութիւնները, եւ տեսնելով թէ անոնցմէ որոնք իսկապէս յարմար չէին այդ մակարդակի պաշտօններու համար, Վարչապետը դարձեալ գրեթէ անոնք բոլորն ալ տեղադրեց նոյն մակարդակի պաշտօններու վրայ :
Սա նշանակում է որ Պարոն Փաշինյանն է տալիս օրինակը իր շրջապատին, թէ բնաւ ու երբէ՛ք պէտք չէ ընդունիլ որեւէ սխալ:
Իր հեղինակութեան անվայել մտայնութիւնը այն է թէ, եթէ այդ գատրերը կամացուկ մը իսկ, նոր ընտրութիւնների առիթով, փոխէր, դա մեկնաբանուելու էր որպէս իր անձնական ձախողութիւնը: Այսինքն, նախընտրելի է կրկնել սխալը, ի վնաս համայն երկիրն, քան թէ ընդունիլ որ դա սխալ էր:
Չի կարելի…
Իհարկե, կառուցողական քննադատությունը ողջունելի է և, ինչ խոսք, օգտակար բոլորի համար: Մեր ներկայիս երկիրը մի վառ օրինակ է, թե ինչ կարող է լինել, երբ այն իսպառ բացակայում է: Սակայն, չընկնենք ծայրահեղությունների գիրկը: Այսօր բոլորը, հասկացող-չհասկացող դարձել են քննադատող և մեկնաբան, կատաղի պայքար է գնում ընդդիմադիրի թափուր տեղի համար: Հարց՝ իսկ դատավորները ովքեր են… Դատավորը, այս երկրում ապրողն է, այս երկրում երեխա դաստիարակող և կրթողն է, այս երկրի սահմանը պաշտպանողն է: Թե ինչին է ունակ Փաշինյանի կառավարությունը, ապագան ցույց կտա և ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը, ինչպես դրեց այսօր: Փաշինյանը կուռք չէ, պարզապես նա այն մարդն է, որը խարխլեց ավազակների և թալանչիների համակարգը, որից մենք ազատվելու այլևս ոչ մի հույս չունեինք: