Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինում ԵՄ-ին ասում էինք, թե իբր կոռուպցիայի դեմ ենք պայքարում, հիմա այդ իբր-ը չի լինելու»

Հունվար 17,2019 15:30

Հովհաննես Իգիթյանի պատասխանը՝ Աշոտյանի հոռետեսական կանխատեսմանը

«Ստիպված եմ անել հոռետեսական կանխատեսում՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չի վավերացվի 2019 թվականի ընթացքում»,- օրեր առաջ այսպիսի կանխատեսում էր արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նույնպես իրատեսական չէր համարել, որ այս տարի կվավերացվի համաձայնագիրը:

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Ռուբեն Ռուբինյանը համաձայնագրի վավերացման հետ կապված ասաց, որ իսկապես մի քանի երկրներ են դեռ վավերացրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. «Ցանկացած երկրում ընտրությունները բնականաբար կարող են ազդել վավերացման ընթացքի վրա, եւ դա բնականոն գործընթաց է»,- ասաց Ռուբինյանը: Նշենք, որ համաձայնագիրն այս պահին՝ այն ստորագրելուց 1 տարի անց, վավերացրել է ընդամենը ԵՄ անդամ 9 երկիր 28-ից՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան եւ Դանիան:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանն «Առավոտի» հետ զրույցում հարցին՝ Աշոտյանը մտահոգություն է հայտնել, որ համաձայնագիրը չի վավերացվի, Դուք կիսո՞ւմ եք այդ մտահոգությունը՝ պատասխանեց. «Ես բոլորին հարց եմ տալիս՝ նրանք կուրախանա՞ն, եթե Հայաստանը դանդաղի, թե՞ նրանք կուրախանան, եթե Հայաստանը հաջողություններ ունենա: Խոսքը այսօր Նիկոլ Փաշինյանի հաջողության մասին չէ: Խոսքը այսօր Հայաստանի՝ թե՛ գործադիրի, թե՛ օրենսդիրի, թե՛ մեր ժողովրդի առաջընթացի մասին է: Այդ պատճառով եմ ես այսօր ԱԺ-ում գտնվում: Ես նույնիսկ իրենց՝ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ ուրախանում էի, երբ որ մեր ժողովրդին, մեր պետությանը ինչ-որ լավ բան էին անում: Ես չեմ կարծում, որ հիմա մի բան կդանդաղի: Նախկինում իրենց հարաբերությունները ԵՄ-ի հետ ավելի շատ իմիտացիոն բնույթ էին կրում: Մենք ԵՄ-ի մեր գործընկերներին ասում էինք, թե իբր ժողովրդավարության զարգացումներ ենք անում, իբր բարեփոխումներ, իբր կոռուպցիայի դեմ էինք պայքարում, իբր… իբր: Հիմա այս իբր-ը չի լինելու: Երբ որ այսօր մենք ասում ենք, որ մենք գնում ենք ազատ, անկախ ընտրությունների համակարգ ստեղծենք, այս վերջին ընտրությունները դրա ապացույցն են: Հայաստանում այլեւս ժողովրդի կողմից է լինելու իշխանության փոփոխությունը՝ ազատ ընտրությունների միջոցով: Սա է այն զսպող մեխանիզմը, որը մեզ կդրդի, որ աշխատենք այնպես, որ չհիասթափեցնենք ընտրողին: Ինչ վերաբերում է նրան, թե ԵՄ-ի հետ համաձայնագիրը արագ կվավերացվի՞, թե՞ որոշ երկրներ դա ուշ կանեն՝ դա իրենց ներքին պրոցեդուրան է»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ մենք այդտեղ անելիք չունե՞նք, Իգիթյանը պատասխանեց. «Մենք այն մասով, ինչքանով որ այդ համաձայնագիրն աշխատում է, դա մենք անում ենք արդեն եւ կանենք ավելին»:
Հովհաննես Իգիթյանը հիշեցրեց այն բանաձեւը, որը Հայաստանին անընդհատ հիշեցնում էին ԵՄ-ից՝ «ավելին՝ ավելիի դիմաց»: Իգիթյանի խոսքով՝ «այսօր այդ ավելին այնքան է աճել, ընդ որում՝ ժողովրդի կողմից սպասելիքներն ավելի մեծ են, քան թե մենք, որպես իշխանություն, կարող ենք տալ, եւ մենք վաղուց անցել ենք այդ սպասելիքները նաեւ ԵՄ-ի կողմից: Այն, ինչ իրենք ենթադրում էին, որ մեր ժողովուրդը տարիների ընթացքում՝ 10 տարվա ընթացքում պետք է անի, մեր ժողովուրդը դա արեց մի քանի ամսվա ընթացքում: Եվ այս ձեւով ենք մենք աշխատելու առաջիկայում»:

Մեր դիտարկմանը, որ մենք արել ենք ավելին, բայց դրա դիմաց ավելին չենք ստանում, ու դա նույնպես համարում են իշխանությունների ձախողումը՝ Իգիթյանը պատասխանեց. «Եթե ուզում եք պրագմատիկ խոսենք, այն ծրագրերը, որ իրենք ֆինանսավորում են, այդ ծրագրերը արդեն քննարկվում են՝ ինչպես պետք է աշխատեն: Ցանկացած եվրո, որը գալիս է մեր գործընկերներից որպես օգնություն կամ որպես խորհրդակցություն, պետք է էֆեկտիվ ձեւով աշխատի: Ոմանք ասում են, թե հունիսից կարելի էր դա օգտագործել: Հունիսին մենք կիսաձեւավորված գործադիր ունեինք եւ ունեինք չգործող ԱԺ: Չգործող, որովհետեւ նախկին իշխանությունը բարիկադացրել էր ԱԺ-ն ու պահում էր, ձգտում էր պահել հավերժ: Իսկ հիմա մենք ունենք արդեն ժողովրդի կողմից ընտրված ԱԺ, ձեւավորում ենք գործադիրը: Մենք մեր կողմից կպահանջենք գործադիրից, ու գործադիրը ինքն էլ կաշխատի այդ գումարները արդյունավետ օգտագործել: Եվրոպայի հարկատուները, որոնք լավ վիճակում էլ չեն գտնվում այսօր, իրենք հենց այնպես մի եվրոն չպետք է ուղարկեն Հայաստան: Ինքը պետք է հասկանա, որ այստեղ կյանքն է բարելավվում, կամ համակարգն է զարգանում, ժողովրդավարությունը եւ այլն: Այս տեսակետից որեւէ հոռետեսական բաներ չկան: Եթե նախկինները այս ձեւով են փորձում կառուցել իրենց քաղաքական ռազմավարությունը, ճիշտ չեն անում, որովհետեւ ժողովուրդն այսօր նեգատիվից հոգնել է: Ժողովուրդն ինքը ոչ միայն ուզում է պոզիտիվը լսել, ինքը ուզում է տեսնել: Ինձ թվում է՝ մի քիչ էլ կոռեկտ չէ, երբ մերոնցից՝ մեր քաղաքացիներից մեկը անընդհատ ուրախանա, թե՝ նայեք, ձեզ մոտ ոչ մի բան չի ստացվել: Դա ոչ մի առումով ճիշտ չէ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

16.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել