Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կառուցվածքի փոփոխմանն եմ կողմ»

Հունվար 17,2019 15:00

Ջուլֆալակյանը սպորտի նախարարության օպտիմալացման հարցով առաջարկներ է ներկայացրել

Կառավարության կառուցվածքում սպասվող փոփոխությունների, մասնավորապես սպորտի նախարարության օպտիմալացման հետ կապված «Առավոտը» զրուցեց հունահռոմեական ոճի ըմբիշ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ:

Մեր հարցին՝ սպորտի նախարարության գործառույթները եթե դրվեն կրթության եւ գիտության նախարարության վրա, Դուք մտահոգություններ չունե՞ք, դա ճի՞շտ լուծում է սպորտի համար, Ջուլֆալակյանը պատասխանեց. «Միայն կրթության եւ գիտության նախարարության վրա չի դրվում գործառույթը, այնտեղ լինում է սպորտի փոխնախարար, որը զբաղվելու է սպորտի հարցերով, այդ ամբողջ աշխատանքը համակարգելու է փոխնախարարը: Եթե այդ կառուցվածքը հաստատվի, բաժանումներ են լինելու՝ մշակույթի փոխնախարար, սպորտի եւ այլն: Դեռ քննարկումները շարունակվում են, չեմ ասում, որ արմատական փոփոխություններ կարող է լինեն, բայց հիմնավորումը ե՛ւ պարոն վարչապետի, ե՛ւ թիմի հետեւյալն են, որ առանձին-առանձին վերցրած նախարարությունները, ոչ միայն սպորտի, նաեւ նրանք, որոնք ներառվել են, նախկինում որոշ դեպքերում դանդաղկոտություն են դրսեւորել, որոշ դեպքերում՝ ոչ այնքան արդյունավետություն: Այսօր կա որոշումների արագ իրականացման, այսինքն՝ արդյունքների արագ գրանցման խնդիր: Զուտ դա է եղել գլխավոր մղիչ ուժը օպտիմալացնելու, այլ ոչ ֆինանսների կրճատումը, ինչը որ փորձ է արվում ներկայացնել հաճախ: Այսինքն՝ դա չի առաջնային խնդիրը»:

Արսեն Ջուլֆալակյանն ասաց, որ ինքը մի քանի առաջարկ է այդ առումով ներկայացրել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին ու այն ժամանակ փոխվարչապետ, ներկայումս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին. «Առաջարկները եղել են տարբեր՝ սկսած սպորտկոմիտեի հետ վերադառնալու տարբերակը, առաջարկել եմ տարբեր երկրների փորձը, թե որտեղ ինչ տարբերակ կա, բայց բնական է, որ դա պետք է քննարկվի: Ես չգիտեմ՝ ինչ է մշակույթը մտածում, ուզո՞ւմ է այդպիսի կառուցվածք, որ սպորտի հետ միասին լինի՝ տուրիզմի հետ: Ես պատկերացնում եմ, որ փոքր ծավալով նախարարություն լինի՝ սպորտի, մշակույթի եւ տուրիզմի: Ես բացարձակ համաձայն եմ, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը այն որակի չի աշխատել, ինչ նրանից սպասել ենք, ես ինքս բազմիցս քննադատել եմ»: Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ կո՞ղմ եք այդ նախարարության օպտիմալացմանը՝ Ջուլֆալակյանը պատասխանեց. «Ես կառուցվածքի փոփոխմանն եմ կողմ»:

Մյուս կողմից էլ՝ Ջուլֆալակյանը կարծում է, որ կառավարչից շատ բան է կախված. «Ամեն ինչ գալիս է աշխատանքից: Ես չեմ կարծում, որ եթե նույն մարդկանցով նույն կառույցը աշխատեցնես՝ ինչ անուն ուզում ես դնես, այլ որակ կլինի: Կարծում եմ, որ պետք են փոփոխություններ: Եթե տարիներ շարունակ մարդիկ աշխատել են եւ չեն կարողացել դրսեւորվել այնպես, ինչպես պահանջն է եղել, ուրեմն խնդիրը անձի մեջ է, այլ ոչ կառուցվածքի: Բայց հիմա ես տեսնում եմ, որ սպորտի նախարարությունը փոփոխությունների կարիք ունի: Շատ ավելի ցանկալի կլիներ, որ սպորտի նախարարությունը, թեկուզ այլ կառուցվածքով, ավելի անկախ լիներ: Միգուցե բարդ լինի որոշումների վերջնական հաստատումը նման մեծ նախարարության մեջ, նաեւ այդ նախարարության պատասխանատվությունն է մեծանում»:

Մեր հարցին՝ նախաօլիմպիական տարի է, մարզիկները օլիմպիադայի ուղեգրերի համար պետք է պայքարեն այս տարի, ու այս ծանրաբեռնված տարում սպորտի համար նման որոշումն արդարացվա՞ծ է, Ջուլֆալակյանը պատասխանեց. «Այդ առումով շատ հպանցիկ կոնսուլտացիա եմ ունեցել Օլիմպիական կոմիտեի նախագահի հետ եւ հասկացա, որ Օլիմպիական կոմիտեն պատրաստ է այդ լիազորությունները ստանձնել եւ մասամբ կօգնի կրթության, գիտության, սպորտի այդ ծավալուն նախարարությանը: Այսօր գաղափարը դա է, որ ֆեդերացիաները օգնեն, նաեւ ազգային օլիմպիական կոմիտեն աշխատի»:

Հարցին՝ որպես ոլորտի մարդ, Դուք պնդելո՞ւ եք Ձեր ներկայացրած առաջարկներն ընդունելու, եթե դրանք չընդունվեն, ի՞նչ դիրքորոշում եք ունենալու, Ջուլֆալակյանը պատասխանեց. «Ես, իմ պատկերացմամբ, լավագույն տարբերակները ներկայացրել եմ, բայց չեմ կարող ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա վերցնել: Ես մենակ չեմ, այսօր կա սպորտի նախարարի պաշտոնակատար, որը պետք է իր դիրքորոշումը հայտնի, հետաքրքիր կլիներ լսել նրա, Օլիմպիական կոմիտեի նախագահի դիրքորոշումը»:

Մեր հարցին՝ Դուք մեծ սպորտը թողնելու եք 1,5 տարի հետո, դա ենթադրում է, որ պարբերաբար պիտի ունենաք հավաքներ ե՛ւ արտերկրում, ե՛ւ այստեղ, ինչպե՞ս եք դա համատեղելու ԱԺ-ում ձեր գործունեության հետ՝ հատկապես, որ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ անհարգելի բացակայությունները չեն ներվելու, Արսեն Ջուլֆալակյանն ի պատասխան ներկայացրեց իր հաշվարկը, ըստ որի՝ 20 օրը մեկ քառօրյա նիստեր են, իսկ իր սպորտային գրաֆիկը թույլ տալիս է 20 օրը մեկ դա անել: Հանձնաժողովի նիստերին էլ Ջուլֆալակյանը պատրաստ է ներկա լինել: Ինչ վերաբերում է ՀՀ-ից դուրս հավաքներին՝ մարզիկն ասաց, որ դա համընկնում է ԱԺ արձակուրդների հետ՝ ամռանն է լինում. «Տարվա մեջ երկրից բացակայում եմ 60 օր՝ 365-ից, երբ պատրաստվում ենք աշխարհի առաջնությանը: Ոչ մի մտավախություն չունեմ այդ առումով»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

16.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել