Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալիեւի հանկարծակի լավատեսությունն ու հերթական հաթաթաները

Հունվար 17,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ

«Հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմաններ»՝ ըստ Ալիեւի

Ադրբեջանի իշխանությունները վերջին ամիսներին մի կողմից՝ փորձում են տպավորություն ստեղծել, թե իրական հնարավորություններ կան ղարաբաղյան բանակցությունների ինտենսիվացման ուղղությամբ, մյուս կողմից՝ այդ հնարավորությունների շրջանակներում պաշտոնական Բաքվի դիրքորոշումն են առաջ տանում՝ կարծես ցույց տալով, թե իրենք են «թելադրողն» ու պահանջներ ներկայացնողը:

Ահա, դեկտեմբերի կեսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե այս պահին բարենպաստ պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար. «Կարծում եմ, որ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար: Կան բազմաթիվ գործոններ, որոնք հիմք են հանդիսանում այսպիսի հայտարարության համար»: Ապա նա նշել էր, թե այսօր միջազգային թատերաբեմում Ադրբեջանին «մեծ հարգանքով են վերաբերվում». «Աճում է մեր միջազգային հեղինակությունը, որի մասին ես բազմիցս եմ խոսել, եւ սրանք միայն խոսքեր չեն: Միջազգային հարաբերությունների բազմաթիվ որոշումներ եւ բանաձեւեր արտացոլում են Ղարաբաղյան հակամարտության հարցում մեր դիրքորոշումները»:

Միեւնույն ժամանակ Ալիեւը ցույց է տալիս, որ շարունակելու է շանտաժի քաղաքականությունը. «Բաքուն կշարունակի մեկուսացնել Հայաստանին, մինչեւ Ադրբեջանի գրավյալ տարածքները չազատագրվեն»: Մի կողմից՝ Ալիեւը «նպաստավոր պայմաններ» է տեսնում ԼՂ կարգավորման գործընթացում, մյուս կողմից՝ սպառնում Հայաստանին:

Դեկտեմբերի կեսին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով Բաքվում էր՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների նիստին էր մասնակցում, որտեղ առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Թեեւ Լավրով-Չավուշօղլու հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետեւում, այնուամենայնիվ Թուրքիայի ԱԳ նախարարը լրագրողներին որոշ մանրամասներ է ներկայացրել հանդիպման վերաբերյալ։ Թուրքական աղբյուրները որոշ տեղեկություններ էին հաղորդել նաեւ Ալիեւ-Չավուշօղլու հանդիպումից։ Հայտնի էր դարձել, որ հանդիպմանը քննարկվել էր նաեւ ղարաբաղյան հակամարտության թեման, որի ընթացքում էլ Չավուշօղլուն ընդգծել էր, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին արցախյան հակամարտության հարցում Ադրբեջանի «տարածքային ամբողջականության պահպանման համատեքստում»։

Լուկաշենկոն ու «հինգ շրջանները» 

Այն, որ Ալիեւը Հայաստանում իշխանափոխությունն օգտագործելու էր որպես առիթ պաշտոնական Բաքվի համար ղարաբաղյան բանակցություններում նոր «էջ» բացելու համար, թերեւս զարմանալի չէ: Ադրբեջանն օգտվում է Հայաստանի իշխանությունների՝ ժամանակ ձգելու, բանակցային նրբություններին ծանոթանալու, ինչու չէ՝ անփորձ լինելու հանգամանքից:

Այստեղ առավել կարեւոր է, թե Հայաստանի իշխանությունները, որոշակիորեն ոգեւորված Դուշանբեի վերելակային պայմանավորվածություններից, երբ են գիտակցելու, որ Ալիեւը բավական խորամանկորեն փորձում է փոխել ուժերի հարաբերակցությունը հայկական ու ադրբեջանական կողմերի միջեւ հենց բանակցային համատեքստում:

Այժմ ողջ աշխարհին Բաքվի պահանջներն ու դիրքորոշումը ներկայացնելու ակտիվ փուլում են Ադրբեջանի իշխանությունները: Ալիեւի դաշնակիցներն էլ հետ չեն մնում նրանից: Հիշենք դեկտեմբերին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրերին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ղարաբաղյան թեմաներով անկեղծացումները:

Նա մամլո ասուլիսի ընթացքում որոշ մանրամասներ էր բացահայտել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Ղարաբաղյան խնդրի շուրջ ծավալված դռնփակ քննարկումներից. «Երեւանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ես կոչ արեցի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին փոխզիջումների գնալ՝ հակամարտությունը կարգավորելու համար: Հետո արդեն անկեղծորեն ասացի՝ լսիր, Սերժ, վերադարձրու հինգ շրջանները, ի՞նչ կարիք կա դրանք պահելու, չէ՞ որ այնտեղ մարդիկ չեն բնակվում: Իսկ նա թե՝ եթե վերադարձնեմ, ադրբեջանցիները մեր ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը եւ այլն»:

Այնուհետեւ Լուկաշենկոն պատմել էր, թե ինքն ու Ռուսաստանի նախագահը խոստացել են խաղաղապահներ մտցնել հայկական կողմի անվտանգությունն ապահովելու համար: «Ես եւ Պուտինը հստակ ասացինք՝ զորք կմտցնենք եւ թույլ չենք տա, որ ադրբեջանցիները նման քայլի գնան: Սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվեց՝ ասելով՝ ոչ, չենք ուզում: Անհասկանալի է՝ ինչո՞ւ, չէ՞ որ այդ հինգ շրջանները դատարկ են»,- տարակուսել էր Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, որ եթե Հայաստանը համաձայներ, Ադրբեջանն այսօր կլիներ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ. «Դա է այն պայմանը, որի դեպքում Ադրբեջանը կանդամակցի այդ կազմակերպություններին»:

Հայաստանի դաշնակից պետությունների ղեկավարները, որոնք ժամանակ առ ժամանակ ադրբեջանանպաստ հայտարարություններով են հանդես եկել՝ չթաքցնելով համակրանքը Ալիեւի նկատմամբ, առաջիկայում եւս, ըստ ամենայնի, ղարաբաղյան ուղղությամբ հանդես կգան «առանձին» ջանքերով ու ուղերձներով՝ հրապարակային եւ կուլիսային: Լուկաշենկոյի հիշեցումն իրականում ցույց է տալիս, թե ինչ տրամադրություններ են առկա Հայաստանի դաշնակից երկրների ղեկավարների մոտ նաեւ հիմա:

Միլանում հանգամանալից ծանոթացել են միմյանց դիրքորոշումներին

Դեկտեմբերի կեսին Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները գրեթե միաժամանակ անդրադարձան Ղարաբաղյան խնդրին` Թվիթերի իրենց էջերում գրառում կատարելով: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր` հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. «Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գրել էր. «2019 թվականը նոր թափ կհաղորդի խնդրի կարգավորմանը»:

Թեման զարգացրեց Ադրբեջանի արտգործնախարարը: Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առաջին անգամ որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում՝ ասաց Էլմար Մամեդյարովը Բաքվում դիվանագիտական կորպուսի անդամների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով իր եւ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Միլանում կայացած հանդիպմանը։

«Կարծում եմ՝ իմ հայ գործընկերոջ հետ Միլանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ առաջին անգամ փոխըմբռնման ենք հասել, որը երկար ժամանակ մեզ չէր հաջողվում։ Իմ ժամանակի մեծ մասը ես նվիրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելուն: Դա կլինի նաեւ հաջորդ տարվա գլխավոր խնդիրը։ Կարեւորը շոշափելի արդյունքների հասնելն է»,- նշել էր Ադրբեջանի արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ Մնացականյանն ու Մամեդյարովը Միլանում հանդիպել էին դեկտեմբերի 5-ին։ Մինչդեռ Հայաստանի արտգործնախարարությունն այս հանդիպման առիթով ընդամենը նշել էր, որ երկու երկրների ԱԳ նախարարների թվով երրորդ հանդիպումը միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին, եւ այդ հանդիպմանը ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն։

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն ստիպված եղավ պարզաբանում ներկայացնել Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի հետ փոխըմբռնման վերաբերյալ պաշտոնական Բաքվի հայտարարությանն ի պատասխան: Ի՞նչ փոխըմբռնման մասին է խոսքը… ՀՀ ԱԳՆ-ից նշեցին. «Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձեւավորված դինամիկան»։ Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձեւաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ: ԵԱՀԿ նախարարների խորհրդում դեկտեմբերի 6-ի իր ելույթում, որը նույնպես հրապարակվել է ՀՀ ԱԳՆ կողմից, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է այդ հայտարարությանը` ընդգծելով, որ անշուշտ ոգեւորիչ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ եւ ընդունել հնգակողմ հայտարարություն: Նա հավելեց, որ այդ հայտարարությունը վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարեւորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման եւ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ: Նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել, կողմերն ընդունել են առաջարկը: Մնացականյան-Մամեդյարով չորրորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ տեղեկություններ թերեւս առաջիկա օրերին կստանանք:

Մի բան պարզ է՝ պաշտոնական Բաքուն անցել է «ավանդական» մեթոդի կիրառմանը՝ կառուցողական բանակցությունների հնարավորությունների ստեղծման քարոզչություն, որը զուգահեռաբար, ցանկալի արդյունքներ չարձանագրելու պարագայում, կհամեմվի սպառնալիքի ու շանտաժի հռետորաբանությամբ:

Սկիզբը՝ այստեղ

Ամփոփումը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  16.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031