2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հայտնի իրադարձությունների հետեւանքով Հայաստանում նոր իրավիճակ է ստեղծվել: Նշվեց, որ թավշյա հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը բոլոր բնագավառներում, այդ թվում նաեւ՝ առողջապահության:
Լինելով միայնակ թոշակառու՝ անկախացման տարիներին օգտվել եմ շուրջ 6-7 առողջապահական կենտրոններից, ունեցել եմ տարբեր վիրահատություններ պետպատվերի ծրագրով: Այդ «մի ցանցի» պատմությունը, որը պատահեց ինձ հետ, տեղի է ունեցել այս տարվա դեկտեմբերի 3-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում: Ունենալով աճուկային ճողվածք՝ պետք է վիրահատվեի: Իմ երկարամյա փորձից ելնելով՝ դիմել եմ ինձ կցված բուժող բժշկին՝ Արշակ Գեւորգիչին, հարցնելով՝ ով է ինձ վիրահատելու: Նա պատասխանեց. «Մենք երկուսով ենք վիրահատելու՝ Արմինե Ռոբերտովնայի հետ»: Եվ այստեղից սկսվեց «մի ցանցի» պատմությունը: Ժամեր անց ինձ իր մոտ է հրավիրում Արմինե Ռոբերտովնան, եւ երկար բանակցություններից հետո պարզվում է, որ այսպիսի վիրահատությունների ժամանակ «ցանց» է տեղադրվում, եւ քանի որ պետպատվերի ծրագրում դա չկա, ուստի այդ մասին պետք է հոգամ ես, եւ տվեց մի կլորիկ գումարի անուն: Ես ասացի, որ ցանցի համար գումար տալուն պատրաստ չեմ, բայց պատրաստ եմ իմ հնարավորության սահմաններում գումարային հատկացում կատարել վիրահատության եւ հետագա բուժման ընթացքում ինձ հետ առնչվող անձանց: Այդպես էլ ցանցը չդրվեց: Ես կատարեցի իմ բոլոր խոստումները, որի համար զղջում եմ: Ցանկացած քաղաքացի պետք է կարողանա պաշտպանել իր իրավունքները եւ օգտվի հեռախոսային «թեժ գծերից»: Ակնհայտ է նաեւ այն փաստը, որ ոչ մի առողջապահական հիմնարկում չկա պատին փակցված առողջապահության նախարարության «թեժ գծի» հեռախոսահամարը: Ես այդ հեռախոսահամարին հանդիպել եմ միայն նախարարության շենքում:
Երբ «Հանրապետական» հիվանդանոցը վերածվեց «Արմենիա» ԲԿ-ի, տնօրինությունը սկսեց ընթանալ շահութաբերության ուղիով: Ընդհանուր հիվանդասենյակները կրճատվեցին եւ վերածվեցին VIP պալատների՝ օրական 10.000 դրամ արժողությամբ, որի մեջ ընդգրկված է նաեւ սնունդ:
Քանի որ ես օգտվել եմ ընդհանուր եւ նաեւ VIP պալատների ծառայությունից, նշեմ, որ ընդհանուր հիվանդների 80-90%-ը օգտվում է 3 եւ ավելի մահճակալանոց սենյակներից, որոնք զուրկ են զուգարաններից, նույնիսկ անշարժ ու խնամքի կարիք ունեցողները պետք է օգտվեն միջանցքներում եղած պետքարաններից:
Բոլոր հարկերի բաժանմունքներում կան ոչ թե ճաշասենյակներ, այլ ամենուրեք գրված է՝ ճաշարան: Այդ ճաշասենյակներում դրված են սեղաններ, աթոռներ, 3-4 սառնարաններ, որոնք լիքը լցված-խցանված են՝ նույնիսկ ամիսներով մնացած կերակրատեսակներով: Չկան բացատրություններ հիվանդներին, որ նրանք պարտավոր են դուրս գրվելուց հանել իրենց սնունդը, որպեսզի պայմաններ ստեղծվեն նոր հիվանդների համար: Իսկ ադմինիստրացիան, բաժնի վարիչները այդ ամենը չնկատելու են տալիս:
Հարգելի առողջապահության պատասխանատուներ, ազգաբնակչության 30-40%-ը ծանր վիճակում գոյատեւում է: Շահութաբերությամբ աշխատանքը լավ բան է, բայց ոչ խեղճուկրակ մարդկանց հաշվին: Երբ իմ պալատի անչափահաս աղջնակին եմ հիշում, որը օրուգիշեր խնամում էր ծանր վիճակում գտնվող հորը, առանց դպրոց հաճախելու, պատկերացնում եմ նրա ապագան:
Ինչքան բարերարներ, տարբեր ազգություններ եւ երկրներ օգնության ձեռք են մեկնում մեր առողջապահությանը, ամեն տեսակի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով են մեզ բավարարում, իսկ համակարգում աշխատող տնօրենները պետությունից օգտվելով, կիսաքաղց մարդկանցից հավելավճարներ պահանջելով, իրենց անձնական շահերն են հետապնդում:
Ես վիրահատվել եմ նաեւ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցում, վիճակը նույնն է ամենուրեք: Համակարգի բոլոր օղակներում ոչ միայն VIP մասնավոր վճարովի պալատներ են գործում, այլ նաեւ վարձակալությամբ տրվում են դեղատներին, կրպակներին, սննդի օբյեկտներին, ախտորոշման կենտրոններին եւ այլն: Հասկանալի է՝ վերոնշյալ օբյեկտները գործում են հարկային դաշտում: Ես դիմում եմ նաեւ Պետական եկամուտների կոմիտեին` ՊԵԿ-ին. թող ուսումնասիրեն ոչ միայն հարկային գործունեությունը, այլ նաեւ մասնավոր կազմակերպությունների կողմից օգտագործվող մակերեսները, ծախսված ջրի, էլեկտրաէներգիայի վճարման ծախսերը նպատակայի՞ն են օգտագործվում, թե՞ գնում են մեկի գրպանը: Ե՞րբ է բարձրացվել վերջին անգամ բուժանձնակազմի աշխատավարձը: Հիվանդանոցների դեղամիջոցների մի մասը հայտնվում է վճարովի դեղատներում:
Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում հատուկ մատյանում ստորագրել տվեցին, որ ես ընդունել եմ հասանելիք բոլոր դեղամիջոցները, իսկ դուրսգրման պահին ինձ տրվեց դեղատոմս՝ մի ամբողջ դեղացանկով: Այս ամենը վկայում է այն մասին, որ առողջապահական համակարգում կան պաշտոնեական դիրքի բազում չարաշահումներ, որը եւ խոչընդոտներ է ստեղծում ամբողջ համակարգի օպտիմալացման գործընթացներին:
ԱՇՈՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
16.01.2019