Հայաստանում լույս է տեսնում «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գիրքը, որը չկա վաճառակետերում եւ նույնիսկ Հայաստանի ազգային գրադարանում:
Գարեգին Ղազարյանը դիմել է դատարան, հայտնել, որ 2017 թվականի հուլիսի 23-ին պատասխանողը հրատարակել է «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գիրքը. «Փողկապով «խաչագողը» ինձ որեւէ օրինակ չի տվել, թեպետ, առնվազն բարոյապես, պարտավոր էր գոնե վաճառել իրեն, եթե ոչ՝ առավել եւս ընծայել: Եվ դա պատահական չէ: Պատասխանողն անձամբ գիտակցել է, որ միայն առանձին մարդկանց շրջանում տարածած սույն գրքից, իր իսկ ձեռամբ, իր անձնատվյալների արտաքսմամբ եւ գրքի նենգափոխված ձեւով ու բովանդակությամբ արդեն՝ հրապարակայնորեն արատավորել է իմ՝ հայցվորի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը՝ զրպարտության եւ վիրավորանքի միջոցով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի նորմերի իմաստով, գրագողություն է կատարել հայցվորիս ստեղծագործական գործունեության արդյունք հանդիսացող՝ հեղինակային իրավունքի օբյեկտից՝ օրենսգրքի 63-րդ գլխի եւ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի իմաստներով»:
Նա հայտնել է, որ գրքի՝ իր խմբագրած եւ սրբագրած նախահրատ տարբերակը պատասխանողին հանձնել է առձեռն 2017թ. մայիսի 30-ին, իր իսկ հիշյալ հասցեով բնակարանում, իսկ գրքի ցանկերի համակարգչային շարվածքը, այն է՝ հեղինակային իրավունքների կառավարման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվությունը, իր հենց թույլտվությամբ եւ ներկայությամբ, պատասխանողի էլեկտրոնային հասցեին է փոխանցվել 2017թ. հունիսի 1-ին:
Այս գործով հայցվորն առաջին հայցադիմումները դատարան է ներկայացրել 2017թ. օգոստոսի 21-ին եւ 22-ին՝ պահպանելով Քաղօրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետի պահանջները, այն է՝ վիրավորանքի եւ զրպարտության մասին իրեն հայտնի դառնալու պահից հետո մեկ ամսվա ընթացքում եւ ոչ ուշ, քան վիրավորանքի եւ զրպարտության պահից (2017թ. հունիսի 1-ից հետո) վեց ամսվա ընթացքում։
Դատարանի հայցադիմումը մուտքագրվել է 2017թ. օգոստոսի 22-ին:
«Ինձ հետին «հարիֆի» տեղ դնելով, պատասխանողը չարաշահել է վստահությունս՝ իբրեւ մանրապճեղ շահախարդախ եւ, Մեծամեծն Գարեգին Նժդեհի սկզբունքորեն ստորակարգած՝ «անմրցելի մնացող հայ տականք»,- նշել էր հայցադիմումում Գ. Ղազարյանը:
Ըստ հայցվորի, պատասխանողը գիտակցաբար, առանց թույլտվության վերացրել է եւ փոխել է հեղինակային իրավունքների կառավարման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվությունը, գիտակցաբար տարածել է եւ մատչելի դարձրել վերոնշյալ վերացմանը եւ փոփոխմանը ենթարկած՝ հեղինակային իրավունքի օբյեկտը (տվյալ գրքի՝ հայցվորի կազմած ցանկերը):
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Գարեգին Ղազարյանի՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության, հեղինակային իրավունքի պաշտպանության՝ հեղինակային իրավունքի գրանցումը չեղարկելու, ոչ նյութական վնասի դրամային հատուցման եւ գումար բռնագանձելու պահանջների մասին «հյութեղ» գործի մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»: