Լրահոս
Օրվա լրահոսը

Օդաչուն եւ փոքրիկ աղջիկը

Հունվար 17,2019 12:30

Աստղիկը երեք տարեկան էր, երբ սկիզբ առավ հայոց համաժողովրդական շարժումը՝ հայ ժողովրդի պայքարը Արցախը Հայաստանին միավորելու անկոտրում հավատով: Հայրը՝ Մովսեսը, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության օդաչու էր եւ առաջին իսկ օրերից անդամագրվեց համազգային բազմահազարանոց շարժմանը: Նա Ազատության հրապարակից վերադառնում էր ուշ, համբուրում քնած դստեր փափլիկ ձեռքերի վրա գոյացած ծալքերն ու պառկում քնելու: Այն օրերին, երբ Մովսեսը վաղ էր վերադառնում տուն, հայր ու դուստր սիրում էին երկար խաղալ նավթով վառվող լամպի լույսի ներքո հյուրասենյակի կենտրոնում դրված մեծ ճաշասեղանի շուրջ, Աստղիկը վազում էր, հայրը փորձում էր բռնել նրան ու այդպես մինչ փոքրիկն ուժասպառ էր լինում: Հայրը նրան գրկում էր, բարձրացնում գլխից վերեւ, Աստղիկն անզուսպ կրկչում էր: Մովսեսի հյուրընկալ օջախում վառարանի վրա կարտոֆիլ էին խորովում, աղ ցանում ու սեւ հացի վերջին կտորները կիսում հարեւանների հետ:

Մութ ու ցուրտ տարիներն էին թեւակոխել հայ ժողովրդի պատմության մի նոր փուլ: Խորհրդային միությունից անկախանալով եւ չունենալով բնական գազի եւ նավթի պաշարներ՝ Հայաստանը հայտնվել էր շրջափակման մեջ, փակվել էր Ադրբեջան-Հայաստան գազամուղը: Վրաստանից Հայաստան կառուցված գազամուղն, անցնելով Վրաստանի Մարնեուլ ադրբեջանաբնակ փոքր քաղաքով, մի քանի անգամ պայթեցվել էր:
Մարդիկ ստիպված էին նախամարդու նման ապավինել հորի ջրին, մոմի լույսին եւ կտրտած փայտին, վառում էին այն, ինչ գտնում էին՝ այգու ծառերի հատած ճյուղերը, խորհրդային ինտելիգենտ հասարակության գրադարակներում հանգրվանած գրքերը, ցրտից դողացող երեխաներին նայելով՝ երբեմն նաեւ փայտե դռներն ու կահույքը: Հանապազօրյա հացի համար հերթեր էին գոյանում, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը մարդիկ դժվարությամբ էին հայթայթում: Անկոտրում հավատն ու կամքի ուժն էր ապրեցնում հայ մարդուն:

Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն այնքան հաճախ էին լինում, որ ուսանողներն այդ տարիներին ճանապարհի կեսն էին տրոլեյբուսով դասի գնում, մյուս կեսը կտրում անցնում էին ոտքով՝ խանդավառությամբ քննարկելով Ղարաբաղի ազատագրման հարցի պատմական նշանակությունը նորանկախ Հայաստանի, հայ ժողովրդի համար։ Հայրենասեր ու անվախ այդ ուսանողներից էլ ձեւավորվեցին առաջին կամավորական ջոկատներն ու, հաճախ առանց ծնողներին ճշմարտությունն ասելու, մեկնեցին ռազմաճակատ:

Լաչինի ու Կուբաթլուի մատույցներում, Կոռնիձոր-Մալխալափ հատվածում ծանր մարտեր էին ընթանում, Արցախի հյուսիսային շրջանները հրետակոծվում էին, Մարտակերտ քաղաքի ուղղությամբ թշնամու ճնշումը մեծանում էր:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում էր, որ վերջնական հաղթանակը պատկերացնում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Զանգեզուրն ու Սեւանի ավազանը հայերից մաքրելու տեսքով:

Շահումյանի բնակչությունը տեղափոխվում էր Հայաստան, իսկ բռնագրավված բնակավայրերի բնակչությունը՝ Ստեփանակերտ…

Մինչ ռազմական ավիացիայի ստեղծումը Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության օդաչուներն էին Արցախ տեղափոխում մարդասիրական օգնություն, կամավորական ջոկատներ, վառելանյութ, Արցախից Երեւան՝ վիրավոր, զոհված ազատամարտիկներ եւ խաղաղ բնակիչներ։

Հերթական թռիչքից հետո, երբ Մովսեսը տուն էր վերադառնում, ճանապարհին երկար էր փնտրում որեւէ բաց կրպակ (կոմիսիոն)՝ երեխայի համար պարսկական շոկոլադ ու քացր ծամոն գնելու: Փոքրիկ աղջիկը չէր քնում եւ անհամբեր սպասում էր հորը: Նրա համար միշտ տոն էր հոր վերադարձը… Կինը՝ Արփենիկը, ամեն անգամ աղոթում էր ամուսնու՝ ողջ, առողջ վերադարձի համար: Ու երբ ուշ գիշերով Մովսեսը հոգնած տուն էր հասնում, կինն ու դուստրը նրան ամուր փաթաթվում էին՝ այլեւս երբեք բաց չթողնելու վճռականությամբ:

Սակայն Ղարաբաղի ազատագրման հարցը օրհասական էր հայ ժողովրդի համար, Արցախի նկուղներում ապաստանած հայ մանուկներն օգնության կարիք ունեին:

Մոբիլիզացված ավիացիայի մասնագետներից կազմավորվել էին օդաչուական անձնակազմեր, ուղղաթիռային օղակներ եւ էսկադրիլիաներ։ Աոաջին ստուգողական թռիչքները կատարված էին: Մովսեսը Արցախ մեկնող ուղղաթիռի օդաչուն էր:

Դեռ լույսը չբացված՝ նա զգուշությամբ մտավ ննջասենյակ, համբուրեց քնած դստերը, իրերը հավաքեց գորշ պայուսակի մեջ եւ կնոջ զարմացական հայացքին ի պատասխան՝ ասաց.

-Առավոտ շուտ կրկին թռնում եմ Ղարաբաղ: Կռվող տղաներին, նկուղներում պատսպարված կանանց ու երեխաներին պետք է սնունդ ու հագուստ հասցնենք: Մեր երեխու նման երեխեք են էնտեղ, Արփեն…
Առավոտ կանուխ Մովսեսն ուսապարկն ուսին դուրս եկավ տնից, տխուր մի հայացք գցեց իրենց բակի ճղակոտոր հինավուրց թթենուն, ժպտաց գունաթափ ճաղավանդակի արանքից իրեն նայող կնոջն ու մտահոգ հեռացավ…

Լույսը նոր էր բացվում Արարատյան դաշտավայրում: Երկինքը կապույտ մանուշակների գույնն ուներ։ Ուղղաթիռը հռնդյունով օդ բարձրացավ, մետաղյա խցիկում ամբարված էր պատերազմական գոտում գտնվող մի ողջ ժողովրդի հույսը…

Երեկոյան փոքրիկ Աստղիկը երկար նայում էր երկնքին, նա սպասում էր իր հայրիկի վերադարձին: Արփենիկն անհանգիստ էր, շարունակ նայում էր դեպի բակ եկող ճանապարհին, սակայն ամուսնու հաղթանդամ կերպարանքն այդպես էլ չհայտնվեց նրա տեսադաշտում: Հետզհետե մութը փռեց իր թեւերը քաղաքի անեզր ճամփաներին ու բարձրահարկ շենքերի անհամաչափ տանիքներին:

Հեռախոսը զանգեց: Օդանավակայանից էր. «Նա մեր խիզախ օդաչուն էր, ով հայրենիքի համար օրհասական պահին հանձն առավ այդ կարեւոր առաքելությունը… Պատերազմական գոտուց կանանց ու երեխաների տեղափոխող նրա ուղղաթիռը Արցախի օդային տարածքում խոցվել է ադրբեջանական զենիթահրթիռային համալիրից արձակված հրթիռից: Նա հայաբնակ շրջանների համար քսան տոննա ալյուր էր հասցրել Արցախ եւ այնտեղից պետք է տարհաներ կանանց ու երեխաների…»:

Արփենիկի ձեռքից լսափողը սահեց ցած…Նրա ուղղաթիռը ռմբահարվել էր: Մովսեսն այս անգամ ուղղություն էր վերցրել դեպի հավիտենություն… Նրա կյանքն ավարտվեց երկնքում…

Բազմաբնակարան շենքերից մեկի պատշգամբում ամեն օր մի փոքրիկ աղջիկ երկար նայում էր երկնքին. «Մամ, տես, սամալյոտ է գալիս, պապան է…Մամ, պապան բա ե՛րբ է իջնելու երկնքից…»:

Ռազմաավիացիոն ինստիտուտի շարահրապարակում բարձրահասակ, կանոնավոր դիմագծերով, խիստ հայացքով մի կուրսանտ մոտեցավ սպայական ուսադիրները ստանալու: Նրա ակնախորշերի անկյուններում ամբարված անսփոփ տխրություն էր նշմարվում:

-Աստղիկ Մովսեսի Արամյանը ներկայացավ սպայական կոչում ստանալու:

-Լեյտենանտ Արամյա՜ն:

-Ե՜ս եմ:

-Բարի ծառայություն: Կասկած չունենք, որ ձեր հոր ուղին ընտրելով պատվով կիրականացնեք ձեզ վստահված առաքելությունը՝ ի փառս հայոց եզերքի խաղաղության:

-Լսո՜ւմ եմ:

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

16.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031