ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) մասնակցությամբ հունվարի 16-ին Փարիզում կայացել են բանակցություններ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև: Համանախագահները նախ առանձին, հետո համատեղ հանդիպումներ են ունեցել նախարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Սա երկու նախարարների միջև արդեն չորրորդ հանդիպումն էր, ասվում է համանախագահները տարածած համատեղ հայտարարության մեջ:
Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով պետքարտուղար Ժան Բապտիստ Լըմուանը քննարկել է բանակցությունների արդյունքները համանախագահների հետ: Համանախագահները հյուրընկալվել են Ելիսեյան պալատում, որտեղ զեկուցել են նախագահ Էմանուել Մակրոնի բարձրաստիճան դիվանագիտական խորհրդականներին:
Համանախագահները նախարարներին երախտագիտություն են հայտնել գործադրվող ջանքերի համար՝ ուղղված արդյունքների միտված բանակցությունների մթնոլորտի պահպանմանը:
Նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը, և համաձայնության են եկել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության շուրջ:
Հանդիպումների ընթացքում համանախագահները նախարարների հետ քննարկել են բանակցային գործընթացի ներկա փուլի հիմնական սկզբունքները և չափորոշիչները:
Նախարարները և համանախագահները հնարավոր են համարել, որ հաջորդ քայլը կարող է լինել գագաթնաժողով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, որը նպատակ կունենա ուժեղ խթան հաղորդել բանակցությունների ընթացքին:
Համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխադարձ շահավետ նախաձեռնությունների կարևորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի օգտագործմանը:
Համանախագահները ծրագրում են մոտ ապագայում հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ, ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ