Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն անդրադառնալով լրագրողներից մեկի՝ Հայաստանում մենաշնորհներ լինել-չլինելու մասին հարցին, ասաց. «Նախկին ժամանակաշրջանում ձեւավորված մենաշնորհների առումով մենք պետք է որոշակի ազնիվ տեղեկատվություն փոխանակենք միմյանց:
Շաքարավազի ներկրողներն, այո, շատացել են, բայց արդյոք ՀՀ շուկան այնքան մեծ է, որ օրինակ տարիներ շարունակ այլ ոլորտներում մենաշնորհ դիրք ունեցողը հոժարակամ՝ տնտեսական մրցակցության առումով իր դիրքերը կուզենա կիսել այլ տնտեսվարողների հետ: Բնականաբար՝ ոչ»: Այդ դիրքերը տնտեսվարողները հոժարակամ չեն ցանկանում կիսել, որովհետեւ, ինչպես Անանյանն ասաց, հիմա գործում են տնտեսավարության համահավասարության կանոններ. «Եվ շատ դժվար է պատկերացնել՝ շուկան նույնն է, շուկայի սպառումը գրեթե նույնն է եւ շուկայում կարող են հայտնվել նոր խաղացողներ: Այս առումով մենք խնդիր ունենք: Բայց խնդիրը ոչ թե այն է, որ հիմա մտածում ենք ինչպե՞ս հաղթահարենք այդ խնդիրը, այլ՝ մենք մտածում ենք, թե ինչպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի սպառումն ավելանա, ինչպիսի պայմաններ ստեղծենք, որ օրինակ՝ ներկրվող շաքարն օգտագործվի որպես հումք արտադրության, որը կարտահանվի Հայաստանից դուրս: Ֆորմալ առումով մենք հայտարարում ենք՝ չկա մենաշնորհ, բայց տարիներ շարունակ մենաշնորհային դիրք ունենալու հետեւանքները մենք դեռեւս չենք թոթափել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ