ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԲՀԿ-ի կողմից առաջադրվել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:
Նա իր ելույթում ասաց, որ անգամ ամենաժողովրդավարական երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան ու բնականաբար, Հայաստանը չի կարող լինել բացառություն. «Երկու բանաձեւ ենք դնելու մեր աշխատանքում՝ փորձելու ենք բոլոր թիրախային խմբերին, որտեղ մարդու իրավունքների խախտումներ կան, բացատրել իրենց իրավունքները, երկրորդ բանաձեւը լինելու է «հավասար իրավունքներ բոլորին ու հատուկ արտոնություն ոչ մեկին սկզբունքը»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ արդեն 650 նամակ-դիմում է ստացել կալանավորներից, ցմահ ազատազրկվածներից, մանկատներից, հոգեբուժարաններից՝ տարբեր խնդիրների վերաբերյալ: Նա ասաց, որ հիմա զբաղվում է այն խնդրով, որ քրեակատարողական հիմնարկներում բուժհաստատությունները չենթարկվեն ՔԿՀ վարչությանը, որ կաշկանդված չլինեն:
Հանձնաժողովի գործառույթների մեջ է մտնում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հարցը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հիշեցրեց, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Զոհրաբյանին վիրավորական եւ սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ էին ուղարկել ու նա իր հանրային ելույթներից մեկի ժամանակ հորդորելով հանդես գալ իրենց անուններից՝ նման վարքը որակելով որպես տղամարդուն վայել քայլ:
Ըստ Կարապետյանի, սա նսեմացնում է կանանց արժանապատվությունը ու Զոհրաբյանը սայթաքել է, ուստի հարցրեց՝ ապագայում հետեւելո՞ւ է իր հանային խոսքին, որ նման սայթաքումներ թույլ չտա: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ինձ շատ բանում կարելի է մեղադրել, բայց որ ես երբեւէ նսեմացնեմ կնոջ դերը, ինձ դրանում մեղադրել չի կարելի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ