Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց 2018 թվականի պետական բյուջեի մուտքերը եւ նոր մեթոդաբանությամբ զուտ հարկային եկամուտները, գերավճարներ եւ այլ ցուցանիշներ:
Անանյանի ներկայացմամբ՝ բյուջեն գերակատարվել է:
Ըստ այդմ՝ 2018թ-ի բյուջեով հարկային մուտքերը նախատեսված է եղել 1 տրիլիոն 248.5 մլրդ դրամ, փաստացի բյուջեն կազմել է 1 տրիլիոն 306 մլրդ, 2017թ.-ի համեմատ աճը կազմել է 14.5 %:
Դավիթ Անանյանի ներկայացմամբ՝ 2017-ի համեմատ 2018-ին պետական բյուջե հարկային եկամուտների գծով ներհոսքը՝ 193.9 մլրդ դրամ(22.1%) ավելի գումար է հավաքագրվել, այսինքն՝ հարկային մարմնի հավաքագրված գումարները կազմել են 1 տրիլիոն 68 մլրդ դրամ: Իսկ մաքսային մարմինը հավաքագրել է 335.3 մլրդ դրամ՝ 17.5 մլրդով ավելի գումար (աճը 5.5%): Վերադարձն, ըստ Անանյանի, կազմել է 97 մլրդ դրամ։
Հարկային եւ մաքսային ծառայությունների հավաքագրված գումարների պետական բյուջե մուտքը կազմել է 1 տրիլիոն 403 մլրդ, նախորդ տարվա համեմատ 211.4 մլրդ-ով կամ 17.9% ավելի:
Մանրամասն՝ տեսանյութում
2018 թվականին փաստացի ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 257.9 դրամ, սա Անանյանի ասած՝ «Նոր» մեթոդաբանությամբ.«Գանձապետական հաշվի մնացորդը կազմել է 48.1 մլրդ: Եթե հավաքագրված զուտ հոսքերից 1 տրիլիոն 306-ից հանում ենք 48.1 ստանում ենք 1 տրիլիոն 257.9 զուտ եկամուտներ: Մի կարեւոր բան կցանկանայի ասել` նախորդ տարիների ցուցանիշները համադրելի չեն 1 տրիլիոն 257.9-ի հետ, որովհետեւ նախորդ տարվա ցուցանիշներում ներառված են կանխավճարները կամ գերավճարները: 2018 թվականը միակ տարին է, որտեղ զուտ եկամուտն է հաշվառված, այսինքն՝ հանված են բոլոր գերավճարները»:
Անանյանը վստահեցրեց՝ գերավճարները՝ գործարարների՝ հարկային պարտավորությունից ավելի վճարած գումարը նվազեցրել են՝ պետության պարտքը հարկ վճարողներին 2018-ին նվազել է.«Տարեսկիզբը սկսել ենք 132.7 մլրդ դրամպարտքով, տարեվերջին այդ ցուցանիշը հասցրել ենք 21.5 միլիարդի»: Այսինքն՝ նախորդ տարի հավաքագրված գերավճարների հաշվին, ինչպես ասաց Անանյանը, մոտ 111 մլրդ դրամով նվազեցվել է պարտքը:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ