Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ է լինելու երիտասարդական քաղաքականության ճակատագիրը, եւ ով է պատասխանատու լինելու երիտասարդական քաղաքականության համար. վանաձորցի երիտասարդները մտահոգ են

Հունվար 16,2019 17:49

Վանաձորցի մի խումբ երիտասարդներ բաց նամակով դիմում են ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին: Պատճառն այն է, որ երիտասարդներին անհանգստացնում են շրջանառվող լուրերը, որոնց համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հետեւանքով նախատեսվում է միավորել ՀՀ Կրթության եւ գիտության, Սպորտի եւ երիտասարդության հարցերի, ինչպես նաև Մշակույթի նախարարությունները: Դրա արդյունքում կձեւավորվի նոր նախարարություն, որը կկոչվի ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

«Այստեղից պարզ է դառնում, որ նախարարության անվանումից դուրս է մնում «երիտասարդության» բառը: Ինչն էլ կասկածի տակ է դնում, թե ինչ է լինելու երիտասարդական քաղաքականության ճակատագիրը, եւ նաեւ ով է պատասխանատու լինելու երիտասարդական քաղաքականության համար: Չնայած կարեւոր է նշել, որ մեզ համար առաջնային է ոչ թե նախարարության անվան մեջ լինի երիտասարդական բառը, այլ սա ցույց է տալիս, որ երիտասարդական քաղաքականությունը կարեւոր է պետության համար: Երիտասարդական քաղաքականությունը միայն երիտասարդների մասին ու երիտասարդների համար չէ»,- ասում է երիտասարդական աշխատող Վահե Խաչիկյանը:

Վահեի եւ մյուս երիտասարդների կարծիքով՝ փոփոխության արդյունքում ՀՀ Պետական երիտասարդական քաղաքականության պատասխանատու մակարդակը այժմյան փոխնախարարի պաշտոնի մակարդակից իջեցվելու է. «Ամենայն հավանականությամբ այս հաստիքը պետք է չլինի, եւ ամենաբարի բանը, որ պատկերացնում ենք, դա պետք է լինի վարչության ղեկավարի մակարդակում: Դա այդքան էլ լավ չէ, քանի որ վարչության ղեկավարն այն լիազորությունները չունի, ինչը որ ունի փոխնախարարը: Նաեւ որոշումներ կայացնելիս շատ ավելի կաշկանդված է լինելու, կախված է լինելու նաեւ իր վերադասից»:

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված ծրագրի շրջանակներում Վանաձորը ճանաչվեց 2019 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք»:

Այժմ երիտասարդների համար հարցական է՝ ծրագիրը կյանքի կկոչվի, թե՞ ոչ. «Այս կառուցվածքային փոփոխությունների պատճառով չգիտենք թե ո՞վ է լինելու ծրագրի պատասխանատուն, ինչքանո՞վ է ծրագիրը հետ ընկնելու կամ ընդհանրապես իրականացվելու է, թե՞ երիտասարդական քաղաքականությունն ընդհանրապես դնելու ենք մի կողմ… Հուսով ենք, որ այդ ծրագիրը ջուրը չի ընկնի եւ մեր ջանքերն էլ ջուրը չեն ընկնի: Քանի որ մեծ հույսեր կան՝ թե՛ երիտասարդների մոտ, թե՛ կազմակերպությունների, եւ թե՛ մեզ մոտ՝ որպես կազմակերպիչներ: Որպեսզի հնարավոր լինի Վանաձորում իրականացնել մեծ երիտասարդական ծրագրեր, հույս ունենք, որ անկախ կառուցվածքային փոփոխություններից, ծրագրերը, որոնք որ հաստատված են, կյանքի կկոչվեն»,- ասում է Վահեն:

Այժմ երիտասարդները դիմում են պատգամավորներին, առաջարկելով՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում խոսել նաեւ ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության ճակատագրի մասին. «Արձագանքներից տեսանք, որ բազմաթիվ մարդիկ կողմ էին մեր բաց նամակին, եւ իրենք էլ էին ստորագրում բաց նամակի տակ: Եվ հետաքրքիր էր, որ ոչ միայն Վանաձորի քաղաքացիներն էին կողմ, այլեւ մարդիկ, որոնք այլ համայնքներից էին, բայց կարեւորում էին մեր բաց նամակը: Հուսով եմ, որ ԱԺ 132 պատգամավորներից գոնե մեկը հարցի քննարկման ժամանակ կխոսի նաեւ այս թեմայի մասին»,- եզրափակեց Վահեն:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031