Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ավարտեց Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդության քննարկումը: Կերկարաձգվի՞ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով, թե ոչ, պարզ կլինի հունվարի 18-ին՝ ժամը 17:30-ին:
Թե քննիչի միջնորդության դեմ առարկությունների հիմքում ինչ հանգամանքներ են դրել Քոչարյանի պաշտպանները, լրագրողների հետ զրույցում որոշակի մանրամասներ բացահայտեց Արամ Օրբելյանը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը տեղեկացրեց, որ դատարանին են ներկայացրել 15-ից ավելի սկավառակներ, որոնցում, ըստ պաշտպանական կողմի, հաստատվում է Քոչարյանի մեղադրանքում առկա մի շարք փաստերի ոչ հիմնավոր լինելը:
«Տեսանյութերի աղբյուրը համացանցն է: Դրանց մի մասին վարույթն իրականացնող մարմինը տիրապետում է: Տեսանյութերի մի մասը վերաբերում է Մարտի մեկի դեպքերին, մի մասն էլ՝ գաղտնալսումներին եւ որոշ հարցազրույցներին, որոնց առնչությամբ խնդիր ենք տեսնում՝ կապված արդար դատաքննության իրականացման հետ»,-նշեց Արամ Օրբելյանը:
Թե որն է այդ տեսանյութերի հիմնական ուղերձը, Արամ Օրբելյանն ընդգծեց. «Տեսանյութերը որոշակի գործընթացների հիմքերին են վերաբերում: Առավել մանրամասն այս պահին չեմ կարող ասել, բայց, ըստ էության, դրանցից ակնհայտ է, որ որոշ գործընթացներ խաղաղ չեն եղել: Որոշակի հատվածներում միայն եղել է ոչ խաղաղ գործընթաց: Երեւում են հնարավոր ռիսկեր, որոնք առնչվում են մարտի մեկից առաջ եղած փետրվարյան գործընթացներին: Մի քանի տեսանյութ էլ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքին: Չկա որեւէ տեսանյութ, որը համացանցում չկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ