Հունվարի 11-ին Վանաձորի ոստիկանները բնակարանային գողության դեպք բացահայտեցին։ Քրեական հետախույզների հետևողական և օպերատիվ գործողությունների արդյունքում կասկածյալները բռնվեցին գողությունը կատարելուց րոպեներ անց։
Հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողներն իրականացնում են շուրջօրյա ծառայություն, կատարվում են շրջագայություններ, ձեռնարկվում են բազմաբնույթ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։
Հունվարի 11-ին, ժամը 19։30-ի սահմաններում, Վանաձորի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Աղայան փողոցի տներից մեկից գողություն է կատարվում։
Անմիջապես կապ հաստատվեց դեպքի վայրի մոտակայքում ծառայություն իրականացնող օպերատիվ խմբերի հետ։ Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ հասնելով դեպքի վայր՝ նկատեցին, որ 4 հոգի գողոնն արդեն տեղափոխել են «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի մեջ և փորձում են փախչել: Ոստիկանները մեքենան կանգնեցրին Նարեկացու փողոցում։
Վանաձորցիներ Սամվել Հասանյանը, Արմեն Հարությունյանը, Գևորգ Մանուկյանն ու Անդրանիկ Առաքելյանն էին։ Նրանք գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Տարոնի բաժին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Գողոնն առգրավված է։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն