Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ բա որ դուրս թողնենք, ուսման վարձ տվող է սա, վարձից հրաժարվե՞նք». Գեւորգ Պետրոսյանը ԵՊՀ ներքին խոհանոցից խնդիր ներկայացրեց

Հունվար 16,2019 15:59

Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի հարցն է քննարկվում ԱԺ-ում ու ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որը նաեւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս է, ներկայացրեց ներքին խոհանոցից մի խնդիր. «Տեսնում ես նույն ուսանողը 8 անգամ գալիս է քննության, մոտավորապես հիշում ես ծանրամարտի մրցումներ՝ 6 անգամ մոտենալ ծանրաձողին: Եվ գիտե՞ք պատճառաբանությունն ինչն է՝ ասում են՝ բա որ դուրս թողնենք, ուսման վարձ տվող է սա, ուսման վարձից մենք հրաժարվե՞նք»:

Պետրոսյանն առաջարկեց. «Ընդունելության ցուցակները բաց պահեք, պետք չի փակել ու արխիվացնել: Եթե տվյալ ուսանողը, որը ժամանակից շուտ մատնում է գիտության հետ լրիվ վերջնահաշվարկ կատարած լինելու իր կեցվածքը, նրան կփոխարինի առաջին կուրսում այն ուսանողը, որը նույնպես պատրաստ է ուսման վարձ վճարել ու որը գալու է ու իր ներկայությամբ պարզապես զարդարի տվյալ բուհը, այսինքն՝ սովորի եւ բուհ գալը ոչ թե օգտագործի՝ նորաձեւության վերջին նվաճումները ցուցադրելու համար, այլ իսկապես սովորելու, գիտելիք ստանալու ու վերարտադրելու համար»:

Նա նաեւ ասաց, որ այնպիսի իրավակարգավորում պետք է լինի, որ դասախոսը չնստի գիշերները գիրք գրի, որ հետո մտածի՝ այդ գիրքը ոնց փաթաթի ուսանողի ուսերին, ուսանողն էլ գնա այստեղ-այնտեղ գանգատվի. «Բուհը պետք է այնպիսի համակարգ մտածի, որ ուսման վարձերից մի ֆոնդ տրամադրի դասախոսին, ով ամեն տարի, ելնելով պրակտիկայի, գիտության նորություններից, օրենսդրության նորություններից, թարմացնի նյութը եւ այն էլեկտրոնային եղանակով հասցնի ուսանողին»:

Պատգամավորն անդրադառնալով դպրոցների տնօրենների ընտրության հարցին, ասաց. «Մտածեք, որ ԱԺ-ն ներկայացուցիչ ունենա ցանկացած հանձնաժողովում, որը պետք է անցկացնի դպրոցի տնօրենի ընտրություն: Տնօրեններ կան, որ վաղուց զբաղված են արդեն ուղեղի սովաբուժությամբ ու վերջին տասնամյակում ժամանակ չեն գտել ընթերցանությամբ զբաղվել, բայց իրենց ճակատին գրված է, որ հենց իրենք պետք է լինեն դպրոցի տնօրեն, որովհետեւ այդ դպրոցի տնօրեն եղել է իր նախապապը, հետո պապը, հետո հայրը, հետո ինքը ու իրավահաջորդության կարգով այդպես շարունակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031