«Մենք անվերջ դատական համակարգն ենք թիրախավորել, բայց լուրջ խնդիրներ ունենք նախաքննական մարմինների ու դրանց պաշտոնյաների հետ, մասնավորապես դատախազության հետ: Այդ երեք համակարգերը միասնական պետք է դիտարկվեն: Եթե դատավորներն իրականում անցնեն արդարադատության իրականացմանը, տասը գործերից իննը պետք է հետ ուղարկեն քննության կամ արդարացնեն կամ որակեն իրավական ոչ արդյունավետ միջոց: Հիմքը նախաքննությունից է գալիս, եթե դատարանները մի քիչ վճռական լինեն այս հարցով ու տասը գործից ութին գնահատական տան, նախաքննական մարմինը երեւի մտածելու բան կունենա»,-այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Նրա խոսքով, կան դատավորներ, որոնք թե նախկին իշխանության, թե ներկայիս իշխանության օրոք իրավիճակը ճիշտ չեն գնահատում. «Կան դատավորներ, որոնց մոտ շատ քիչ է բան փոխվել իրենց կայացրած դատական ակտերի արդարացիության առումով, մինչեւ նրանք չվերանայեն իրենց հայացքները, նոր իրավիճակում չգնահատեն իրենց սխալները, մեզ մոտ միշտ արձանագրվելու է այս նույն վիճակը: Չեմ թաքցնում, որ նոր իշխանության օրոք ստացվում է, որ ես մի քանի գործ պետք է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկեմ, որովհետեւ այս հարցերի վերաբերյալ բարձրացրել եմ իմ տեսակետը, բայց գործում է քար անտարբերություն: Իրենց համար էլ է երեւի միեւնույնը՝ ես դա եվրոպական դատարան կտամ, թե՝ ոչ»:
«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա » ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանն էլ ասաց, որ դատաիրավական համակարգի լուրջ բարեփոխման անհրաժեշտություն կա, առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Ազգային ժողովին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ