Եթե նոր կառավարությունն իրեն չարդարացնի, անդառնալի հետեւանքներ կլինեն երկրի համար: Այսօր այսպիսի մտահոգություն հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ նշելով, որ քաղաքացիների՝ տարիներով ամբարված հավատքն ուղղված է մեկ կետին՝ նոր ձեւավորվող կառավարությանը. «Լուծը, բեռը ծանր է եւ կառավարությունը մենակ չի կարող անել, բոլորիս գործն է, ուստի պետք է բոլորիս մասնակից դարձնել ուժերի ներածի չափով: Եթե դնեն անջրպետ, բոլորս ենք ձախողելու»:
Aravot.am-ի հարցին, թե կառավարությունը խոստանում է տնտեսական հեղափոխություն, ի՞նչ հեղափոխական քայլեր եք տեսել այս ամիսների ընթացքում, որոնք տնտեսության ցուցանիշների վրա են անդրադարձել, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց՝ իմ համեստ գիտելիքները չեն բավարարում դրան մեկնաբանություն տալ՝ ինչ ասել է տնտեսական հեղափոխություն. «Եթե շրջանառության մեջ են դնում նոր տերմիններ, գոնե բարի լինեն բացատրեն հանրությանը կամ գոնե փորձագետներին: Տնտեսական հեղափոխությունն ինձ համար առայժմ անհասկանալի է, կաշխատեմ սովորել եւ ուրախ կլինեմ ունենալ այդպիսի աղբյուր»:
Թաթուլ Մանասերյանի կարծիքով, նոր կառավարությունը պետք է կարեւոր պաշտոնները բաշխի մրցութային սկզբունքով. «Եթե նախարարը հայեցողական պաշտոն է, ապա, գոնե, սկսած փոխնախարարներից, վարչության պետերից, բոլորը պետք է ընտրվեն հստակ չափորոշիչներով, ցենզով խիստ մրցույթով: Սա կլուծի բազմաթիվ հարցեր եւ կզատի արդյունավետն ու անարդյունավետը»:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք նոր կառավարության վարած կադրային քաղաքականությունը, մասնավորապես՝ տնտեսական բլոկում, քանի որ ոլորտի մասնագետները պարբերաբար մտահոգություն են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանն իր շրջապատում չունի լավ կադրեր, ինչի պատճառով էլ ոլորտում առաջընթաց չի կարող գրանցվել, պարոն Մանասերյանը պատասխանեց՝ խիստ անբավարար եմ գնահատում:
«Եթե մենք չունենանք ճիշտ մարդիկ՝ երիտասարդ, միջին տարիքի, փորձառու, լուրջ մասնագետներ, որոնք լույս են տալիս աշխարհով մեկ, կարող ենք ասել՝ բերեք պատի տակ խոսացողներին, կենսագրություն չունեցողներին, շվարած մարդկանց, բերեք փորձադաշտի վերածենք մեր տնտեսությունը: Բայց ունենք չէ՞ այդ ամենը, եւ ինձ համար մեծ հարցական է, ինչո՞ւ չկան այդ մարդիկ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ կառավարությունում ներդրումներով միայն մեկ մարդ է զբաղվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ ներդրումներ բերելը պետք է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվի, այլ ոչ թե մեկ անձով պայմանավորված լինի:
Տնտեսագետը համոզված է, որ նախեւառաջ պետք է խթանենք ներքին ներդրումները.«Կառավարության կազմում ես այդպիսի մտահոգություններ չեմ տեսնում, միայն վարչապետն է մտահոգված, քայլեր, որպես այդպիսին, չեն արվում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ