Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն օր լրջանալու պահն է մեզ համար». Պարգև Սրբազան

Հունվար 16,2019 15:20

«Առաջ դեպի նոր հաղթանակներ, ազատ անկախ ընկերվարական և միասական Հայաստանի կերտում»,- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի դահլիճում մեկնարկեց ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովը: Այն կընթանա մինչև հունվարի 24-ը: Ընդհանուր ժողովին մասնակցում են աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։ Կքննարկվեն նաև կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։

Ըստ ժողովի մասնակիցների՝ ընդհանուր ժողովը գումարվում է պատմական ժամանակահատվածում, և Դաշնակցության՝ 128 տարվա պատմության ընթացքում առաջին անգամն է, որ այն տեղի է ունենում ազատագրված Արցախում:

Այս տարի լրանում է Դաշնակցության՝ Արցախ վերադարձի 30-ամյակը:

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընթերցեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը:

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ողջունեց դաշնակցականների որոշումը՝ ընդհանուր ժողովը կազմակերպել Արցախում: Զուգահեռներ անցկացնելով՝ Պարգև Սրբազանն ասաց. «33-րդ համաժողովն է ձեր, մեր խորհրդարանի անդամներն էլ են 33, Քրիստոսը 33 տարի ապրեց, երեկ չէ առաջին օրը Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան օրն էր, որը նույնպես 33 տարեկանում զոհվեց: Նախ` շնորհակալ եմ Դաշնակցությանը, որ 130 տարի մեր ազգային գործը միշտ առաջ է տարել. նահատակներ, կորուստներ է տվել, բայց համառորեն փորձել է ազգային մեր դրոշը պահել»:

Պարգև արքեպիսկոպոսն ասաց. «Արդեն 30 տարի է, ինչ հայոց ճակատագիրը վճռվում է Արցախի հողի վրա, և բոլորս պատասխանատվություն ունենք այս ճակատագրի համար: Ամեն օր լրջանալու պահն է մեզ համար: Այսօր էլ ունենք մեծագույն մարտահրավերներ: Այն որոշումները, որ կայացնեք, իրենց մեծ ազդեցությունը պիտի ունենան կյանքից ներս: Թող բարի պտուղներով ավարտվի ութօրյա ձեր այս համագումարը»:

Պարգև արքեպիսկոպոսն իր ելույթի ավարտին նաև մեկ այլ զուգադիպություն նկատեց. «30 տարի է, ինչ Արցախ է վերադարձել Արցախի պատմական թեմը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031