Լրահոս
Օրվա լրահոսը

«Մհեր Ենոքյանի դեպքում միայն ներման խնդիրը չէ… չմոռանանք՝ 20, 25 տարին պատժաչափեր են, որոնք մարդիկ կրել են». տեր Գրիգոր քահանա

Հունվար 16,2019 14:11

Ցմահ դատապարտյալների հոգեւոր հովիվ տեր Գրիգոր քահանայի կարծիքով, սխալ է՝ ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի ներման հարցը հանել հրապարակ: Նրան ներելու կամ չներելու հարցը պետք է լինի իրավական դաշտում:

«Օրենքը նախատեսում է՝ 20 տարի ազատազրկումից հետո կարող են դատապարտյալի գործերը նայել, կարող են նրան ներկայացնել վաղաժամկետ պայմանական ազատման, բայց ունենք բազմաթիվ ցմահներ, որոնց ազատազրկման քսան տարին վաղուց լրացել է, բայց այդպիսի կամք չկա պետական մարմինների կողմից նրանց նկատմամբ կիրառել վաղաժամկետ պայմանական ազատում: Օրենքը նախատեսում է դա, բայց այդ օրենքը չի աշխատում: Ենոքյանի դեպքում միայն ներման խնդիրը չէ, չմոռանանք՝ քսան, քսանհինգ տարին պատժաչափեր են, որոնք մարդիկ կրել են, նույնիսկ եթե հանցանք են կատարել: Դա մի ժամանակահատված է, որը բավարար է մարդուն ապաշխարելու, զղջալու համար: Հարցը հրապարակներում լուծելու չէ, միայն իրավական դաշտում լուծվելու հարց է, Քրիստոսի դատավարությունն էլ հրապարակ հանեցին, դատավորն ասաց՝ անմեղ է, ամբոխն ասաց պետք է խաչվի»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց տեր Գրիգորը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ կարծիք հայտնեց, որ արժե 90-ականների մի տասը գործ վերաբացել՝ հասկանալու այդ տարիների արդարադատության ու դրա հետեւանքների հարցը. «Հիմա մի տեսակ կենտրոնացել ենք միայն Ենոքյանին ներման, չներման հարցի վրա, դա խնդրի էությունը փոխում է: Մհեր Ենոքյանն արդա՞ր է, թե՞ արդար չէ, լուրջ կլինի՞, եթե ես որոշեմ: Հանրությունը մի տեսակ վարժվել կամ ըմբռնել է, որ Հայաստանում ներման, ազատման հանրային խնդիր դառնում է քաղաքական մեղադրյալի հարցը, որը նույնպես քրեական գործով է դատված, բայց հանրության համար այդ գործերը համարվում են քաղաքական վճիռներ, եթե Ենոքյանի գործը քաղաքական չէ, հանրությունը պասիվ է ու դիտարկում է նրա գործը միայն քրեական գործ: Լրջորեն խնդիր ունենք հասկանալու, ուզում ենք 90-ականներին կասկածի տակ դրված մի տասը գործը բացել, վերանայել ու դրանք մասսայականացնելով՝ հասկանալ այդ տարիների արդարադատությունը, օրինականության ու դրա հետեւանքների հարցը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031