ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը:
Հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ «Դուք չե՞ք զգում դիսկոմֆորտ, մոտ 7 ամիս եղել եք սփյուռքի նախարարը, ձեր հարցազրույցներում, արտերկրյա այցերի ժամանակ անընդհատ շեշտադրել եք, որ շատ կարեւոր է այս նախարարության առաքելությունը եւ անձամբ ձեր առաքելությունը՝ որպես նախարար, որից հետո գալիս եք խորհրդարան ու նախարարությունն ընկնում է կրճատման տակ, ո՞նց մենք այս ուղերձը տանք սփյուռքի մեր հայրենակիցներին, որ դա վնաս չբերի Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Եթե այդքան կարեւոր էր նախարարությունը, երբ դուք նախարար էիք, հիմա ինչի՞ կարեւոր չի, երբ դուք էլ նախարար չեք»:
Մխիթար Հայրապետյանն արձագանքեց՝ ո՞վ է ասել, որ հիմա կարեւոր չի. «Մենք բավականին ազնիվ ենք եղել մեր ընտրողների առաջ, որովհետեւ նախընտրական շրջանում վարչապետ Փաշինյանը խոսեց օպտիմալացման մասին ու հստակ իր ուղերձներում ասաց, որ նախարարությունների թիվը կրճատվելու է: Երբ մենք կառավարությանը հարցնում ենք՝ ի՞նչ է անհրաժեշտ, որ արդյունավետ կառավարես պետությունը, կառավարությունը հստակ ներկայացնում է կառուցվածք: Դրա պատասխանատվությունը կրելու է կառավարությունը եւ ժամանակը ցույց կտա»:
Մխիթար Հայրապետյանն ասաց, որ եթե սփյուռքի նախարարությունը պահպանում ես, նրան պետք է տաս սուպերլծակներ, որովհետեւ եթե պահպանում ես այնպես, ինչպես նախկինում՝ որպես խորհրդանշական ինստիտուտ, ապա ավելի լավ է չլինի. «Եթե պիտի բացառապես սփյուռքի նախարարությունը լինի, որ մենք սփյուռքին հաճոյանանք, ուրեմն ավելի լավ է չլինի, մենք անկեղծ լինենք սփյուռքի հետ մեր երկխոսության մեջ»:
Մարուքյանն ասաց, որ եթե նախարարությունը փակվի եւ ստեղծվի կոմիտե կամ հանձնակատար, դա նշանակում է, որ խորհրդարանական վերահսկողությունից դուրս են բերում սփյուռքի նախարարությունը. «Դրան համահունչ գերատեսչություն լինում է, ուղղակի մենք այլեւս չենք կարող հարցեր տանք ու քաղաքական իմաստով վերահսկենք»:
Մխիթար Հայրապետյանը վստահեցրեց, որ սփյուռքի նախարարության գործառույթները շարունակվելու են ժառանգաբար ու սփյուռքում չի կարող հարց առաջանալ, թե հիմա ի՞նչ են անելու, երբ նախարարությունը փակվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ