Լրահոս
Օրվա լրահոսը

«Օսիպյանն ասել է՝ «արա՜, լավ, գոնե պագոններս չպոկեիք». ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալի ցուցմունքը

Հունվար 16,2019 13:17

ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր հարցաքննվեց գործից անջատված մասով մեղադրյալներից 1991թ. ծնված Կարեն Հակոբյանը՝ մեղադրյալներից Մարտիրոս Հակոբյանի՝ ազատամարտիկ «Դեդ»-ի որդին: Նա, ըստ գործի նյութերի, մասնակցել է ՊՊԾ գնդի գրավմանը, սակայն լքել է գնդի տարածքը: Կարեն Հակոբյանը դատավոր Մեսրոպ Մակյանին տեղեկացրեց, որ հրաժարվում է մինչ այդ տված ցուցմունքներից եւ չի պատրաստվում այսօր ցուցմունք տալ:

Ըստ այդմ, հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, որում նա պատմել է նաեւ գնդի գրավմանը նախորդած իրադարձությունների մասին: Կարեն Հակոբյանը նշել է, որ հայրը ԼՂՀ Քաշաթաղի շրջանում երկար տարիներ եղել է համայնքներից մեկի ղեկավարը, իսկ ապրիլյան ռազմական իրադարձություններից հետո մարտական ընկերների հետ մեկնել առաջնագիծ:

Կարեն Հակոբյանն էլ է ցանկացել գնալ առաջնագիծ, եւ այդ նպատակով դիմել է «Երկրապահ կամավորականների միությանը»: Որոշ ժամանակ անց Մարտիրոս Հակոբյանը վերադարձել է սահմանից եւ տեղեկանալով որդու քայլի մասին՝ նախատել. «Ի՞նչ գործ ունես «Երկրապահի»-ի հետ: Ինքնագլուխ ոչինչ չանես, տղերքով ջոկատ ենք կազմելու եւ գնալու պատերազմ»:

Կարեն Հակոբյանը նախաքննական ցուցմունքում ասել է՝ Մարտիրոս Հակոբյանն իրեն հայտնել է, որ ջոկատի հրամանատարը Ժիրայր Սեֆիլյանն է լինելու, եւ նրան են միացել շատ հայրենասերներ ու ազատամարտիկներ, այդ թվում՝ Պավլիկ Մանուկյանը:

Որոշ ժամանակ անց Մարտիրոս Հակոբյանը որդուն տեղեկացրել է, որ Ժիրայր Սեֆիլյանը կալանավորված է, բայց դա իրենց չի կանգնեցնի, եւ Վարուժան Ավետիսյանն է հեղաշրջման համակարգողի գործառույթը կատարելու:

Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդում եղած ժամանակ տեղի ունեցածին, Կարեն Հակոբյանը ուշագրավ դրվագ է պատմել իր նախաքննական ցուցմունքում. «Բերեցին Օսիպյանին, նրա հետ Պավլիկ Մանուկյանն էր բանակցում: Օսիպյանն ասաց՝ «արա՜, լավ, գոնե պագոններս չպոկեիք, այսքան տարի համակարգում աշխատել եմ»:

Իսկ երբ ոստիկանական զրահամեքենան է գրոհել գունդը գրավածների վրա, ըստ Կարեն Հակոբյանի՝ Պավլիկ Մանուկյանն այդ ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին ասել է. «Տեսա՞ր, Օսիպյան, քեզ էլ չեն խնայի»:

Հիշեցնենք, որ քրեական գործի նյութերում այլ վկայություններ էլ կան այն մասին, որ զինված խմբի անդամներից Աշոտ Պետրոսյանն է Վալերիյ Օսիպյանի ուսադիրները պոկել:

Կարեն Հակոբյանը նախաքննական ցուցմունքում նաեւ նշել է, որ Մարտիրոս Հակոբյանն իրեն հրահանգել է՝ եթե ոմանք ընթացքում կփոշմանեն եւ չեն ցանկանա մասնակցել հեղաշրջմանը, պետք է պահվեն առանձին վայրում, որպեսզի իրավապահներին չհայտնեն խմբի մտադրությունների մասին:

Ապա Կարեն Հակոբյանը հայտարարեց՝ նշյալ ցուցմունքները գրել է ճնշման ներքո, ուստի ամեն ինչ չէ, որ համապատասխանում է իրականությանը:

Մանրամասն՝ քիչ ուշ:

https://www.facebook.com/aravot.am/videos/600966210357932/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031