Լրահոս
Օրվա լրահոսը

«Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել». Արման Բաբաջանյան

Հունվար 16,2019 12:54

«Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի աշխատանքին վերաբերվող հարցին: Ըստ նրա, Միքայել Մինասյանի լավ դեսպան լինելու մասին փաստում է Ցեղասպանության 100 ամյակի առիթով Վատիկանում տեղի ունեցած հայտնի պատարագը, Վատիկանի կողմից Ցեղասպանության ճանաչումը, եւ վերջապես, Հռոմի Պապի պատմական այցը Հայաստան: «Իշխանությունները որոշել են, որ նա այլեւս չպետք է շարունակի իր պաշտոնավարումը. հավանաբար ունեցել են հիմնավոր պատճառներ: Հույս ունենք, որ նոր նշանակված դեսպանը կշարունակի այդ ավանդույթը եւ Վատիկանի հետ ՀՀ հարաբերությունները դրական իմաստով կխորանան»,- ասաց Արման Բաբաջանյանը:

Այս հայտարարությունների համար առիթ հանդիսացավ խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպը`Արման Բաբաջանյանի` ՀՀ դեսպանների մասին ունեցած սուր ելույթից հետո: Հիշեցնենք, ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի պատգամավորների միջեւ լեզվակռիվ սկսվեց, երբ Արման Բաբաջանյանը խոսեց ՀՀ դեսպանների վատ աշխատանքի մասին: Ի թիվս այլոց, հնչեց նաեւ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի անունը: Նրա որդին`ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Մանուկյանը ռեպլիկ նետեց եւ դուրս եկավ դահլիճից:

Արման Բաբաջանյանն իր ելույթը համարում է զուտ քաղաքական ելույթ: Հավաստիացնում է՝ ԲՀԿ-ԼՀԿ լարվածության համատեքստում չէ, ավելին, նման լարվածություն չկա: «Եթե հիմա Անդրանիկ Մանուկյանի որդին էր այստեղ նստած, Տողանյանի կամ Ռուբեն Սադոյանի որդին նստած չէր, ես դրանում ոչ մի մեղք չունեմ: Ես իմ ելույթը չեմ կարող կառուցել՝ նկատի առնելով, թե ո՞ւմ որդին է նստած Ազգային ժողովի դահլիճում և իմ ելույթները չեմ կարող պայմանավորել եւ ծրագրել ինչ-որ մեկի որդու կամ խմբակցության խնամիական հարաբերությունների եւ մնացածի առումով»,- ասաց Արման Բաբաջանյանը:

Արման Բաբաջանյանն ասում է, որ ինքը փաստեր ունի, որոնք պատրաստ է ներկայացնել: Դրանցից մեկն, օրինակ, նա հնչեցնում է. «Անդրանիկ Մանուկյանը այսօր արդեն դեսպանի պաշտոնը թողնելուց հետո թող խոսի, օրինակ, հնդկահավերի ֆերմայի բիզնեսի մասին, որը ինքը վարում էր Ուկրաինայում: Ես ուզում եմ հասկանալ` ինչի՞ համար է այս աղմուկը: Իմ ելույթում ես բերել եմ փաստեր, որոնք տարիներ ի վեր ներկայացվել են եւ դրանք ամենեւին էլ ադրբեջանական աղբյուրներից չեն, դրանք մեր անձնական տեղեկատվության աղբյուրներն են»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031