Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Աբովյանն` Արման Բաբաջանյանին. «Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցի դիմաց ԱՄՆ դրոշն է կախված»

Հունվար 16,2019 12:40

«Սուտ, ադրբեջանական թեզ, ադրբեջանական մամուլ կարդալու հետևանք։ Որքանով ես գիտեմ՝ Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցի դիմաց ԱՄՆ դրոշն է կախված. ես բան չունեմ ասելու, կարող է նաեւ Մոնղոլիայի դրոշը կախի, բայց մի բան հստակ գիտեմ, որ ՀՀ դեսպանատան գլխին կախված է եղել միայն ու միայն ՀՀ դրոշը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն`անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ դեսպանների մասին խորհրդարանի դահլիճում ունեցած ելույթին։

Արման Աբովյանին դուր չէր եկել Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործունեությանն Արման Բաբաջանյանի անդրադարձը։ Նա կարծում է, որ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը շարունակեց «պտտեցնել ադրբեջանական այն թեզերը»: «Նման տեղեկություններ ներգցվել էին մի պարզ պատճառով՝ նեյտրալիզացնել ամենաէֆեկտիվ դեսպաններից մեկին։ Ինչո՞վ է պայմանավորված նրա նման պահվածքը՝ չգիտեմ, ես պարզապես շոկ եմ ապրում»,- հայտարարեց Արման Աբովյանը:

Հիշեցնենք, նիստերի դահլիճում Արման Բաբաջանյանի ելույթից հետո նրան պատասխանեց Արման Աբովյանը: Նա երկար ժամանակ եղել է Անդրանիկ Մանուկյանի օգնականը։ Ելույթի ընթացքում վիճաբանություն եղավ նաեւ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ ԲՀԿ-ական պատգամավորների միջեւ:

Անդրադառնալով դահլիճում տեղի ունեցած լեզվակռվին, Արման Աբովյանն ասաց. «Մենք խնդիր չունենք ինքնահաստատվելու, բայց 3 տարուց ավելի աշխատելով Անդրանիկ Մանուկյանի խորհրդական, տեսնելով, որ ամեն օր այդ մարդն իր կյանքը դնում է ՀՀ-ի համար, չեմ կարող չխոսել։ Հավատացեք՝ այստեղ նախկին վերադասին պաշտպանելու խնդիր չէ»։

Արման Բաբաջանյանին հակադարձել էր նաեւ Անդրանիկ Մանուկյանի որդին`ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Մանուկյանը: Նա ռեպլիկ նետեց Արման Բաբաջանյանի հասցեին եւ հեռացավ նիստերի դահլիճից: Արման Աբովյանը դա նորմալ է համարում, քանի որ «որդին չի կարող հանդուրժել իր հոր մասին սուտը»։ Արման Աբովյանը ապատեղեկատվություն է որակում Արման Բաբաջանյանի այն հայտարարությունը, թե Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը սպասարկել է բացառապես ռուսական շահը։

Թե ի՞նչ քայլեր կձեռնարկի ԲՀԿ-ն այս առիթով, Արման Աբովյանը չգիտի: Հարցը կքննարկեն խմբակցությունում, հետո կորոշեն: Բայց ԲՀԿ-ական պատգամավորը վստահ է, որ Արման Բաբաջանյանը չի կարող իր հայտարարությունները փաստերով ապացուցել։ Մի բանում նա վստահ է «Լուսավոր Հայաստանն» իր ողջ կազմով անգամ ՀՀ-ի համար Անդրանիկ Մանուկյանի արածի նույնիսկ կեսը չի արել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031