«Այն, ինչ Արման Բաբաջանյանն ասաց, մամուլում հրապարակված փաստեր են: Մենք չենք եկել այստեղ անձնական պատերազմներ մղելու: Նրա ելույթն ամբողջությամբ քաղաքական ելույթ էր, պետք է սովորել մեկս մյուսի քաղաքական ելույթը լսել: Հին Հայաստանի երեւույթները պետք է բացառել նոր խորհրդարանում՝ տեղից գոռալ-ճվալ… Հասկանում եմ, էմոցիաներ են, բայց կարող ենք, չէ՞, գրանցվել, ինչ ասելիք ունեք՝ ասեք: Ես էլ եմ ինձ զսպում, պահեր կան, ուզում եմ տեղից գոռամ: Բազմաթիվ դեպքեր են եղել, նախկինում արել եմ, հիմա փորձելու եմ չանեմ, կարող է մի օր էլ իմ մոտ չստացվի»,- այսօր ԱԺ-ում Արման Բաբաջանյանի ու Արման Աբովյանի միջեւ տեղի ունեցած թեժ բանավեճի արդյունքում տեղի ունեցած միջադեպն այսպես մեկնաբանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա, Արման Աբովյանը երկար տարիներ աշխատել է Անդրանիկ Մանուկյանի հետ, սուբյեկտիվ պահ կա, բայց քաղաքական օբյեկտիվ գնահատականների հարցում սուբյեկտիվիզմը պետք չի խառնել. «Հիմա ես էն մեկին շատ եմ սիրում, մեկին քիչ եմ սիրում, մեկին էլ ատում եմ, հիմա ի՞նչ, պետք է բերեմ այս ամբիո՞ն: Վաղը կարող է մեկը գա, հորեղբորս տղուն քննադատի էս ամբիոնից, ի՞նչ, պիտի պաշտպանե՞մ»:
Արման Աբովյանը Բաբաջանյանին մեղադրել էր, թե նեոադրբեջանական թեզերն է «առաջ բրդում»: Մարուքյանը հիշեց, որ նախկին իշխանություններն էլ, հենց ընդդիմությունը քննադատում էր, ասում էին՝ Ադրբեջանի ջրաղացին ջուր եք լցնում. «Եթե զրպարտություն կա՝ դատի տվեք: Խորհրդարանը զրպարտություններ հերքելու կամ հաստատելու տեղ չի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ