Լոռու մարզի Սպիտակ քաղաքում երեկ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով 41-ամյա Գարուշ Մարությանի սպանությունը, ըստ նախնական տեղեկությունների, տարիներ առաջ տեղի ունեցած պատմության շարունակություն է։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 15-ին, ժամը 13.00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը ավելի ուշ գիտակցության չգալով՝ մահացել է:
Միաժամանակ հրազենային վնասվածքով Վանաձորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 31-ամյա Կամո Քալաշյանը։ Ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ հիշյալ 2 անձինք հիվանդանոց են տեղափոխվել Սպիտակի Ալեք Մանուկյան փողոցում գործող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակից։ Բացի հրազենային վնասվածքներից, կտրված է եղել նրա մեկ ականջն ու մյուսի կեսը։
ՀԺ-ին հասած տեղեկությունների համաձայն, կատարված հրաձգությունը վենդետա էր, վրեժխնդրության արդյունք։
2008թ. հոկտեմբերի 24-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 20:50-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Կենտրոնական ավտոկայանի տարածքում, Սպանդարյան փողոցում տեղակայված վագոն-տնակում, անհայտ անձանց կողմից արձակված հրազենային կրակոցներից տեղում սպանվել էին 1945 թ. ծնված Ստյոպա Դիլբարյանը եւ 1963 թ. ծնված Կարապետ Միսկարյանը, իսկ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էին 1958 թ. ծնված Վարուժան Մարտիրոսյանը եւ 1970 թ. ծնված Նշան Դանիելյանը։ Ավելի ուշ նշված վայրից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ 1978 թ. ծնված Գարուշ Մարությանը։
Երեկ սպանված Գարուշ Մարությանը 10 տարի աոաջ կատարված հրաձգության հետեւանքով մարմնական վնասվածք ստացած տղամարդն է։ Վարկած կա, որ այս երկու դեպքերն ուղիղ կապ ունեն իրար հետ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում