Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա խոշոր ձախողման եւ արկածախնդրության տանող ճանապարհ է». Արման Բաբաջանյանը՝ Լենա Նազարյանի հայտարարության մասին

Հունվար 16,2019 11:37

ԱԺ-ում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հարցն է քննարկվում: Առաջադրվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն անցյալ տարվա դեռեւս մայիսին Արցախում հայտարարեց, որ Արցախի հարցում լիազորված չէ Արցախի ժողովրդի անունից բանակցել Ադրբեջանի հետ: Ֆորմալ առումով նա պահում է իր խոսքը, բայց մյուս կողմից ՀՀ-ն շարունակում է արտգործնախարարի մակարդակով բանակցել Արցախի անունից: Բաբաջանյանն ասաց, որ տպավորություն կա, որ նոր իշխանությունները ցանկանում են մերժել Վիեննայում ձեռք բերված կարեւորագույն պայմանավորվածությունը՝ Դուշանբեում ոտքի վրա ձեռք բերված փխրուն պայմանավորվածության դիմաց:

Ռուբինյանը պատասխանեց. «Այո, վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանի ներկայացուցչի հետ կարող է բանակցել Հայաստանի անունից ու պահել է տրամաբանությունը: Վիեննայի պայմանավորվածության հետ կապված հարցադրումը հնչել է նաեւ նախկին իշխանությունների կողմից, այն տպավորությունը, որ Երեւանը հրաժարվել է դրանց անդրադարձից, թյուր է, իրականում դրանք շարունակում են մնալ օրակարգում»:

Ռուբինյանն ասաց, որ Դուշանբեի հանդիպումը չի հակասում Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությանը»: Բաբաջանյանը հարցրեց՝ եթե ՀՀ-ն չի բանակցում Արցախի անունից, այդ դեպքում ի՞նչ նյութի շուրջ է բանակցում Զոհրաբ Մնացականյանը Մամեդյարովի հետ: Ռուբինյանը պատասխանեց, որ կարեւոր բովանդակային բանակցություններ չկան այս փուլում:

Արման Բաբաջանյանն իր ելույթում խոսեց Հայաստանի դիվանագիտական կորպուսում նախորդ «արատավոր ռեժիմի» պատճառով ստեղծված իրավիճակի մասին, որը, ըստ նրա, շարունակվում է նաեւ այսօր. «Ռոբերտ Քոչարյան-Վարդան Օսկանյան տանդեմը Հայաստանի արտաքին քաղաքականությունը հետեւողականորեն փչացրին՝ դրա հիմքում դնելով հայտնի կոմպլեմենտարիզմի թեզը՝ այլանդակելով ու ձեւախեղելով ինքնիշխան ՀՀ-ի արտաքին քաղաքական օրակարգը: Նույնը շարունակվեց նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք»: Բաբաջանյանը խոսեց ֆուտբոլային դիվանագիտության արկածախնդրության, հայ-թուրքական արձանագրությունների մասին:

Ըստ Բաբաջանյանի, Հայաստանի արտաքին քաղաքականությունը մի օրում չի այսպես ձեւախեղվել, տարիներ շարունակ ՀՀ դեսպաններ արտերկրում նշանակվել են կասկածելի կենսագրությամբ, քրեական հեղինակությամբ մարդիկ, որոնք ՌԴ-ի կցորդներն են եղել:

Պատգամավորը նշեց, որ Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության աշխատակիցների բազմաթիվ անուններ կարող է տալ, որոնք բարձր պաշտոնի են նշանակվել այնտեղ ու դիմելով գրին քարտի, մշտական բնակության համար՝ այլեւս չեն վերադարձել Հայաստան: Նա հարց ուղղեց Ռուբինյանին՝ ի՞նչ ենք անելու նման մարդկանց համար:

Խոսելով ներկայիս իշխանությունների մասին՝ Բաբաջանյանը հիշեցրեց, որ Լենա Նազարյանը ամիսներ առաջ ասել էր՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որեւէ շրջադարձ չկա նաեւ հանրության մոտ նման պահանջի բացակայության պատճառով. «Դա խոշոր ձախողման եւ արկածախնդրության տանող ճանապարհ է, որովհետեւ Քոչարյան-Օսկանյան տանդեմի կոմպլեմենտար եւ Սերժ Սարգսյան-Նալբանդյան բազմավեկտոր արտաքին քաղաքականության շարունակողը չեք կարող լինել, որովհետեւ երկու վարչակարգերի արտաքին քաղաքականությունները կառուցվել են ներքին լեգիտիմության սոսկալի դեֆիցիտի արդյունքում»:

Ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն ասաց, որ ֆորմալ առումով թվում է, թե ՀՀ-ն որ կազմակերպությանը անդամակցում էր, մնացել է նույնը, վեկտորը չի փոխվել, բայց բովանդակային առումով եղել է կտրուկ փոփոխություն:

Նա ասաց, որ խորհրդարանականները ավելի ազատ են, քան գործադիրը ու կարող են ավելի պահանջատեր լինել՝ ներկայացնելով դոկտրինը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031