Բրիտանիայի համայնքների պալատը երեքշաբթի երեկոյան սկիզբ դրեց մեծ ցնցումների՝ ձայների ճնշող մեծամասնությամբ մերժելով Բրիտանիայի կառավարության և Եվրամիության համաձայնեցրած պայմանագրի նախագիծը՝ ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը անմիջապես անվստահության քվե հայտնեց կառավարությանը, հաղորդում է BBC-ն:
Սա կարող է հանգեցնել կառավարության հրաժարականին, արտահերթ ընտրությունների, «Բրեքզիթի» հետաձգման և անգամ ԵՄ անդամակցությունից դուրս գալու վերաբերյալ երկրորդ քվեարկության:
Պայմանագրին դեմ է քվեարկել 432 պատգամավոր, կողմ՝ 202, իսկ կառավարության պարտություն այդպիսի տարբերությամբ (230 ձայն) դեռևս երբեք չի եղել Բրիտանիայի խորհրդարանի պատմության մեջ:
«Սա կառավարության աղետալի պարտությունն է»,- ասել է ընդդիմության առաջնորդ Լեյբորիստական կուսակցությունից Ջերեմի Քորբինը և հայտարարել, որ պաշտոնապես անվստահության քվե է հայտնում կառավարությանը:
Դրանից մի քանի րոպե առաջ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ եթե ընդդիմությունը անվստահության քվե հայտնի կառավարությանը, ապա իր կառավարությունը պատրաստ է կազմակերպել քննարկում և քվեարկություն հենց հաջորդ օրը:
Եթե անվստահության քվեն ընդունվի, պահպանողականները ստիպված կլինեն երկու շաբաթվա ընթացքում ձևավորել մեծամասնության նոր կառավարություն, իսկ եթե դա նրանց մոտ չստացվի, ապա հայտարարել արտահերթ ընտրություններ: Պահպանողականների և լեյբորիստների վարկանիշն այժմ գրեթե հավասար է:
Արտահերթ ընտրություններից բացի՝ հնարավոր են նաև իրադարձությունների զարգացման այլ տարբերակներ, և այդ տարբերակների մեծ մասը տանում է Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացի հետաձգման (այն պետք է տեղի ունենար մարտի 29-ին):
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ