Ի տարբերություն խորհրդարանի ընտրության, վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանն արժանացավ Եվրասիական առաջնորդների շնորհավորանքին: Ոչ միայն անմիջապես շնորհավորեց Պուտինը, այլ նաև Լուկաշենկոն ու Նազարբաևը: Սա խոսո՞ւմ է Հայաստանի հանդեպ վերաբերմունքի փոփոխության մասին: Իհարկե ոչ: Պարզապես այս դեպքում շնորհավորանքի բացակայությունը արդեն կխոսեր կոնֆլիկտային իրավիճակի մասին, որի պատասխանատվությունը կմնար հենց ԵՏՄ երկրների վրա: Այս իմաստով, Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքներով ԵՏՄ այդ ղեկավարները անկասկած փորձում են իրենց համար ստեղծել պատասխանատվության «լյուֆտ» եվրասիական, ՀԱՊԿ միջավայրերում այն բարդ քննարկումների համար, որոնք առջևում են:
Ի վերջո պետք է հիշել, որ հանգուցալուծված չէ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը և այն դեռ լինելու է քննարկումների առարկա: Այդպիսով, շնորհավորանքները ավելի շուտ արտացոլում են առկա խնդիրները, քան դրանց չեղարկումը: Եվ Երևանն իհարկե պետք է ավելի շատ պատրաստ լինի հենց բարդ քննարկումներին, քան ԵՏՄ բարյացակամ վերաբերմունքին: Այդ առումով, կարծում եմ, դժվար է պատկերացնել, որ շնորհավորանքների միջոցով կհաջողվի, այսպես ասած, փափուկ բարձ դնել Նիկոլ Փաշինյանի գլխի տակ:
Մյուս կողմից, իհարկե, այստեղ մեզ, որպես պետություն, հանրություն, արժե թերևս անել ավելի պարզ եզրակացություններ: Խոսքն այն մասին է, որ միջպետական խնդիրների քննարկումները ամենևին պետք չէ դիտարկել թշնամական գործընթացների համատեքստում: Մենք տեսնում ենք, և տեսել ենք, որ շատ ավելի սուր և հակադիր բառամթերքով են իրար հետ մոտ և հեռու հարաբերվում թե՛ Լուկաշենկոն ու Պուտինը, թե՛ Նազարբաևն ու Պուտինն են այդպես հարաբերվել, և դա ամենևին նրանց թիկունքում հասարակությունների մակարդակով չի ընկալվում իբրև թշնամանք:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում