Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր այն պաշտոնյաները, որոնք առնչություն ունեցել են Մարտի 1-ի հետ, կա՛մ հարցաքննվել են, կա՛մ կհարցաքննվեն»

Հունվար 16,2019 15:30

Անդրանիկ Քոչարյանը համոզված է՝ նախկին ռեժիմից ստացած դատավորների զանգերը էֆեկտիվ չեն

«Առավոտը» պաշտպանության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» խմբակցության նորընտիր պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին հարցրեց՝ առաջնահերթ ի՞նչ նախաձեռնությամբ է պատրաստվում հանդես գալ ԱԺ-ում: Նա պատասխանեց. «Բնականաբար, դրանք առնչվելու են այն հարցերին, ինչով զբաղվել եմ իմ կյանքի վերջին 20 տարում՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, Մարտի 1»:

Թե Մարտի 1-ի հարցով այս պահին ի՞նչ անելիք կա ԱԺ-ում՝ պարոն Քոչարյանը պատասխանեց. «Այդ հարցով ես այս պահին տեսնում եմ, որ անելիք ունի ու անում է ՀՔԾ-ի համապատասխան խումբը, ու տեսնում եմ, որ այս պահի դրությամբ բավականին էֆեկտիվ գործում են»:

Մեր դիտարկմանը՝ այդ գործի հետ կապված դժգոհություններ կան, որ միայն մի կողմին են կանչում հարցաքննության, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ դա պարզապես Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դժգոհություններն են, որոնք դեռ չունեն այնպիսի հենք, ինչպիսին իրենք ներկայացնում են. «Եթե կան դժգոհություններ, կան իրավական մեխանիզմներ, իրենք բողոքարկելով պետք է գնան բոլոր ատյաններով: Գիտեմ, որ իրենք դիմել են ՍԴ, շատ ճիշտ են արել, սպասենք ՍԴ-ի որոշմանը»:

Մենք ճշտեցինք՝ ձեր մեջ հարցադրումներ չե՞ն առաջանում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանին, օրինակ, չեն կանչում հարցաքննության այդ գործով, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ նախաքննության գաղտնիքներին չի տիրապետում, բայց համոզված է, որ բոլոր այն պաշտոնյաները, որոնք առնչություն ունեցել են, նրանք կա՛մ հարցաքննվել են, կա՛մ կհարցաքննվեն, պարզապես չի հրապարակայնացվում. «Շատերն էլ, եթե հետախուզման մեջ են, կգան, ու շրջանակը շատ ավելի ընդլայնված տեսք կստանա»:

Այս օրերին դատարանում վիճարկվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը՝ Մարտի 1-ի գործի շրջանակներում: Անդրանիկ Քոչարյանը համոզված է. «Նա բացարձակ անձեռնմխելիությունից չէր կարող օգտվել, որի մասին խոսեց նաեւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: ՍԴ-ն պարզաբանումներ կտա»: Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ ՍԴ անդամները, ՍԴ նախագահը նախկին իշխանությունների կողմից էին ընտրվել, մտավախություն չկա՞ արդար որոշման հետ կապված, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ոչ մի կապ չունեն նախկին նշանակումները, գոյություն ունեն քաղաքական նոր իրողությունները, Մուկուչյանն էլ նախկին ԿԸՀ նախագահն էր, բայց այս ընտրություններով, ըստ էության, քաղաքական պատվերը երբ հանում ես, ստանում ենք նորմալ, արդար ընտրություններ: Քաղաքական համակարգն է փչացնում պաշտոնյաներին: Պատվերը երբ հանում ես, մարդիկ կարող են ինքնադրսեւորվել օրենքի շրջանակներում: Պարզապես նախկինի այն շրջանակը պետք է ի հայտ բերել, որոնց գործողությունների արդյունքում մենք առաջնահերթ ունեցել ենք մարդկանց կյանքի կորուստ: Չբացահայտված հրատապ գործեր կան, որոնց բացահայտումը կկարգավորի մեր երկրում աղավաղված արդարադատության համակարգը»: Դիտարկմանը՝ մտավախություն կա, որ դատավորները դեռ նախկին ռեժիմից զանգեր ստանալով են որոշումներ կայացնում, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Այդ զանգերը չեն կարող էֆեկտիվ գործել, եթե դրանք արդեն իշխանության զանգեր չեն: Իսկ նախկին իշխանություններին մեր ժողովուրդը մերժել է ու մերժել է շատ հիմնովին: Միայն Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին չի մերժել, այս ընտրություններով նույն ՀՀԿ-ն, որը քաղաքական հենքն էր այդ մարդկանց, մերժվեց: Հիմա պետք է մտածել մեր երկրում կարգուկանոն հաստատելու, ճիշտ ու արդար կառավարելու խնդիրների մասին»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

15.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031