Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն փոխել է տոնայնությունը

Հունվար 16,2019 12:00

Իրավիճակ է փոխվել

Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ կայանալու է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ: Այս հանդիպման անցկացման մասին դեռ անցյալ տարեվերջից էին տեղեկություններ շրջանառվում:

Վերջին շաբաթներին պաշտոնական Բաքուն նկատելիորեն փոխել է տոնայնությունը: Ադրբեջանը ողջ ուժով լծվել է բանակցային գործընթացը զրոյից սկսելու քաղաքականության ներկայացմանը՝ առաջ քաշելով այն պահանջները, որոնք 2016թ. ապրիլյան պատերազմից հետո կարծես հետին պլան էին մղվել: Այդ փուլում պաշտոնական Երեւանն էր ակնկալում Ադրբեջանից միջնորդների պահանջների կատարում, այսօր պատկերն էականորեն փոխվել է:

«Պաշտոնական Երեւանը պետք է անի ամեն ինչ Հայաստանի քաղաքացիներին հարեւան պետությունների հետ խաղաղությանը նախապատրաստելու համար»,- նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը: Վերջինիս խոսքով՝ Հարավային Կովկասում հաշտեցման գործընթացը կարող է մեկնարկել միայն հայկական կողմի զիջումներից հետո. «Նախեւառաջ, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից, իսկ ադրբեջանցի ներքին տեղահանվածները պետք է վերադառնան հարազատ օջախներ: Այդ դեպքում արդեն քայլեր կձեռնարկվեն վստահության, լիարժեք տարածաշրջանային համագործակցության եւ ազգամիջյան հաշտեցման վերականգնման ուղղությամբ»:

Փորձենք հասկանալ, թե ինչ կատարվեց Ղարաբաղյան կարգավորման գործընթացում վերջին ամիսներին:

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում, ապա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը կայացավ դեկտեմբերի 5-ին՝ Միլանում: Այս հանդիպմանը նախորդել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թվով երրորդ հանդիպումը եւս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն։ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձեւավորված դինամիկան՝ հայտնում էին ՀՀ ԱԳՆ-ից:

Չհրապարակայնացված մի հանդիպման մասին

Դեկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել էր ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը, որին մասնակցել էր նաեւ Ադրբեջանի նախագահը: Այս հանդիպումից մեկ օր հետո ադրբեջանական մամուլում տեղեկություններ հայտնվեցին Փաշինյան-Ալիեւ զրույցի մասին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը ծավալվել էր այդ հանդիպման մանրամասների վերաբերյալ:

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի` «անցկացվել են քննարկումներ հայ-ադրբեջանական ակտիվ բանակցությունների անհրաժեշտության եւ զինադադարի պահպանման շուրջ»: Հաջիեւն այնուհետեւ նկատել էր, թե այս երկու գործոնները սերտորեն կապված են միմյանց, ապա հավելել էր, թե քանի որ շփման գծում եւ սահմաններում հարաբերական հանգիստ է, դա նշանակում է լավ ֆոն է ստեղծվել՝ «անցկացնելու սուբստանտիվ եւ ինտենսիվ բանակցություններ հակամարտության կարգավորման շուրջ: Դա ոչ մի կերպ չի նշանակում հակամարտության սառեցում կամ ստատուս քվոյի պահպանում: Ադրբեջանի վճռական դիրքորոշումն այն է, որ զավթողականության վրա հիմնված ստատուս քվոն պետք է շուտափույթ փոխվի»,- պարզաբանել էր Հաջիեւը: Վերջինս հավելել էր. «Բանակցությունների արդյունքում պետք է վերականգնվի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:

Այնուհետեւ Հաջիեւը տեղեկացրել էր, որ նշված հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Ալիեւը համաձայնություն են ձեռք բերել՝ անհրաժեշտության դեպքում հնարավորություններ ստեղծել կապի հաստատման համար. «Այդ կապը սիստեմատիկ բնույթ չի կրում եւ պետությունների ղեկավարների, ԱԳ նախարարների ու Պնախարարների մակարդակով չի կայանում, այլ իրականացվում է անհրաժեշտության դեպքում՝ ավելի ցածր մակարդակով»:

Թեեւ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ շարունակ պնդում են, թե Փաշինյանն ու Ալիեւը դեռ նույնիսկ իրական բանակցություններ չեն էլ հասցրել վարել (բացառությամբ Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունների), սակայն փաստ է, որ երկու երկրների ԱԳՆ-ները բանակցություններ վարում են, կարելի է նույնիսկ ասել՝ բավական ինտենսիվ:

Երեւանի ու Բաքվի միջեւ երկխոսություն կա՝ վստահեցրեց Մոսկվան

Մինչ Բաքուն ակտիվ բանակցային փուլի եւ Ադրբեջանի պահանջների մասին է հայտարարում՝ Մոսկվան էլ իր հերթին ակտիվ միջնորդական դեր ստանձնեց: Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, թե Մոսկվան եւ Երեւանը երկկողմ հարաբերությունների զարգացման շատ լավ ներուժ ունեն: «Մենք հսկայական ներուժ ունենք, կան բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու եւ պահպանելու այն դինամիկան, որի հիմքը դրվել է նախկինում: Մենք երկկողմ հարաբերությունների արտակարգ լավ դինամիկա ենք ունեցել, որոնք կառուցվել են տարիներով՝ իր նպաստը բերելով երկու երկրների ժողովուրդներին: Կարծում եմ՝ Հայաստանում գիտեն, թե որքան է Ռուսաստանը ներդրել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, թե՛ քաղաքական կամք, թե՛ նյութական ռեսուրսներ։ Եվ ես կրկնում եմ՝ մենք միշտ շահագրգռված ենք, որ մեր հարեւանները, մեր բարեկամ ժողովուրդները բարգավաճեն: Դա առաջին հերթին մեր շահերից է բխում»,- ասել էր Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ դինամիկան պետք է պահպանել եւ գուցե նայել համագործակցության նոր ուղիներ:

Այնուհետեւ Զախարովան հարկ էր համարել շեշտել, որ Երեւանի ու Բաքվի միջեւ երկխոսություն կա, եւ նրա խոսքով՝ դա ակնհայտ է: «Ռուսաստանը, ելնելով համանախագահների դերից, ակտիվորեն կնպաստի դրական դինամիկային՝ ուղղված գլխավոր նպատակին հասնելուն»,- նշել էր նա։ Պատասխանելով հարցին, թե կոչի ներքո ենթադրվում է երկու երկրների բնակչությանը խաղաղության պատրաստե՞լը, Զախարովան նշել է, որ դա կոնկրետ քայլերի ամբողջ համալիր է, որը պետք է մշակել, դրանով պետք է զբաղվեն կողմերն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։

Խոսելով այն մասին, թե կքննարկվի՞ ԼՂ հակամարտության կարգավորումը Բաքու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ, Զախարովան շեշտել էր՝ հակամարտության կարգավորումը միշտ գլխավոր թեմաներից մեկն է տարածաշրջան ԱԳ նախարարի այցերի եւ շփումների ժամանակ. «Ե՛վ Երեւանում, ե՛ւ Բաքվում միշտ քննարկվում է։ Սա հիմնական թեմա է։ ՌԴ-ն այդ գործընթացի համանախագահներից է»։

Ահա, պաշտոնական Մոսկվան արձանագրում է, որ Մոսկվան եւ Երեւանը երկկողմ հարաբերությունների զարգացման «շատ լավ ներուժ ունեն», այս ֆոնին կարեւորվում էին Ղարաբաղյան կարգավորման հնարավորությունները. պաշտոնական Մոսկվան արձանագրում էր, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ «հարեւանները, բարեկամ ժողովուրդները բարգավաճեն», ու դա «առաջին հերթին Ռուսաստանի շահերից է բխում»:

Մոսկվան զգացել է «Ալիեւի անկեղծ տրամադրվածությունը»

Դեկտեմբերի 13-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում էր, որտեղ նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարեց. «Մենք ցանկանում ենք աջակցություն առաջարկել Բաքվի եւ Երեւանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ուղիղ երկխոսություն ծավալելու հարցում»: Լավրովը Բաքու էր ժամանել Սեւծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների նիստին։

Ռուսաստանը ցանկանում է շարունակել նպաստել Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսությանը՝ նշել էր Սերգեյ Լավրովը՝ պնդելով, որ ադրբեջանական կողմը անկեղծ մտադրություն ունի շարունակելու բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Բաքվում Լավրովը լրագրողներին պատմել էր, որ նա երկար եւ հանգամանալից հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, եւ հավելել էր, թե Ալիեւը անկեղծ ուզում է վերականգնել եւ շարունակել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ արդյունավետ լուծում գտնել, եւ «Ռուսաստանը, որպես Ադրբեջանի եւ Հայաստանի մտերիմ գործընկեր եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ամեն ինչ անելու է փոխզիջման հասնելու պայմաններ ստեղծելու համար»։

Լավրովը նաեւ նշել է, որ այն հանդիպումները, որ եղել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների միջեւ, կայացել են մինչեւ Հայաստանում անցած խորհրդարանական ընտրությունները, եւ այսօր, երբ այդ ընտրություններն արդեն անցել են, եւ Հայաստանում ձեւավորվելու է նոր կառավարություն, հայկական կողմը պատրաստ կլինի վերականգնել բանակցային գործընթացը. «Մենք, իհարկե, չենք ձգտելու խնդրի կարգավորման սկզբունքային նոր որոշումների։ Կարգավորման հիմքերը հասկանալի են, բայց կփորձենք գտնել նոր կրեատիվ գաղափարներ, որոնք թույլ կտան ձեւակերպել կոնսենսուսը»:

Ալիեւը, ի դեպ, այդ օրերին հանդիպել էր նաեւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ։ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հերթական անգամ հայտարարել էր, որ Թուրքիան շարունակելու է ամբողջությամբ աջակցել Ադրբեջանին Ղարաբաղյան հարցում։ Ավելի վաղ պաշտոնական Անկարան հայտարարել էր, թե Հայաստանի հետ հարաբերությունները կարող են կարգավորվել միայն Ղարաբաղյան խնդրի կարգավորումից հետո։ Լավրովն այդ օրը հանդիպել էր նաեւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլիի հետ։

Այսպես, Բաքվում Լավրովի եւ Ադրբեջանի իշխանությունների հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն էր, եւ դատելով պաշտոնական հայտարարություններից՝ այն հիմնական թեմաներից մեկն է եղել։ Ավելին, Մոսկվան կարծես որդեգրել էր Բաքվի ցանկությունների մասին բարձրաձայնելով, թե Ալիեւը «անկեղծ տրամադրվածություն» ունի վերսկսել բանակցությունները Երեւանի հետ: Միաժամանակ, Մոսկվան էլ՝ ի դեմս Լավրովի, արձանագրում էր, որ Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կվերսկսեն բանակցություններն այն բանից հետո, երբ Հայաստանում կառավարություն ձեւավորվի:

Շարունակությունը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  15.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031