Լրահոս
Օրվա լրահոսը

Ձմեռային անվադողերով էլ մերկասառույցի վրա քշելն անհնար է

Հունվար 16,2019 15:00

Հունվարի 13-ի երեկոյան տեղացած ձյունը, որը շարունակվեց նաեւ գիշերը, կարելի է ասել, կրկին անակնկալի բերեց քաղաքային իշխանություններին: Գուցե նրանք զինված պատրաստված էին՝ պահեստներում աղ, ավազ ու կազմ ու պատրաստ ձյուն մաքրող մեքենաներ ունեին, սակայն մի շարք փողոցներում աշխատանքները սկսվեցին այն ժամանակ, երբ ձյունն արդեն հաստ շերտով նստել էր, եւ մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում էլ փողոցները սառցակալել էին: Այս մասին ահազանգում էին մասնավորապես Ջրվեժ համայնքի, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր վարչական շրջանների բնակիչները:

Դատելով քաղաքացիների` սոցցանցերում արված գրառումներից ու տեղադրված լուսանկարներից՝ ձյան ու մերկասառույցի պատճառով խցանումներ էին սկսվել Նոր Նորքի 8-րդ, 5-րդ, 2-րդ զանգվածների գլխավոր փողոցներում, մայրաքաղաքի Ռուբինյաց, Ազատության փողոցներում, Մյասնիկյան պողոտայում, Ավան համայնքի որոշ փողոցներում:

Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի պատասխանատուները, որտեղ էլ քննարկվում էր բողոքների մի մասը, ակտիվորեն արձագանքում էր օգտատերերի դժգոհություններին` նշելով, որ ձյան մաքրման աշխատանքները լայն թափով իրականացվում են բոլոր համայնքներում, հատկապես կենտրոնական, գլխավոր փողոցներում եւ շատ վայրերում էլ` անգամ երկրորդական փողոցներում, սակայն ձյան ինտենսիվ գալու պայմաններում հնարավոր չէ քաղաքն ազատել ձնից: Եվ փողոցները մաքուր կտեսնենք միայն ձյունը դադարելուց հետո:

Քաղաքապետարանի պատասխանատուները նաեւ կոչ էին անում ձմեռային անվադողերով երթեւեկել եւ վստահեցնում, որ վթարների մի մասը անվադողերը չփոխելով է պայմանավորված: Այս մասին երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեց նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա խոսքով՝ ողջ գիշեր ձյուն մաքրող տեխնիկան աշխատել է: Ասաց նաեւ, որ ինքը նույնպես ողջ գիշեր շրջել է մայրաքաղաքում: Ի պատասխան քաղաքապետի դիտարկումներին՝ քաղաքացիները նշում էին, որ իրենց ավտոմեքենաներն էլ ձմեռային անվադողերով են, սակայն, միեւնույն է, մերկասառույցի վրա քշելն անհնար է:

Որոշ քաղաքացիներ էլ դժգոհում էին, որ իրենց թաղամասերում մայթերն էլ անանցանելի են:

Սեփ. լր.

Լուսանկարները` քաղաքապետարանի եւ ֆեյսբուքյան օգտատերերի կայքէջի

«Առավոտ» օրաթերթ, 

15.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031