Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է Երեւանի կոնսերվատորիայում էլ բացել էլեկտրոնային ակադեմիական երաժշտության դասարան

Հունվար 16,2019 13:00

Համոզված է երիտասարդ կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը

Էլեկտրոնային երաժշտությունը 20-րդ դարի երկրորդ կեսին ձեւավորված ընդգրկուն ժանր է, որը ներառում է բոլոր այն երաժշտական ոճերը, որոնք ստեղծվել են էլեկտրոնային երաժշտական գործիքների եւ տեխնոլոգիաների միջոցով: Մեր իրականությունում լայն լսարանը էլեկտրոնային երաժշտությունը ասոցացնում է ակումբային, պարային երաժշտության այնպիսի ուղղությունների հետ, ինչպիսիք են Techno, Electro, House, Trance եւ այլն, որոնց սկիզբը համարվում է 1970-ականների վերջը: Մեզ մոտ հայտնի են նաեւ այս ժանրում տեխնո-ռեմիքսների ստեղծումը՝ հանրահայտ երգերի հիման վրա: Բայց դեռեւս լայն լսարանին հայտնի չէ էլեկտրոնային ակադեմիական երաժշտությունը, թեպետ Հայաստանում 2017-ից անցկացվող ժամանակակից երաժշտության Crossroads միջազգային փառատոնի շրջանակներում մեկ անգամ՝ 2018թ. գարնանը հնչել է երիտասարդ կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանի ֆլեյտայի եւ էլեկտրոնայինների համար գրված գործը (մենակատար՝ Արամ Հովհաննիսյան):

Կոմպոզիտորը՝ ֆլեյտահար Արամ Հովհաննիսյանի հետ:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Ումրոյանը, որը հանդիսանում է դեռեւս 2013թ. Հայաստանում հիմնած Armenian National Music կայքի հիմնադիրը, նախ ասաց, թե կայքում տեղ են գտել հոգեւոր, ժողովրդական երաժշտությունից մինչեւ Կոմիտասի, Խաչատրյանի, Տերտերյանի, ընդհուպ Ռուբեն Սարգսյանի, Լեւոն Չաուշյանի, Երվանդ Երկանյանի եւ մյուս ժամանակակիցների գործերը, ձայնադարանում պահվում է ավելի քան 1500 ստեղծագործություն: Փորձում են ընդլայնել կայքը՝ հետագայում նպատակ ունենալով տեղադրել նաեւ երկերի նոտային օրինակներ: «2015թ. հանդիպեցի կոմպոզիտորներ, այն տարիներին շվեյցարաբնակ Արամ Հովհաննիսյանին, գերմանաբնակ Ռուբեն Անտոնյանին եւ Անդրանիկ Բերբերյանին, ստեղծեցինք «Քառորդ տոն» կազմակերպությունը: 2017-ից անցկացրինք միջազգային փառատոներ՝ համագործակցելով բելգիահայ դաշնակահարուհի Լորանա Մխիթարյանի հետ: Կայացել են համերգներ, վարպետության դասեր, սեմինարներ համաշխարհային այնպիսի ճանաչված դեմքերի մասնակցությամբ, ինչպիսիք են կոմպոզիտորներ, Բելգիայի թագավորական ակադեմիայի անդամ, Փարիզի եւ Մոնսի կոնսերվատորիաների պրոֆեսոր Կլոդ Լեդուինը, ֆրանսահայ Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանը, 2018-ին հրավիրեցինք կոմպոզիտոր Ժան Պիեռ Դելեոզին, կանադաբնակ մեր հայրենակից Վահրամ Սարգսյանին եւ այլն»,- հայտնեց կոմպոզիտորը: Հարցին՝ որտե՞ղ կամ ո՞ւմ մոտ է ուսումնասիրել էլեկտրոնային ակադեմիական երաժշտություն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախ ուսումնասիրել եմ առցանց դասընթացների միջոցով եւ իմ հիանալի գործընկերոջ՝ լիտվացի հայազգի Անդրիուս Արությունյանի օգնությամբ, որն էլեկտրոնային երաժշտություն է ուսումնասիրել Հոլանդիայի Հաագա քաղաքի կոնսերվատորիայում: Անդրիուսը վարպետության դասեր է անցկացրել Crossroads միջազգային փառատոնի շրջանակներում»:

Սերգեյ Ումրոյանին խնդրեցինք մեր ընթերցողին հակիրճ ու հասկանալի ներկայացնել էլեկտրոնային երաժշտություն ասվածը: Կոմպոզիտորի խոսքերով՝ ստեղծագործությունը կատարվում է նախապես պատրաստված տեսանոտագրությամբ, որտեղ մենակատարը հետեւում է էլեկտրոնայինների տեղաշարժին՝ կատարելով իր պարտիան:

Սերգեյ Ումրոյանը, Արամ Հովհաննիսյանը եւ Անդրիուս Արությունյանը:

Զրույցի ընթացքում երաժիշտը հավաստիացրեց, որ եվրոպական բոլոր կոնսերվատորիաների օրինակով անհրաժեշտ է Երեւանի կոնսերվատորիայում էլ բացել էլեկտրոնային ակադեմիական երաժշտության դասարան: Հետո էլ հավելեց, որ պետք չէ շտապել, որպեսզի այն ստեղծվի բացառապես պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Տեղեկացրեց նաեւ, որ այս տարի գարնանը կայանալիք Crossroads փառատոնի ժամանակ կհյուրընկալեն հայտնի դեմքերի նույնպես: Նշեց իտալացի կոմպոզիտոր, դիրիժիոր Պաոլո Ռիչիի, կոմպոզիտորներ, բելգիացի Ժան-Լյուք Ֆաֆշամի եւ մոսկվաբնակ Արման Ղուշչյանի անունները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

15.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հարգելի երիտասարդներ, ես հարգում եմ ձեր բոլոր տեսակետները, բայց մեր սերունդը անցել է այդ փորձությունների միջով: Դուք էլ անցեք: Բայց հիշեք, որ արվեստի և արվեստագետի նպատակը հասարակության հոգևոր պահանջները բավարարելն է: Այդ դեպքում է, որ հասարակությունը գնահատում է արվեստագետին՝ թե՛ նյութապես և թե՛ բարոյապես … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

  2. Աննա says:

    Դա մի կողմ, երաժշտությունների որակն է կարևոր: Հատկապես սեփական…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031