Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԿ-ն ուժեղացնում է իր «ոստիկանական» ճնշումները

Հունվար 16,2019 12:30

ՀՀ ԲՈԿ-ը «նախատոնական նվեր» մատուցեց գիտնականներին՝ հրապարակելով, այսպես կոչված, «ընդունելի» պարբերականների ցանկը: Համաձայն ընդունելի հանդեսների վերաբերյալ 86Ա հրամանի (28.12.18թ), պարբերականներին ներկայացվող պահանջները բավականին համընդհանուր եւ մակերեսային են, բայց դա էլ չխանգարեց, որպեսզի ՀՀ ԲՈԿ-ը իր հերթական վիրավորանքը հասցնի մտավորականությանը, մարդկանց, որոնք տարիներ շարունակ լծվել են գիտական հանդեսների հրատարակմանը եւ պահպանմանը: Գոնե ինձ համար անհասկանալի է, թե ինչու պետք է ԲՈԿ-ն իրեն վերագրի «Մտավորականների Ամենայն Հայոց Դատավոր»-ի կարգավիճակ եւ առանց իսկ վարանելու, այսպես կոչված՝ ընդունելի պարբերականների ցանկով «դատավճիռ» կայացնի այս կամ այն պարբերականի նկատմամբ: Ավելի քան համոզված եմ, որ այդ որոշումները կայացվել են կանոնակարգային կոպիտ խախտումներով եւ կարող են հիմք հանդիսանալ հակընդդեմ դատական գործընթացների:

Բայց հիմա կարեւորը դա չեմ համարում: Այստեղ առավել խորքային եւ վտանգավոր հիմնախնդիրներ եմ տեսնում: Տարիներ շարունակ մեր երկրից շարունակվում է ուղեղների արտահոսքը, կուտակված մարդկային կապիտալի փոշիացումը, հիմա էլ, այս իրավիճակում սկսել են վարկաբեկել մտավորականներին, որոնք ոչ արժանավայել ֆինանսավորմամբ երկրում գիտություն են պահում: Ի՞նչ եք պահանջում հայազգի գիտնականներից, որպեսզի նրանք արդյունքներ ապահովեն ինչպես Հարվարդում կամ Քեմբրիջում: Մեր հարգարժան չինովնիկները, որ հարկատուների հաշվին գրեթե կրկնակի ավելի աշխատավարձ են ստանում, քան ՀՀ համալսարանների պրոֆեսորները, այդ ինչպե՞ս են իրենց գործելաոճով սատարում գիտությանը, որ հիմա էլ միջազգային չափանիշներով գիտական պարբերականներից որակ սպասում: Իսկ ինչ վերաբերում է, այսպես կոչված, «ընդունելի պարբերականների» ցանկին, ապա պետք է ընդգծեմ, որ դա անցյալից եկած մնացուկ է եւ լուրջ վերաբերմունքի չպետք է արժանանա: Երբ չկար համացանց, ասպիրանտական հետազոտության գիտական նորույթի տարածման միակ ձեւը հոդվածների հրապարակումն էր: Հիմա արդեն, ատենախոսությունները ամբողջովին տեղադրվում են համացանցում եւ կարծես թե անիմաստ է դառնում դրա առանձին մասերը` նորից հոդվածների ձեւաչափով հրապարակելը: Ի դեպ, դոկտորանտուրայի բարձր համբավ ունեցող Միացյալ Թագավորությունում, դոկտորանտի կողմից հոդվածի հրապարակման պարտադիր պահանջ չի դրվում:

Ուրեմն ինչ է ստացվում, որ ՀՀ ԲՈԿ-ը աստիճանաբար ուժեղացնում է իր «ոստիկանական» ճնշումները, արհեստականորեն խառնաշփոթ ստեղծում առանց այն էլ սուղ ռեսուրսներով գոյատեւող գիտության համակարգում: Եթե ցանկանում ենք գիտության ասպարեզում որակ ստեղծել, ապա անհրաժեշտ է հրաժարվել ԲՈԿ-ի այս անիմաստ վարչարարության բեռից եւ անցնել կառուցողական գործառույթների: Մասնավորապես, ատենախոսության թեմաները հաստատել՝ ելնելով գործատուների պահանջմունքներից եւ կատարել նրանց կողմից առաջադրվող հետազոտական պատվերներ` ընթացքում ձեւավորելով հետազոտական արժեք եւ գիտական նորույթ, ինչը որ այժմ արվում է միջազգային գիտակրթական շուկայում: Միայն այս դեպքում կունենանք հետազոտական առողջ արդյունքներ, որոնք առաջ կմղեն երկրի սոցիալ-տնտեսական ընթացքը: Թե չէ հիմա ինչ է ստացվում, ունենք անցյալի մնացուկ ԲՈԿ, որն զբաղվում է մանր-մունր բաներով: Օրինակ, պլագիատ է բացահայտում, անգամ չկողմնորոշվելով պլագիատի եւ արտագրության տարբերության հարցում, կամ ընդամենը մեկ «ծպտված» փորձագետով որակազրկում ատենախոսության ամբողջ պաշտապանական գործընթացի փուլերը (ամբիոնական, առաջատար կազմակերպությունների, մասնագիտական խորհուրդների քննարկումներ): Ուրեմն եկեք մեզ հարցնենք, թե ինչո՞ւ գիտության ջահակիր երկրներում ԲՈԿ չկա, բայց փոխարենը կա առաջադեմ գիտագործնական եւ հետազոտական վերջնարդյունք: Ինձ համար այդ հարցը ունի մեկ պատասխան: Գիտության նկատմամբ «ոստիականական» մեթոդների կիրառումը պարզապես այնտեղ անթույլատրելի է: Ի դեպ, ԲՈՀ-ը բոլշեւիկյան կառույց էր, որ ընդամենը ճնշում էր գործադրում խորհրդային մտավորականների վրա: Պարզապես այդ կառույցը թավշյա հեղափոխության սիրո եւ համերաշխության մթնոլորտում չի կարող նույն սկզբունքներով գործառույթներ իրականացնել: Իսկ թե ցանկանում ենք առաջադիմել գիտության ասպարեզում, ապա պետք է ակտիվացնենք շահառուների շղթան (համալսարաններ-գիտության շուկա -պետություն -հետազոտության պատվիրատու կազմակերպություններ), եւ չպետք է պասիվ դիրք գրավելով սպասենք` եկող ու անցնող չինովնիկների քմահաճ որոշումներին:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ, 

15.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. `Ամբողջովին համամիտ եմ պրոֆեսոր Ա. Ճուղուրյանի տեսակետին:

  2. gib.gibindus says:

    https://www.a1plus.am/35160.html
    Շատ մի լսեք դրան՝հիմարություն է ասում: Նրան լավագույն դեպքում ՛՛Հայբուսակ՛՛-ն է սպասում: Ինչ Օքսֆորդ ու Քեմբրիջ: ԲՈՀ-ը պվյալ դեպքում անում է նորմալ և հասկանալի բաներ: Այդ ամսագրերում տպագրված հոդվածները ոչ մի արժեք չունեն, որովհետև չեն անցնում գրախոսություն:

  3. Ավետիս Սադոյան says:

    Բռավո ԲՈԿին որ վերջապես սկել է մաքրել գիտականամերձ միջավայրը ՀՀԿ կիսագրագետ միջակություններց․․․․
    Մեջբերեմ-․․Գոնե ինձ համար անհասկանալի է, թե ինչու պետք է ԲՈԿ-ն իրեն վերագրի «Մտավորականների Ամենայն Հայոց Դատավոր»-ի կարգավիճակ եւ առանց իսկ վարանելու, այսպես կոչված՝ ընդունելի պարբերականների ցանկով «դատավճիռ» կայացնի ․․․
    -Հարգելիս, ԲՈԿի իմաստն էլ հենց դա է, որ ստուգի և մերժի գիտական չափանիշներին չբավարարող աշխատանքները ու այդպիսի աշխատանքներ տպող հանդեսները․․․․որ պահանջի Գիտնականից գիտական արդյունք, Հարվարդի ու Քեմբրիջի մակարդակի արդյունք, այլ ոչ թե Ծապլվար գյուղի գյուղամեջի ակումբին համապատասխան արդյունք․․․․

  4. Արա Կիրակոսյան says:

    Վերլուծությունը բավականին անտրամաբանական է, նաև պարունակում է ոչ ճիշտ ինֆորմացիա: Նախ՝ արտասահմանում, ատենախոսության թեմայի ընտրությունը ազատականացված է, և ոչ մեկ չի կարող պարտադրված թեմաների ցանկ դնել: Հիմա անդրադառնամ ԲՈՀ -ին: Վարկանիշային հոդվածների պարտադիր լինելը շատ կարևոր է, այսինքն ԲՈՀ – ը դա կորոշի, թէ արտասահմանում ընդունված տարրական նորմի կիրառումը (որն իդեպ անվերապահորեն ընդունվում է բոլոր գիտնականների և համալսարանների կողմից) առ այն, որ գիտնականի աշխատանքը կարղ է հավաստի լինել, եթե հոդվածները տպագրված են «peer reviewed» ամսագրերում: Մյուս կողմից՝ եթե դու չունես նման հոդվածներ, դու ուղղակի չես դիմանա որևե լուրջ մրցակցության: Հիմա անդրադառնանք Հայաստանին, անցումային շրջանում նման հսկողությունը պարտադիր է: Ինչ՞ է նշանակում, մեր մոտ գիտնականը չի կարող մրցունակ լինել, կամ հնարավորություն չունի որակյալ գիտական աշխատանք կատարել… Կներեք, բայց «պսեվդոգիտությամբ» զբաղվել նշանակում է զբաղվել «տուֆտալոգիայով», ուրեմն ինչ՞գիտություն, կամ ինչ՞ գիտական աստիճանի մասին է խոսքը: Տպագրվել «open access» տիպի անիմաստ ամսագրերում՝ նույնպես խորհուրդ չի տրվում: Իսկ հայկական գիտական ամսագրերը, ընդհանրապես, ոչ գիտական արժեք, ոչ էլ հավաստիություն չեն ներշնչում: Հավանաբար այս թեմային ավելի մանրամասն կանդրադառնամ հետագայում…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031