Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Ըստ ԱՄՆ Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանի Վաղ նախազգուշացման ծրագրի՝ Թուրքիան ութերորդն է զանգվածային սպանությունների իրականացման ամենաբարձր ռիսկ ունեցող երկրների շարքում: Ադրբեջանը անճշտորեն ավելի ցածր՝ 87-րդ տեղում է, իսկ Հայաստանը իրավամբ զբաղեցնում է նույնիսկ ավելի ցածր՝ 102-րդ տեղը: Թուրքիան գնահատվում է որպես 11.2 տոկոս կամ իննից մեկ հնարավորություն ունեցող երկիր՝ 2019 թ. նոր զանգվածային սպանությունների իրականացման առումով:
Վաղ նախազգուշացման ծրագիրը հայտարարել է, որ «ցեղասպանությունները երբեք ինքնաբուխ չեն, դրանց միշտ նախորդում են մի շարք վաղ ահազանգման նշաններ: Եթե այդ նշանները հայտնաբերվեն, դրանց պատճառները կարող են վերացվել՝ կանխելով աղետալի առաջընթացի հնարավորությունը»:
Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանի հիմնադրման կանոնադրության մեջ, որը գրել է Հոլոքոստը վերապրած Էլի Վիզելը, ասվում է, որ «միայն անցյալի սխալներից սովորելու գիտակցված, ջանադիր փորձը կարող է կանխել դրանց կրկնությունը ցանկացած ռասայական, կրոնական, էթնիկական կամ ազգային խմբի նկատմամբ: Եթե որևէ հուշահամալիր չի արձագանքում ապագայի դեպքերին, նույնպես ոտնահարում է անցյալի հիշողությունը»:
Թուրքիայի կողմից կրկին ցեղասպանություն իրականացնելու բարձր ռիսկը հիմնված է նրա անցյալի և ներկայիս գործողությունների վրա: Թուրքական կառավարությունը ոչ միայն մեկ դար առաջ է իրագործել ցեղասպանություն հայերի, ասորիների և հույների դեմ, այլև շարունակում է զանգվածային սպանություններ կատարել իր փոքրամասնություն հանդիսացող քրդերի դեմ: Ավելի մտահոգիչ է այն փաստը, որ Թուրքիայի ղեկավարները ժխտում են զանգվածային սպանությունների պատմությունը և անամոթաբար մնում են չապաշխարած, ինչը հանգեցնում է մարդկության դեմ նոր հանցագործությունների կատարման…
Թուրքիայի ցեղասպանական ռիսկը թերագնահատված է, քանի որ ուսումնասիրությունը ներառում է միայն երկրի ներսում կատարված զանգվածային սպանությունները, բացառելով միջպետական հակամարտության զոհերին: Քանի որ Թուրքիան ներգրավված է Սիրիայում և Իրաքում քրդերի դեմ լայնածավալ զինված հարձակումներում և սպառնում է ընդլայնել ռազմական գործողությունները Հյուսիսային Սիրիայում, ապա զանգվածային հանցագործությունների կատարման ռիսկը շատ ավելի բարձր է, քան նշված է ուսումնասիրության մեջ:
Վաղ նախազգուշացման ծրագրում բացատրվում է, որ 2016 թ. Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձը բարձրացրել է զանգվածային սպանությունների հնարավորությունը: Ավելի քան 100 հազար զինվորական և քաղաքացիական աշխատողներ հեռացվել են, իսկ տասնյակ հազարավորներ բանտարկվել, շատերը՝ առանց դատավարության: «Այլ [թուրքական ցեղասպանության] ռիսկի գործոնները ներառում են մարդկանց շարժման ազատության բացակայությունը, երկրի անոկրատիկ վարչակարգի տեսակը [բռնատիրական և ժողովրդավարական հատկանիշների խառնուրդ], մեծ բնակչությունը, զանգվածային սպանությունների պատմությունը և շարունակվող հակամարտությունը կառավարության ու քուրդ ապստամբների միջև»:
Թուրք լրագրողը բանտարկվել է ճշմարտությունն ասելու համար
Ստամբուլի դատարանը թուրք լրագրող Փելին Ունքերին դատապարտել է 13,5 ամսվա ազատազրկման, նրան մեղադրելով երկրի նախկին վարչապետին և նրա երկու որդիներին զրպարտելու մեջ: 2018 թ, հունվարի 8-ին նա նաև տուգանվել է 1615 դոլարով:
Ունքերը հոդված էր գրել թուրքական «Ջումհուրիեթ» թերթում, բացահայտելով, որ նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմն ու նրա երկու որդիների ունեն հինգ նավային ընկերություններ Մալթայում: Երկու տարի վարչապետի պաշտոնում աշխատելուց հետո, Յըլդըրըմը դարձավ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ: Նա ներկայումս Ստամբուլի քաղաքապետի թեկնածու է նախագահ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից:
Յըլդըրըմի ընտանիքի ընկերությունների սեփականությունը Մալթայում բացահայտվել է «Դրախտի փաստաթղթեր»-ի (Paradise Papers) կողմից և տպագրվել է աշխարհի տարբեր թերթերում: Ինչպես ես տեղեկացրել էի 2017 թ. հունիսին գրած իմ հոդվածում, Յըլդըրըմի ընտանիքին են պատկանում 140 միլիոն դոլար արժողությամբ հետևյալ նավային ու այլ օտարերկրյա ունեցվածք.
– 18 նավ (հոլանդական կոնգլոմերատներ՝ մասամբ կամ ամբողջությամբ սեփականացված).
– 1 նավ (Նիդեռլանդների Անթիլյան ընկերություն).
– 4 մալթական ընկերություն.
– 7 սեփականություն Նիդեռլանդներում.
– 8 նավ Նիդեռլանդներում.
– 3 նավ Մալթայում:
Տարօրինակ է, որ Յըլդիրիմի ունեցվածքի բացահայտման համար Փելին Ունքերը միակ պատժված լրագրողն է: Ունքերը հայտարարել է, որ բողոքարկելու է անարդար դատավճիռը, քանի որ Յըլդըրիմը դատարանում ընդունել է, որ օֆշորային տուրքերից ազատ գոտում գտնվող այդ ընկերությունները պատկանում են իրեն: 2017 թ. նոյեմբերին նախկին վարչապետը և նրա որդիները դատի էին տվել Ունքերին, նրան մեղադրելով «պետական պաշտոնյային վիրավորելու և զրպարտելու մեջ»:
Անկախ լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) տնօրեն Ջերարդ Ռայլը դատապարտել է Ունքերի պատժումը որպես «ևս մեկ խայտառակ հարձակում խոսքի ազատության վրա Թուրքիայում»: Ռայլն ավելացրել է. «դատավճիռն անտեսել է «Դրախտի փաստաթղթեր»-ի հետաքննության ճշմարտությունը և կարող է ճնշիչ ազդեցություն ունենալ Թուրքիայում մնացած մամուլի չնչին ազատության վրա: Այս անարդար դատավճիռը կայացվել է արդարացի և ճշմարիտ լրագրությունը լռեցնելու համար: Ուրիշ ոչինչ: ICIJ-ը ողջունում է Փելին Ունքերի հետաքննության մասին խիզախ և ճշմարիտ հաշվետվությունը և դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնակալ իշխանության ներքո լրագրողական ազատության այս վերջին հարձակումը»:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2018 թ. Աշխարհի ազատ մամուլի ինդեքսում Թուրքիան 180 երկրների շարքում գրավել է 157-րդ տեղը: Այդ կազմակերպությունը Թուրքիային բնութագրել է որպես «աշխարհի ամենամեծ բանտը պրոֆեսիոնալ լրագրողների համար»:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
«…օֆշորային տուրքերից ազատ գոտում…» թե՞, այնուամենայնիվ, «տուրքերից ազատ օֆշորային գոտում». անհասկանալի են «…օֆշորային տուրքեր» և դրանցից «ազատ գոտի» հասկացությունները