Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գոնե ինձ վրա Մանեն ավելի կրթված և գրագետ մարդու տպավորություն է թողնում, քան Վահեն. «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ

Հունվար 15,2019 23:35

Եթե Մանե Թանդիլյանին ու Վահե Էնֆիաջյանին համեմատենք անհատական հարթության մեջ, ապա իմ ընտրությունը կլիներ Մանեի օգտին:
Մանե Թանդիլյանը հանրությանը հայտնի է դարձել, քաղաքական պայքարի դաշտ է մտել որպես քաղաքացիական ակտիվիստ, որպես նախկին կոռուպցիոն ռեժիմի խնդրահարույց որոշումներից մեկի դեմ պայքարող քաղաքացիական ակտիվ խմբի, սոցիալական շարժման նախաձեռնողներից մեկը և այդ պայքարի առաջամարտիկներից մեկը: Վահե Էնֆիաջյանը քաղաքական դաշտ է մտել որպես ԲՀԿ անդամ, որն ավելի շատ ոչ թե կուսակցություն է, այլ բիզնես ակումբ, որի միակ նպատակը մեկ անձի՝ Գագիկ Ծառուկյանի շահերի պաշտպանությունն է:

Գոնե ինձ վրա Մանեն ավելի կրթված և գրագետ մարդու տպավորություն է թողնում, քան Վահեն, ավելի ներկայանալի է միջազգային հարթակներում, իսկ խորհրդարանի փոխնախագահի հիմնական գործառույթներից մեկը հենց միջազգային շփումներ են, մնացած առումներով փոխնախագահի լիազորությունները շատ քիչ են տարբերվում սովորական պատգամավորի լիազորություններից: Քանի որ շատերը սիրում են շեշտել ձայների տարբերությունը, ապա պետք է նշել, որ Մանե Թանդիլյանը անհատապես մոտ 2-3 անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան Վահե Էնֆիաջյանը, ընդ որում՝ նույն ընտրատարածքում:

Եվ վերջապես վերջին, բայց ոչ ամենաանկարևոր փաստարկները՝ Էնֆիաջյանը իր կողմնակիցների հետ ներխուժեց ընտրական պրոցեսում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ասուլիսի սրահ, որտեղ Էնֆիաջյանի կողմից խրախուսվող կողմնակիցները խուլիգանական. գործողություններով փորձում էին տապալել ասուլիսը և լռեցնել դիտորդներին: Դրանից հետո նաև մամուլում հրապարակվեց կոնկրետ փաստերով և ապացույցներով հոդված, որտեղ ցույց է տրվում, որ ԲՀԿ-ի համար աշխատող ֆեյքերին ղեկավարում է Վահե Էնֆիաջյանը:

Դավիթ Հովհաննիսյան

Ընդհանրապես ԲՀԿ-ի հետ առնչվող ֆեյք երևույթները չափազանց շատ են՝ բացի ֆեյսբուքի ֆեյք պրոֆիլներից նաև ֆեյք հկ-ներ բարձրագոչ անուններով, ինչպես օրինակ «Երիտասարդական կառավարություն», ֆեյք դիտորդական առաքելություններ: Եվ այդ բոլոր ֆեյք կազմակերպությունները, ըստ էության, առնչվում են Վահե Էնֆիաջյանի հետ:

Բայց արդյո՞ք սա անհատների միջև ընտրություն է: Եթե գործադիրում մի պաշտոնի նշանակման հարց լիներ՝ գուցե կարելի էր նշանակել Մանե Թանդիլյանին (նորից): Բայց սա Սահմանադրությամբ նախատեսված քաղաքական ընտրություններ են, Սահմանադրությունն է սահմանել, որ խորհրդարանի փոխնախագահի պաշտոններից մեկը տրվում է ընդդիմադիր խմբակցություններին, Վահե Էնֆիաջյանը և Մանե Թանդիլյանը փոխնախագահի թեկնածուներ են, որովհետև ներկայացնում են այդ երկու քաղաքական ուժերին, հետևաբար ընտրությունը պետք է կատարվի նախևառաջ քաղաքական ուժերի միջև: Անձերի ով լինելը այստեղ կարևոր է, բայց ոչ առաջնայինը:

Իմ քայլն ասում է, որ ինքն առաջնորդվում է այն սկզբունքով, թե երկու ուժերից որ մեկն է ավելի շատ ձայն ստացել ընտրությունների ընթացքում: Սա իհարկե տրամաբանական է, բայց հասկանալի է, որ միակ չափորոշիչը չի, որով կարելի է ընտրություն կատարել և այս սկզբունքին ոչ միշտ կարող է նախապատվություն տրվել մանավանդ, որ Սահմանադրությունն ինքը ազատ ընտրության հնարավորություն է տալիս: Այս սկզբունքին լուրջ հակափաստարկներ կարող են լինել: Ամենաարժեքավոր հակափաստարկն այն հարցադրումն է, թե իսկ ինչպես է ստացվել, որ հենց ԲՀԿ-ն է զբաղեցրել երկրորդ տեղը: Չէ որ տարիներ շարունակ նախկին ավտորիտար ռեժիմի կողմից հետևողականորեն տարվել է քաղաքական համակարգի ոչնչացման, ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ հալածանքների, ճնշումների, ձերբակալությունների քաղաքականություն, որի արդյունքում քաղաքական դաշտը փոշիացվել է, շատ ընդդիմադիր ուժեր մեկուսացվել և պարալիզացվել են: Այս պայմաններում է, որ հսկայական կապիտալի տիրապետող և ռեժիմի կողմից Ա1+-ի կապուղին նվեր ստացած կուսակցությունը զբաղեցրել է երկրորդ տեղը:

Կամ եթե հանրապետական կուսակցությանը հաջողվեր իր իշխանությունից ժառանգություն մնացած ֆինանսական, կրիմինալ, վարչական լծակների կիրառման արդյունքում 3.5% ավել ձայն ստանալ և զբաղեցնել երկրորդ տեղը, հասկանալի է, որ ՀՀԿ-ի թեկնածուին փոխնախագահ չէին ընտրելու:

Ինձ համար այստեղ ամենակարևոր չափորոշիչը Ապրիլյան հեղափոխության ժամանակ քաղաքական ուժի ցուցաբերած վարքագիծն է:
Այսօրվա հանրապետությունը կամ այսօրվա մեր իրականությունը ստեղծվել է Ապրիլյան հեղափոխության արդյունքում և բնական է, որ հենց դա պետք է լինի գլխավոր չափանիշը:

Քաղաքական ուժերից միակը, որ եղել է հեղափոխական հարթակում, Քաղաքացիական պայմանագիրն է: Մյուս կուսակցություններից որևէ մեկը չի կարող գլուխ գովալ, որ մասնակից է եղել շարժման համակարգման աշխատանքներին: Բայց որոշ ուժեր եղել են հեղափոխական շարժման շարքերում, որոշները պահել են նեյրտրալիտետ, որոշները թիկունքից հարձակվել են և խանգարել: Վերջինի ամենացայտուն օրինակը Լուսավոր Հայաստանն է: Այս կուսակցության ղեկավարները պարբերական հարցազրույցներով մեղադրանքներ են հնչեցրել շարժման հարթակում կանգնած լիդերների նկատմամբ՝ մեղադրելով նրանց մարդկանց արկածախնդրության և արյունահեղության տանելու մեջ և նույնիսկ առաջարկելով(հայտնի չէ՝ ում կողմից) պաշտոններ զբաղեցնել հեղափոխությունը կանգնեցնելու դիմաց:

Ի տարբերություն Մարուքյանի կուսակցության՝ ԲՀԿ-ն պահպանել է չեզոքություն, համենայն դեպս մինչև Սերժ Սարգսյանի ՝ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ» արտահայտությունը: Իհարկե ԲՀԿ-ի պահվածքը նույնպես իդեալական չի եղել, որովհետև ԲՀԿ որոշ պատգամավորներ կողմ են քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, բայց ԲՀԿ-ն չի եղել ՔՊ-ի հետ նույն խմբակցության մեջ ընդգրված կուսակցություն, իսկ կողմ քվեարկած գործարար պատգամավորները՝ Սերժ Սարգսյանի փաթեթը ԲՀԿ-ի ներսում, որոնք այսօր հիմնականում էլ այդտեղ չեն:

Հրապարակայնորեն ԲՀԿ-ն պահպանել է չեզոքություն, որը մի մակարդակով բարձր է ԼՀԿ-ի պահվածքից, հատկապես եթե հաշվի առնենք, որ Լուսավորը եղել է Ելք դաշինքի անդամ, հետևաբար և նրանից ակնկալիքը ավելի մեծ է եղել:

Այս իրավիճակում, ինչպես ասում են՝ այլ հավասար պայմաններում, կարծում եմ բնական է, որ նախապատվությունը տրվում է առավել շատ ձայն ստացած քաղաքական ուժի թեկնածուին:

Դավիթ Հովհաննիսյան
Մերժիր Սերժին նախաձեռնության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031