Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդրական նախաձեռնության առաջարկ՝ ներման հրապարակայնության մասով

Հունվար 15,2019 23:13

ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ամփոփելով ներման գործընթացի հրապարակայնության վերաբերյալ իմ էջում արված հարցման արդյունքները՝ 82% ՝այո եւ 18%՝ ոչ, ինչպես նաեւ այս օրերին շարունակվող քննարկումները եւ տարբեր դիրքորոշումները՝ պարզ է դառնում, որ հասարակությունը պետք է հնարավորություն ունենա իմանալ՝ ինչ պայմաններում, ինչ չափանիշների հիման վրա է կոնկրետ անձին ներում շնորհվել։ Ասվածը ամենեւին չի նշանակում, որ ներման ողջ գործընթացը պետք է լինի հրապարակային, այլ այն, որ ներման գործընթացի որոշակի փուլում տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը։

  1. Գործընթացի սկզբնական եւ միջանկյալ փուլերում հրապարակայնությունը կարող է ազդել վերջնական որոշման կայացման անաչառության վրա , այդ իսկ պատճառով կարծում եմ՝ ներման վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հրապարակվի վերջին փուլում, այսինքն՝ երբ նախագահը որոշում է ներում շնորհել կամ մերժել ներումը։ Ընդ որում՝ հրապարակայնեցնելով որ փուլում որ մարմինը ինչ որոշում է կայացրել։ Այս պարագայում մի կողմից որեւէ ճնշում չի կարող գործադրվել ներման գործընթացի մեջ ներգրավված անձանց նկատմամբ, քանի որ պահպանվում է գաղտնիությունը, մյուս կողմից էլ այդ անձինք կգործեն ավելի հաշվետու կերպով, քանի որ կիմանան, որ իրենց որոշման մասին ի վերջո հասարակությունը տեղեկանալու է։
  2. Սրա հետ մեկտեղ տուժողների եւ նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ է սահմանել ընթացակարգեր ներման գործընթացի սկզբնական կամ միջանկյալ փուլերում նրանց դիրքորոշումը լսելի դարձնելու համար։ Օրինակ` սահմանվի ներման գործընթացի վերաբերյալ տուժողին իրազեկելու ընթացակարգեր` միեւնույն ժամանակ ամրագրելով, որ տուժողը քրեական պատասխանատվության ուժով չի կարող հրապարակել ներման մասին տեղեկատվություն մինչեւ վերջնական որոշման կայացումը՝ ամեն տեսակ ազդեցությունից խուսափելու համար։ Այս համատեքստում ավելորդ չի լինի պետության կողմից «հաշտեցնող արդարադատության» մեխանիզմների կիրառման հիմքեր ստեղծելը:

Կարծում եմ՝ նման կարգավորումները կվերացնեին այն մտահոգությունները եւ հարցերը, որոնք այսքան բարձրաձայնվում են վերջին օրերին։Հաշվի առնելով հարցի կարգավորման վերաբերյալ լայն հանրային պահանջը՝ ես պատրաստ եմ տրամադրել օրենքում փոփոխությունների ամբողջական նախագիծ այն պատգամավորներին, որոնք կցանկանան հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Հ.Գ. Ըստ էության ես այս առաջարկը արել եմ նաեւ նախկինում (բոլոր այն անձանց համար, որոնք զարմանում էին, թե ինչու եմ ես հիմա այս հարցին անդրադառնում)։ Հարցը այս պահին սրվեց ու դարձավ արդիական։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031