Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ստացել է ԱԺ պատգամավորի մանդատը: Նոր մարզպետի տարբեր թեկնածուների անուններ են շրջանառվում, այդ թվում ՝ Հայկ Չոբանյանի: Վերջինս ծնունդով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղից է:
Նա «Իմ քայլը դաշինքից» Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածու էր, դեկտեմբերի 9-ի ընտրություններում ստացավ 5269 ձայն, սակայն խորհրդարանի պատգամավոր չընտրվեց:
Նա մեր զրույցում չժխտեց, որ ինքը մարզպետ կարող է նշանակվել, ասաց, որ դա կարող է տեղի ունենալ նոր կառավարության ձեւավորումից հետո: Նրան հարցրինք, թե ինչքան ժամանակ է պետք մարզի հիմնախնդիրներն իմանալու համար:
Նա ասաց, որ մարզի հիմնահարցերին ծանոթանալու համար ժամանակ չի ծախսելու, մարզի խնդիրներին ինքը որոշակի տեղյակ է, մնացած հարցերը կլուծվեն աշխատանքին զուգահեռ, այդ գործում ինքը պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ