Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգ հունվարի 15-ին Չինական նոր տարվա առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2018 թվականը տարբեր բնագավառներում հայ-չինական համագործակցության առումով արդյունավետ տարի էր: Նշեց, որ բարձր մակարդակի վրա է գտնվում քաղաքական երկխոսությունը:
«Երկու երկրներն ու ժողովուրդները միմյանց հանդեպ երկուստեք աճող հետաքրքրություն ունեն, նաեւ բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական վստահություն կա, այստեղից էլ հավատը հետագա ավելի խորը համագործակցության հանդեպ»,-ասաց Հայաստանում Չինաստանի դեսպանը: Նա կարեւորեց նաեւ առեւտրատնտեսական կապերի խորացումը: Ասաց, որ 2018 թ Չինաստանը հանդիսացել է երկրորդ առեւտրային գործընկերը Հայաստանի համար, եւ անցյալ 11 ամիսների ընթացքում առեւտրաշրջանառությունն աճել է 30 %-ով ու կազմել 700 մլն դոլար:
Թիեն Ըրլոնգը հավելեց, որ հումանիտար փոխանակման ոլորտում էլ է առկա համագործակցություն, որն իրականացվում է մասնավորապես Կոնֆուցիոսի ինստիտուտի միջոցով ու հայ երիտասարդների շրջանում չինարենի տարածմամբ:
Ի թիվս այլնի, նա անդրադարձավ Մետաքսի տնտեսական ճանապարհի իրականացման ծրագրի հեռանկարներին, հայ-չինական բարեկամությունը խորհրդանշող չինական նորաբաց դպրոցին, չինական կողմի տրամադրած շտապօգնության մեքենաներին:
«Անցյալ 9 ամիսներին Չինաստանից Հայաստան է եկել ավելի քանի 7000 զբոսաշրջիկ, հայկական կողմից եւս իրականացվում են ինտենսիվ այցեր դեպի Չինաստան՝ ի դեմս գործարարների, զբոսաշրջիկների, տարբեր ոլորտների մասնագետների: Դրա համար մենք գնացել ենք վիզաների պարզեցմանը»,-ընդգծեց դեսպանը:
Թիեն Ըրլոնգը կարեւորեց նաեւ լրատվամիջոցների դերակատարությունը. «ԶԼՄ-ներն ունեն շատ կարեւոր դեր երկու երկրների համագործակցության համատեքստում: ԶԼՄ-ների միջոցով մեր եւ ձեր ժողովուրդները ավելի շատ են ճանաչում միմյանց: Փոխադարձ ընկալման եւ ճանաչողության հիմքի վրա էլ ձեւավորվում է համակրանքը, իսկ փոխադարձ համակրանքը կա երկու ժողովուրդների միջեւ, եւ այն պատմական արմատներ ունի»:
Միջոցառման ժամանակ վերջերս ճանաչողական այցով Չինաստան այցելած «Արմենպրեսի» թղթակից Նորայր Շողիկյանը ներկայացրեց իր տպավորությունները, իսկ «Արմենպրեսի» տնօրեն Արամ Անանյանը հանդես եկավ երկու երկրների բարեկամության մասին ելույթով:
Ավելի վաղ ելույթով հանդես էր եկել Հայաստանում Չինաստանի դեսպանը: Նա խոսել էր իրենց երկրի տնտեսական հաջողությունից, չինական մի քանի բուհում ուսումնասիրվող հայագիտությունից, ԶԼՄ-ների հետ համագործակցությունից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ