Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Երեխաների շրջանում սուր-շնչառական վարակներով հիվանդացությունը նվազում է, իրավիճակը՝ կայունանում»

Հունվար 15,2019 21:12

Առողջապահության նախարարի պաշտոնատար Արսեն Թորոսյանը քիչ առաջ ներկայացրեց սուր-շնչառական վարակների մասին ցուցանիշները:

Ֆեյսբուքյան լայվի միջոցով, ինչպես Թորոսյանն ասաց՝ թարմ տվյալներ է ներկայացրել՝ նշելով՝ իրավիճակը կայունանում է եւ հիվանդացության անկում է նկատվում:

Այս պահին հանրապետության դպրոցներում եւ մանկապարտեզներում սուր-շնչառական վարակներով երեխաների բացակայությունը 2.4% է կազմում: Թորոսյանի խոսքերով՝ «Այսինքն՝ մոտ 400 հազարից 10 հազարից ավելի քիչ է բացակայությունը: Հետեւաբար, այն հայտարարությունները, թե՝ ամբողջ դպրոցներում բացակայում են, չեն համապատասխանում իրականությանը»:

Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց՝ նկատվում է շտապօգնության՝ սուր-շնչառական դեպքերով կանչերի նվազում.«3-րդ օրն է, որ ծանր դեպքերը նվազում են: Վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացման թվի իջեցում կա: Արդեն 2-րդ օրն է ունենք հիվանդանոցների բաժանմունքներում հոսպիտալացման թվի կայունացում, կտրուկ աճ կամ աճ ընդհանրապես չունենք, նույն թվի վրա է: Սա բնորոշ է ձմռան այս եղանակին: Եթե համեմատում ենք անցյալ տարվա ձմռան հետ, իհարկե, աճ կա, բայց անցյալ տարի մենք պրակտիկորեն ձմեռ չենք ունեցել: Հիմա հիվանդանոցներում ունենք ավելի շատ դուրս գրումներ, քան ընդունելություններ, սա էլ է խոսում իրավիճակի կայունացման մասին»:

Արսեն Թորոսյանը նաեւ տեղեկացրեց՝ սուր-շնչառական վարակներով պոլիկլինիկաներում դիմելիության մի փոքր աճ է նկատվում, եւ սա դրական գնահատեց Թորոսյանը, քանի որ մարդիկ ախտանիշերի դեպքում դիմում են առաջին օղակ, եւ դա է նպաստում հոսպիտալացման դեպքերի անկմանը:

«Առողջապահության նախարարությունն իր անձնակազմով ամենժամյա ռեժիմով հետեւում է իրավիճակին, այցելում է Երեւանի եւ մարզերի դպրոցներ՝ տեղում ծանոթանում իրավիճակին»-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Դպրոցներում օդի ջերմաստիճանի մակարդակի վերաբերյալ մշտադիտարկում է կատարվել: Այս առնչությամբ Թորոսյանն ասաց.«Դպրոցներում ջերմաստիճանն այդքան էլ լավ չի պահպանվում: Իհարկե, ունենք դրական դինամիկա: Օրինակ՝ 450 դպրոցում եւ 52 մանկապարտեզում ունեցել ենք ջերմաստիճանային ռեժիմի խախտում: Հիմա՝ մոտ 200 դպրոցում եւ 21 մանկապարտեզում: Այս ամենը տարածքային իշխանություններին ասվում է, բայց հիմա նաեւ հանրայնորեն էլ եմ ասում, որովհետեւ հիմնականում մրսելու դեպքում է, որ վարակվում են երեխաները»:

Գրիպի տեսակի՝ շտամին էլ անդրադարձավ Թորոսյանը: Նա վստահեցրեց՝ «Այս տարի ոչ միայն H1N1 (խոզի գրիպ) շտամ է շրջանառվում Հայաստանում, այլեւ H3N2 եւ B գրիպի շտամը: Այսինքն՝ որպես այդպիսին, մենք չունենք համաճարակ H1N1-ի կամ այլ շտամի: Հիվանդանոցներում գրանցված ծանր դեպքերով հիվանդները հիմնականում ծանր խրոնիկ հիվանդացությամբ հիվանդներն են, որոնց միանում է այդ վարակը»:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր՝ հանրապետությունում սուր շնչառական վարակներով հիվանդացությունն աճման միտում ունի: Ըստ ԱՆ-ի, հունվարի 14-ի դրությամբ՝ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են: Նախարարության աշխատակիցները նախադպրոցական հաստատություններում եւ դպրոցներում շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ իրականացրել են հսկողություն՝ «համաճարակաբանական ֆիլտր», եւ ըստ այդմ, հունվարի 14-ին 499 երեխայի մոտ դիտվել է սուր շնչառական վարակ, նրանք տուն են ուղարկվել:

Իսկ մահացության դեպքի մասին նախարարությունը հայտարարել էր՝ «Հիվանդանոցներից մեկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սիրտ-թոքային անբավարարությունից մահացած 62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաեւ գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Մահը վրա է հասել սրտային անբավարարության սրացման արդյունքում: Տղամարդը բժշկական օգնության դիմել է ուշացած»:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/753061938386407/

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031