«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցի կարծիքով՝ ցմահ դատապարտվածների հարցի լավագույն լուծումն այդ գործերը վերաբացելն է: «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Նինա Կարապետյանցն ասաց, որ Մհեր Ենոքյանի գործը շահարկվում է. «Հիմնականում նախորդ հանցավոր ռեժիմին շատ լավ շանս տվեցին նոր իշխանությունները: Հատկապես խոսում են այնպիսի մարդիկ, այնպիսի ատյաններից, որոնք նախկինում իրենց արդարամտությամբ չեն փայլել: Եթե իսկապես անհանգստացած էին խնդիրներով, ապա շատ լուրջ գործեր կային: Փոխարենը հիմա պաշտոնյա կնոջը վարկաբեկող տեղեկություններ են տարածվում, ինչն անընդունելի է»:
Նինա Կարապետյանցն ասաց՝ ունենք բավականին մեծ թվով դատապարտյալներ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակչության թվի հետ համապատասխանությամբ 93 ցմահ դատապարտյալը շատ մեծ թիվ է:
Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը կողմ է ոչ թե ներմանը կամ պայմանական ազատմանը, այլ ցմահ ազատազրկվածների գործերի վերաբացմանը, որ ի վերջո հանրությունն էլ տեսնի, թե արդյոք այդ անձի իրավունքները ոտնահարված են, թե՝ ոչ: Փաստաբանը մանրամասնեց. «Ցմահ դատապարտյալներից շատերն այսքան տարիների ընթացքում հանրօգուտ աշխատանք են կատարել. իրավաբաններ են դարձել, որից մեկն էլ Մհեր Ենոքյանն է, բայց նախկին իշխանությունների կողմից քայլ չի կատարվել: Խոշտանգումների արդյունքում կորզված ցուցմունքով, մեկ անձի տված ցուցմունքով այդ անձինք դատապարտվել են ցմահ ազատազրկման: Հիմա ժամանակն է, որ այդ գործերը վերաբացվեն, և հասարակությունը տեղեկանա այդ անձանց խախտված իրավունքների մասին: Շահարկում են Զարուհի Մեջլումյանի անձը, բայց նա ոչ միայն Մհեր Ենոքյանի, այլև կան մի շարք ցմահ ազատազրկվածների հիմնախնդիրներ, որոնցից մեկը Սողոմոն Քոչարյանն է»:
Ըստ Արա Ղարագյոզյանի՝ Մհեր Ենոքյանի գործն օգտագործվեց նոր իշխանությունների դեմ. «Ուզում են Զարուհի Մեջլումյանի պաշտոնը շահարկել. համոզված եմ, որ բոլոր իրավապաշտպանները պետք է պայքարեն, որ անձի՝ խախտված իրավունքներն ի վերջո հասարակությանը հայտնի դառնան»:
Իրավապաշտպան Արտակ Գալստյանը նշեց, որ շուրջ 42 ցմահ ազատազրկվածների գործեր են իրենց ձեռքի տակ: Այս առիթով ասաց. «Վերանայում անհրաժեշտ չէ. իրենց ցմահ դատապարտումը եղել է ապօրինի: Այս 42-ի մեջ նաև Մհեր Ենոքյանն է մտնում: 42 անձինք, որից ութը մահացել են, մինչև անգամ Նաիրի Հունանյանը, բոլորը դատապարտված են ցմահ ազատազրկման: Նախկին իշխանությունների օրոք նախատեսվել է առավելագույն պատիժ տասը տարի կամ մահապատիժ: Նույն օրենքը սահմանել է, եթե մահապատիժը ներում է, կարող է ազատազրկման ձևով պատիժ լինել, բայց ոչ ավել, քան 20 տարի»:
Փաստաբան Սուսաննա Սարգսյանն այս առիթով նշեց. «Մենք միշտ պայքարել ենք օրենքի առջև բոլորի հավասարության համար: Իսկ մեր դատական իշխանությունն ունեցել է մի խնդիր. վերցնել մեկին և դարձնել քավության նոխազ: Տպավորություն է, թե ունեն իքս թվով մահապարտներ կամ ցմահ դատապարտյալներ: Իմաստը ո՞րն է: Շատ ավելի զարգացած պետություններ ավելի քիչ թվով ցմահ դատապարտյալներ ունեն: ՀՀ-ն այդքան վտանգավոր պետությո՞ւն է, ինչների՞ս է պետք ունենալ այսքան ցմահ դատապարտյալներ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ