Այսօր, նախքան ավագանու նիստի բուն քննարկմանն անցնելը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրեց ավագանու նոր անդամներին, որոնք երեկ մանդատներ ստացան պատգամավոր գնացած ավագանու անդամների փոխարեն:
«Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Սամսոնյանին փոխարինել է Թեհմինա Վարդանյանը: Տիկին Վարդանյանը ավագանու նիստում ելույթի իրավունք խնդրեց: Նա ասաց, որ այսօր առաջին անգամ է մասնակցում ավագանու նիստին՝ չնայած, որ ամեն անգամ հետեւել է եւ տպավորություն է ստացել, որ ավագանու նիստերը նմանվել են քաղաքին՝ թափթփված ու անկարգ ու անկանոն:
Թեհմինա Վարդանյանը հորդորեց ասածի մեջ ենթատեքստ չփնտրել, ապա ընթերցեց ավագանու կանոնակարգը: Ասաց, որ 7-րդ կետով նշվում է, որ ավագանու նիստերը սկսվում են առավոտյան ժամը 11-ին, ավարտվում՝ 17:00-ն, 13-ից 14-ը՝ ընդմիջում: Ըստ նրա, 114-րդ կետով ասվում է, որ ավագանու նիստում հարցերը քննարկվում է հետեւյալ կերպ. «Հիմնական զեկուցողին ելույթի համար տրվում է մինչեւ 10 րոպե ժամանակ, իսկ հարակից զեկուցողին՝ մինչեւ 5 րոպե ժամանակ: 8-րդ կետով ասվում է, որ ելույթներից հետո ավագանու անդամները կարող են հարցեր ուղղել հարակից եւ հիմնական զեկուցողներին ու ստանալ պատասխաններ: Յուրաքանչյուր հարցի համար տրվում է երկու րոպե, իսկ պատասխանի համար՝ հինգ րոպե ժամանակ»:
Այլ կետեր նույնպես ընթերցելուց հետո Թեհմինա Վարդանյանը կոչ արեց պահպանել այդ կանոնակարգը եւ չխախտել:
Րոպեներ անց, երբ «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամներից մեկը նիստի օրակարգում ընդգրկված հարցի շուրջ, որն առնչվում էր 2019 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին նախագծին, «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը ոչ թե սույն հարցի առնչությամբ, ինչպես նախատեսում էր ավագանու կանոնակարգը, այլ՝ ձյան մաքրման թեմայով հարց հնչեցրեց: Սակայն տիկին Խաչատրյանը չհասցրեց միտքն ավարտին հասցնել, երբ հարցը «Իմ քայլը» ավագանու անդամն ընդհատեց ու հիշեցրեց՝ նրա գործընկերոջ՝ Թեհմինա Վարդանյանի քիչ առաջ կատարած կոչը՝ կանոնակարգը չխախտելու:
Անի Խաչատրյանն ասաց, որ ինքն ընդամենն ուզում էր Երեւանի քաղաքապետին շնորհակալություն հայտնել՝ ձնամաքրման աշխատանքները լավ կազմակերպելու համար:
«Բա չարժե՞ր այս լավ բանի համար խախտել կանոնակարգը»,-ավելացրեց Անի Խաչատրյանը: Ի պատասխան Հայկ Մարությանն ասաց՝ դե շուտ ասեիք, որ լավ բան եք ասելու:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ