Մետրոպոլիտենի շահառուների պաշտպան Տիգրան Հայրապետյանն այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Երեւանի մետրոպոլիտենի աշխատակից Արթուր Խուրշուդյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել տնօրեն Փայլակ Յայլոյանի եւ նրա որդու՝ Արտակ Յայլոյանի դեմ:
«Հանցագործության մասին հաղորդման փաստերն են՝ կաշառք ստանալը, պետական միջոցները մսխելը, պաշտոնական դիքը չարաշահելը, հարկեր թաքցնելը, ինքնիրավչությունը եւ էլի այլ հանցագործություններ: Հաղորդման մեջ նշված են այն փաստերը, որոնք տեղի են ունեցել Արթուր Խուրշուդյանի նկատմամբ: Բերեմ մի երկու փաստ. Երեւանի մետրոպոլիտենի տարածքի մի մասը վերակառուցվել է որպես լողավազան եւ բավականին թանկ գներով տրվում է վարձակալության: Կասկածներ կան, որ ստացվող գումարների չնչին մասն է գրանցվում: Մետրոպոլիտենի տարածքի մյուս մասը տրվել է կարաոկե ակումբի, մի մասում դաջվածքի կենտրոն է բացվել: Մեր ունեցած տեղեկություններով, լողավազանի ջրի, կարաոկեի հոսանքի ծախսերը փակում է Մետրոպոլիտենը: Այսինքն, պետական միջոցներն են մսխվում: Սակայն ամենակարեւորն այն է, որ պետական որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից կառավարվող հարյուր տոկոս պետական կառույց հանդիսացող «Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանը, գիտենալով, որ օրենքն իրեն թույլ չի տալիս որոշակի գործեր անել, անցել է զոռբայության: Նա անգամ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր կապերի մասին եւ նրա անունը շահարկելով փորձել է հասնել իր նպատակին»:
Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի պետական պաշտոնյա ասելով, փաստաբանը պատասխանեց. «Մետրոպոլիտենի մի փոքրիկ տարածք ժամանակին վարձակալական հիմունքներով օգտագործման համար հանձնվել է Հանրապետական կուսակցությանը: Սկզբում հինգ տարով, հետո պայմանագիրը շարունակվել է: Այսինքն, տրվել է անժամկետ օգտագործման: Հետո Մետրոպոլիտենի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել վարձավճարը 50 տոկոսով կրճատել եւ այդ տարածքն անցել է Արթուր Խուրշուդյանի տրամադրության տակ: Խուրշուդյանը երկու անգամ հիմնովին վերանորոգում է կատարել: Վերջինը արդեն հեղափոխությունից հետո, երբ վարձակալության պայմանագիրը գործում էր, Արթուր Խուրշուդյանը բավականին մեծ գումար՝ մոտ 30 հազար դոլար է ներդրել: Սակայն ՓԲԸ-ի տնօրենը սպասելով կապիտալ վերանորոգման ավարտին, հայտարարել է, թե տարածքն իրենն է եւ պետք է այն ազատել, հակառակ դեպքում կդիմի կտրուկ քայլերի: Նա նաեւ չի լսել Արթուր Խուրշուդյանին, թե ինքը մեծ ներդրումներ է արել եւ չի հասցրել օգտագործել: Տնօրենը դիմել է ոստիկանություն, որտեղից պատասխան է ստացվել, թե այս պահին իրենք չեն տեսնում այնտեղ ներխուժած անձ, որպեսզի վտարում իրականացնեն: Եվ անգամ ոստիկանության պատասխանը ստանալուց հետո զոռբայությամբ անցել է ինքնագործունեության՝ կոտրել է նոր տեղադրված երկաթյա դուռը, տեղադրել իր բերածը, ամբողջ գույքը տարվել է հայտնի չէ, թե ուր:
Փաստորեն մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ բարձրաստիճան պաշտոնյան արհամարհելով օրենքը, ոստիկանության պատասխանը, առանց դիմելու դատարան, ինքնիրավչություն է իրականացրել»:
Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել, պաշտպանը պատասխանեց. «Դիմել ենք դատախազություն, ԱԱԾ եւ ՀՔԾ: Բողոքի մի օրինակն էլ ուղարկել ենք վարչապետին, որպեսզի տեղյակ լինի իր անունը, իր հետ մտերմությունը, որի մեջ համոզված չենք, չարաշահելու մասին: Հիմա պետական մարմինների միջամտությունն ենք ակնկալում»:
Արթուր Խուրշուդյանը, որը երկար տարիներ աշխատել է «Գիծ» մասնաճյուղի գլխավոր ինժեներ եւ նրա տնօրինության ներքո է գտնվել գրասենյակը, իսկ հիմա չի աշխատում, ավելացրեց, որ տնօրենը մետրոպոլիտենի խնդիրներով զբաղվելու փոխարեն իր բիզնեսն է առաջ տանում: «Բոլոր գրասենյակները, օբյեկտները, կողքի տարածքները եթե տնօրենինը չեն, ապա նրա տղայի սեփականությունն են», – ասում է նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ