Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ հանձնաժողովների հարցը լուծվեց կոնսենսուսով

Հունվար 15,2019 16:42

6-րդ գումարման ԱԺ-ն ուներ 9 մշտական հանձնաժողով: «Իմ քայլը» դաշինքը հանդես է եկել նոր նախագծով, որով առաջարկվում է, որ 7-րդ գումարման ԱԺ-ում լինի 11 հանձնաժողով: Այդ մասին նաեւ լրագրողների հետ զրույցում ասել էր Արարատ Միրզոյանը: Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը, որը միացվել էր պետաիրավական հարցերի հանձնաժողովին, ըստ նախագծի, նորից առանձնացվելու է: Մյուս հանձնաժողովը, որը նոր է ստեղծվելու, տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովն է, որը կապված է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հետ:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց, թե որ հանձնաժողովում քանի անդամ է լինելու՝ հաշվի առնելով նախկին գումարումների փորձը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանը հարցրեց՝ տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովը զբաղվելո՞ւ է ԵԱՏՄ եւ մեր օրենսդրությունների ներդաշնակեցմամբ, տնտեսական ոլորտին վերաբերող օրենսդրություններին է դա բնականաբար վերաբերվում, ի՞նչ նպատակ ունի հանձնաժողով ստեղծել, Տնտեսական հանձնաժողովի ծանրաբեռնվածությունը թուլացնելու համա՞ր, եթե այո, ինչպե՞ս է լինելու սահմանազատումը՝ ո՞ր նախագիծն է քննարկվելու Տնտեսական հարցերի հանձնաժողովում, որը՝ մյուս հանձնաժողովում:

Վարդանյանը պատասխանեց, որ նոր հանձնաժողովի ստեղծումը պայմանավորված է ոչ այնքան տնտեսական հարցերի հանձնաժողովի աշխատանքները թեթեւացնելու խնդրով, այլ նրանով, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է եւ տարածաշրջանում փորձում է ինտեգրացիոն գործընթացներ ծավալել նաեւ հարեւան պետությունների հետ: ԵԱՏՄ շրջանակներում ընդունվելիք օրենսդրությունը, որը անհրաժեշտ է տեղայնացնել՝ գնալով աճելու է: Այն նախագծերը, որոնք ԵԱՏՄ շրջանակներին են վերաբերում, պետք է քննարկվեն այդ հանձնաժողովում, իսկ այն հարցերը, որոնք վերաբերում են ընդհանրապես տնտեսական գործունեությանը՝ Տնտեսական հանձնաժողովում: Առաջարկեց, որ բնական ռեսուրսների ոլորտը տեղափոխեն բնապահպանության հարցերի հանձնաժողովի տիրույթ, ոչ թե տնտեսական: Վարդանյանը պատասխանեց, որ բնական պաշարների կառավարման հետ կապված հարցերը պետք է լուծի հենց տնտեսական հարցերի հանձնաժողովը, թեեւ ասաց, որ պատրաստ են քննարկել:

«Իմ քայլը» խմբակցության առաջարկով 20 րոպե ընդմիջում հայտարարեցին՝ որոշ հարցեր շտկելու: Ընդմիջումից հետո խմբակցությունը որոշ փոփոխություններ էր արել նախագծում՝ տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անվանումը առաջարկեցին փոխել՝ դարձնելով տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողով: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի անվանումն էլ փոխվեց՝ բնապահպանության փոխարեն դառնալով շրջակա միջավայրի եւ կայուն զարգացման: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն էլ զբաղվելու է նաեւ ներդրումների հետ կապված հարցերով:

Նախագիծն այս տեսքով դրվեց քվեարկության եւ ընդունվեց 96 կողմ ձայներով:

Հետաքրքիր էր, որ այս նախագծի քվեարկությունը կայացավ 3 փորձից հետո միայն, պատգամավորները կարծես դեռ չեն սովորել կոճակներին ու շփոթվում էին, կամ էլ կոճակները չէին աշխատում: Արարատ Միրզոյանը հարկ համարեց բացատրել, թե սկզբից որ կոճակն են սեղմում, որ համակարգը ճանաչի պատգամավորին, հետո՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ կոճակը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031