Այս տարի Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ ու Երևանի քաղաքապետարան, համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ նախատեսվում է հիմնել նոր անտառ-պուրակ: Այն զբաղեցնելու է ավելի քան 20 հա տարածք: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական ակումբում ասաց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:
«Նախաձեռնող խմբի հետ արդեն աշխատում ենք: Այն «Հայանտառ»-ի տարածքին հարող հատված է, որտեղ ոռոգման ջրի հասանելիություն կա: Կլինի ոռոգման կաթիլային նոր ցանց, կտնկվեն բարձրարժեք և բազմամյա ծառեր: Հետագայում, երբ Նուբարաշենի աղբավայրը կծածկվի, այդ անտառային տարածքը կշարունակվի նաև այդ հատվածում»,-ասաց Խաչիկ Հակոբյանը:
Ըստ նրա՝ կանաչ տարածքների վերականգնման ծրագրի շրջանակում նախատեսել են ծաղկող ծառեր ու թփեր տնկել. «Ուզում ենք քաղաքի դիմագիծը, ի դեմս ծառերի, փոխել ու նրանք լինեն ծաղկող, տնկիները լինելու են ուղղաձիգ ու հաստ բներով: Ծառերը տնկվելու են այն մասերում, որտեղ հասանելի է ոռոգման ջուրը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ