Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Ֆիզկուլտինստիտուտի խորհրդում 4-ը վարչապետի խորհրդական, օգնականներն են»

Հունվար 15,2019 15:55

«Քաղաքական պաշտոն զբաղեցնողները հետզհետե բացառվելու են բուհերի կառավարման խորհուրդներում, պետական պաշտոնյաների թիվը պետք է սահմանափակվի»,- «Հոդված 3» ակումբում «Հայաստանյան բուհեր. ի՞նչ չափանիշներով են ընտրվել հոգաբարձուների խորհուրդների անդամները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:

Նա ասաց, որ մոտավորապես մեկ ամսից պատրաստ կլինի օրենքի համապատասխան նախագիծը, որը կսկսեն քննարկել: Ինչ վերաբերում է այն հարցին՝ կա՞ բուհի ղեկավարի, կառավարման խորհրդի անդամի կուսակցական պատկանելությունը արգելող կետ, Ռոբերտ Սուքիասյանը պատասխանում է, որ դա յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է: «Գործող օրենքներով չկա այդ սահմանափակումը, բացի այդ, բուհն ունի իր ռազմավարությունը: Եվ եթե չափանիշները հստակ սահմանվում են, դա արդեն երկրորդական է դառնում… »,-ասում է ԿԳՆ վարչության պետը:

«Մի՞թե մեզ խանգարում է նոր ձեւավորվելիք 10 հոգանոց խորհրդի կազմում չունենալ ԿԳ նախարարության 8 հոգանոց ներկայություն»,-զարմանում է «Էրազմուս+» Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Միշա Թադեւոսյանը: Նա կառավարման խորհուրդների ընտրության չափանիշների կամ իր բառերով` չափանիշների բացակայության մասին խոսելիս նշեց. «7-8 անդամներ ներկայացված լիազոր մարմնի կողմից` կրկնվում են տարբեր բուհերում, եւ այստեղ հարց է առաջանում կառավարման արդյունավետության տեսանկյունից` արդյոք մեկ անձը լինելով 3-4 բուհի կառավարման խորհրդի անդամ, կարող է միաժամանակյա մաս կազմել եւ բովանդակային մասնակցություն ունենալ»:

Ըստ Միշա Թադեւոսյանի, կառավարման խորհրդի անդամների ընտրության հստակ չափանիշներ չկան: Նա մի քանի կետեր է առանձնացնում. «Մենք կարող ենք տեսնել բուհեր, որոնց խորհրդի կազմում ընդգրկված են, ասենք, ԿԳ նախարարության վարչության գլխավոր մասնագետներ, եւ ինձ մոտ հարց է առաջանում, ինչպե՞ս կարող է վարչության գլխավոր մասնագետը լինել բուհի կառավարման խորհրդի անդամ: Կամ՝ նախկինում մեր քննադատության հիմնական առանցքը բուհի քաղաքականացվածությունն էր, օրինակ, ֆիզկուլտինստիտուտի խորհրդի հաստատված ցանկում ներկայացված անդամներից 4-ը վարչապետի խորհրդական, օգնականներն են, այստեղ եւս հարց է առաջանում, արդյոք այս համատեքստում բուհը քաղաքականացված չէ:

Կամ բուհերից ընդամենը մեկում` Հայկական պետական մանկավարժական համալսարանում ունենք կրթության փորձագետ: Այդ ինչպե՞ս է որոշվել, որ մեկ բուհում կարող է լինել կրթության փորձագետ, մնացածում` ոչ, որոնք են ընտրության չափանիշները»:

«Հեղափոխությունն իր հետ բերել է նաև քաղաքական փոփոխություններ և այս պահին ունենք հոգաբարձուների նոր խորհուրդներ»,-ասում է OSF բարձրագույն կրթության ծրագրերի պատասխանատու, Կրթական քաղաքացիական նախաձեռնության (ԿՔՆ) անդամ Անի Կոջոյանը: Նրա խոսքերով, «Գործող օրենքով ուսանողների 25 տոկոս ներկայացվածություն ունենք, մինչդեռ նախորդ օրենքով ընդամենը 10 տոկոսանոց մասնակցայնություն էր, ինչը, իհարկե, խնդրահարույց էր»:

«Էրազմուս+» Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինա Ծատուրյանի խոսքերով էլ, բուհերի կառավարման խորհրդում ներկայացված չեն տնտեսագետներ, ֆինանսիստներ, մինչդեռ կան որոշումներ, որոնցում նրանց մասնագիտական կարողություններն են հարկավոր:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` «Հոդված 3»-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031