Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը դիմել է Արդարադատության նախարարություն՝ տեսնի՝ կարո՞ղ է հրապարակել պարգեւավճար ստացած անձանց ցուցակը

Հունվար 15,2019 15:35

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը (լուսանկարում) հայտարարել է, որ դատի է տալու Երեւանի քաղաքապետարանին, եթե չհրապարակի այն անձանց ցուցակը, որոնք տարեվերջին պարգեւավճարներ են ստացել:

Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստից հետո, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ չեն հրապարակում այդ մարդկանց անունները, պաշտոնները՝ հատկապես, որ դրանք այնքան էլ անձնական տվյալներ չեն պարունակում՝ ինչպես որ պատճառաբանում է Երեւանի քաղաքապետարանը: Այն դիտարկմանը, թե ի վերջո այդ գումարները բյուջեից են վճարվել աշխատակիցներին եւ այդպիսի ցուցակ հրապարակվել է նախկին իշխանությունների կողմից, քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց, որ այդ ցուցակը հրապարակելը կլինի օրենքի խախտում եւ, եթե նախկինում հրապարակվել է, դեռ չի նշանակում, որ օրենքի խախտմամբ չի արվել. «Մենք դիմել ենք Արդարադատության նախարարություն՝ նրանց կարծիքը լսելու եւ նոր միայն խնդիր չունենք հրապարակելու: Բայց մենք չենք ուզում խախտել օրենքը եւ չենք ուզում մեզ դատի տան այդ մարդիկ»:

Հայկ Մարությանն ասաց, որ թաքցնելու բան չունեն, որ թափանցիկ են աշխատում, բայց չեն կարող հրապարակել տվյալներ, որոնք անձնական են: Քաղաքապետը չէր հիշում՝ ամենաշատը որքան գումար պարգեւավճար են ստացել:

Դավիթ Խաժակյանի խոսքով, քաղաքապետի կարգադրության չհրապարակումը վնասում է թափանցիկությանը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին քաղաքապետի կարգադրությամբ քաղաքապետարանի շուրջ 2.000 աշխատակիցներ պարգեւավճար եւ խրախուսանք են ստացել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031