Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ, Հայաստանում թափանցիկ ՀՆԱ-ն ու ստվերային ՀՆԱ-ն մշտապես եղել են բալանսավորված:
«Տարիների ընթացքում նոր խաղացողներ են մտել խաղի մեջ, եթե նույնիսկ ՀՆԱ-ի փոքր աճ էլ եղել է, ստվերը միշտ բալանսավորել է: Այդ է պատճառը, որ տասը տարվա կտրվածքով էական փոփոխություններ չկան, պտտվում ենք, համարյա նույն թվերի մեջ ենք մնում: Դա հաստատում է նաեւ ներդրումների օրենքի բացթողումները. օտարերկրյա ներդրումները մրցակցություն կառաջացնեին ստվերով աշխատող օլիգարխների նկատմամբ, որովհետեւ նրանք, որպես ստվերային տնտեսության կարեւորագույն մաս, ազդում էին ընդունվող օրենքների վրա, որ դրանք լինեն այնպիսին, որ որոշակիորեն սպասարկեն ստվերը, այսինքն, իրենք թվացող խաղեր են տարել, մենք բարեփոխումներ ենք արել, փողեր ենք բերել, բայց թողել ենք խոցելի տեղերը՝ իմանալով, որ խելացի ներդրողն այդ պայմաններով չի գա Հայաստան: Մրցակցային դաշտն այդ առումով պահել ենք ազատ»,- այսօր «Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները եւ ներդրումային գրավչությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Գագիկ Մակարյանը:
Հայաստանը ԵՄ-ի հետ ունի ներդրումների պաշտպանության մասին տասնյակ համաձայնագրեր, բայց Գագիկ Մակարյանի խոսքով, երբ ԵՄ-ը տարբեր երկրների թույլ է տալիս մտնել իր ընտանիքի մեջ, հաշվի է առնում՝ նրանց արտադրանքի ծավալներն ինչպես պետք է քվոտավորվեն, ԵՄ-ը ներքին մրցակցությունը կառավարում է. «Զարմանալի չէ, որ ՀՀ-ում էլ դաշտը թողել է ազատ, որ կարողանա կառավարել: ԵՄ կողմից տեսնում եմ դիտավորություն, հայկական կողմը դա կամ հասկացել է, կամ չի հասկացել, բայց համաձայնել է»:
Գործատուների միության նախագահի համոզմամբ, տնտեսական հեղափոխության կարեւոր ցուցանիշը պետք է չլինի միայն արդյունաբերության կամ այլ ճյուղերի զարգացման մասին մտածելը. «Այլ հենց ստվերի հանումը, որը խիստ բալանսավորում էր թափանցիկ ՀՆԱ-ն, արդեն հեղափոխության համար էական պլատֆորմ է ստեղծում: Եթե ներկայիս կառավարությունն ու ԱԺ-ն հետամուտ լինեն իրենց խոստումներին, թափանցիկ լինեն, փոփոխությունները կզգանք, որովհետեւ ինչպես երեկ ակնարկեց ՀՀ նախագահը, եկել է արդեն խոստումների ու մնացած իրատեսական աշխատանքները կատարելու ժամանակը»:
Տնտեսության զարգացման համար Գագիկ Մակարյանը խորհուրդ տվեց փոփոխել նաեւ ազատ տնտեսական գոտիների մասին օրենքը, որը, նրա համոզմամբ, չնայած անցած տարեվերջին կատարած փոփոխությունների, էլի խոցելի տեղեր ունի, եւ օրենքը կատարյալ չէ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ