Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադառնալով Արամի 23 հասցեում պատմամշակութային արժեք հանդիսացող շենքի փլուզմանն, ասաց, որ Երեւանի քաղաքապետարանը սահմանափակված լիազորություններ ունի այդ շենքի հետ կապված: Ըստ քաղաքապետի, քաղաքապետարանը գործընթացը վերահսկողության տակ է պահել եւ պարբերաբար հանդիպել է կողմերին, որպեսզի նրանցից կախված աշխատանքներն արագացվեն:
«Մենք մեր լիազորությունների սահմաններում արել ենք ամեն ինչ: Հանդիպել ենք կառուցապատող ընկերության ճարտարապետի հետ: Նրա հետ քննարկել ենք՝ ինչպես կատարել ամրացման աշխատանքները: Կողմերին հանդիպացրել ենք իրար: Մի տարբերակ մերժվել է Մշակույթի նախարարության կողմից, այնտեղ ինչ-որ խնդիրներ կային: Մի տարբերակ ներկայացվել է շենքի սեփականատիրոջ կողմից, բայց այդ տարբերակը մենք իրավունք չունեինք հաստատելու: Մենք կարող ենք ասել՝ դուք սեփականատերն եք, սա էլ կառուցապատողն է եւ դուք ձեր հարաբերություններն իրար հետ պետք է պարզեք: Օրենքն ասում է՝ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանումը սեփականատիրոջ եւ տնօրինող անձանց պարտավորությունն է, որպես կողմ նաեւ մշակույթի նախարարությունն է հանդես գալիս, մենք այստեղ օրենքով անելիք չունենք: Եթե անգամ ուզենք, մեզ կարող է դատի տալ այդ շենքի հետ կապ ունեցող ցանկացած մեկը»:
Հայկ Մարությանի խոսքի մանրամասները՝ ինչ քայլեր է ձեռնարկել քաղաքապետարանը Արամի 23 շենքը պահպանելու համար՝ տեսանյութում:
Հայկ Մարությանն ասաց, որ Արամի 23 շենքի սեփականատերը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիան է:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հայկ Մարությանը լրագրողների հարցերին պատասխանեց այսօր քաղաքապետարանում հրավիրված ավագանու նիստից հետո:
Հարցին` եթե Երեւանի քաղաքապետարանն այդպիսի լիազորություններ չուներ, ինչո՞ւ քաղաքային իշխանությունները, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարեցին, որ այսուհետ ոչ մի հուշարձան չի քանդվելու, Հայկ Մարությանը պատասխանեց. «Մենք մեր կողմից այդպիսի շինթույլտվություն չենք տալու, որը կարող է նպաստել մշակութային ժառանգություն հանդիսացող ինչ-որ մի շենքի քանդմանը: Եթե մենք լինեինք այն ժամանակ, դեմ կլինեինք, չէինք տա այդպիսի շինթույլտվություն: Մենք այն նախագծին հավանություն կտայինք, որ այդ շենքը չէր քանդվի»:
Ի՞նչ ելք է տեսնում քաղաքապետարանն այդ իրավիճակում, երբ շենքի մի մասն արդեն փլուզված է, Հայկ Մարությանն ասաց, որ իրենք ակտիվ մասնակցում են այդ խնդրի լուծմանը. «Երեկ կառավարությունում հանդիպում է եղել բոլոր կողմերի հետ, որտեղ ներկա են եղել ե՜ւ սեփականատերը ե՜ւ կառուցապատողը: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այս գործընթացն արագացվի: Պարոն Հեքեքյանի հետ շատ սերտ հանդիպում ենք»:
Հայկ Մարությանն ասաց, որ ինչը որ կախված է քաղաքապետերանից, պատրաստ են մեկ-երկու օրում այդ թույլտվությունները տալ:
Այսօր տեղի ունեցած ավագանու նիստում ներառված չէր Արամի 23 շենքի փլուզման հարցը, սակայն «Իմ քայլը» դաշինքից ընտրված ավագանու անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը նիստի ընթացքում ասաց, որ պետք է անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի պահպանենք մեր պատմամշակութային ժառանգությունը. «Այդ շենքը 120 տարի կանգնած էր անվնաս եւ խնդիրներ առաջացան, երբ քաղաքային նախկին իշխանությունները ոչ ճիշտ թույլտվություն տվեցին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ