«Կաշխատենք՝ կտեսնենք ինչպիսի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն և ընդհանրապես ինչպիսին կլինի այս խորհրդարանը։ Որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս կանխակալ գնահատականներ հնչեցնել, հատկապես ԲՀԿ հասցեին։ Մենք քանիցս ասել ենք՝ կողմ ենք կոռեկտ փոխհարաբերությունների բոլորի հետ, ով խախտեց կոռեկտության սահմանը, բնականաբար, պատասխանը մի քանի անգամ ավելին ստանալու է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`պատասխանելով հարցին, թե ինչպիսի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ԲՀԿ-ին ուղղված այն դիտարկմանը, որ դեռ հարց է, թե ով ինչպես է ձայներ հավաքել ընտրություններում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց` եթե «Լուսավոր Հայաստանը» որեւէ վերապահում ուներ ընտրությունների արդյունքների հետ կապված, ՀՀ օրենսդրությունը թույլ տալիս է, որ այդ ընտրությունների արդյունքները բողոքարկվեին ու վիճարկվեին. «Որքան տեղյակ եմ, նման արձանագրություն չկա: «Լուսավոր Հայաստանը», ինչպես նաեւ ԲՀԿ-ն ու «Իմ քայլը» ընդունել են ընտրությունների արդյունքները»: Ինքն ընդհանրապես կողմ է «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքին։
Հարցին`ինչո՞ւ ընդդիմադիր ԲՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանին կողմ քվեարկեց, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ դա «ավանս էր» ԱԺ նախագահին, ով ընդամենը ԱԺ աշխատանքները համակարգողն է լինելու. «Մենք փորձելու ենք նաեւ նոր քաղաքական մշակույթը բերել խորհրդարանական հարաբերություններ: Ռինգի, բոքսի, ով է ավելի շատ ընդդիմադիր, ավելի շատ բարձր կբղավի, այդ ժամանակներն անցել են, այդ էջը մենք ուզում ենք համարել փակված: Ուզում ենք անցնել նոր աշխատանքի փուլ»: Նա հավաստիացրեց, «Իմ քայլի» առջեւ պարտավորված չեն զգում`ԱԺ փոխխոսնակի` իրենց թեկնածուին քվեարկելու համար։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ